Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնիների ոտնահետքերով

Մայիս 03,2013 13:55

 Միքայել Արամյանցի ծոռը Արցախում էր

Այս օրերին Արցախում եւ Հայաստանում նշվում է հայ մեծ գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի (լուսանկարում) ծննդյան 170-ամյակը։ Այդ առիթով Լոնդոնից Երեւան, ապա Արցախ է ժամանել Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոեւֆը, ով ապրում եւ աշխատում է Լոնդոնում։

Հոբելյանի առթիվ հանդիսությունները սկսեցին Արցախից, ուր Միքայել Արամյանցի ծննդավայր Քյաթուկ գյուղում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոեւֆը, քայլեց իր նախնիների ոտնահետքերով, եղավ այն տանը, ուր ծնվել է իր մեծահամբավ պապը։ Այնուհետեւ հոգեհանգստի կարգ կատարվեց Ասկերանի եկեղեցում։

«Այս ամենն իմ կյանքի ամենահիշարժան եւ ամենաերջանիկ պահերն են,- ասաց Ալեքսանդր Ջանոեւֆը,- ես երբեւէ չէի պատկերացնի, որ կգամ, կհասնեմ իմ մեծ պապի արմատներին»։

Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունը մեկնարկեց նրան նվիրված լուսանկարների ցուցահանդեսով, որը բացեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբաբյանը։ Այնուհետեւ ներկաներին ներկայացվեց Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց. կյանքի եւ գործունեության դրվագներ» գիրքը։

Հանդիսության մասնակիցները դիտեցին նաեւ «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը, որը պատրաստվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության աջակցությամբ։

«Նման հոբելյանական հանդիսություններ կազմակերպվել են ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Երեւանում եւ Թբիլիսիում,- մեր զրույցի ժամանակ ասաց կազմակերպիչներից մեկը՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։- Այդ վայրերը պատահական չեն ընտրվել։ Միքայել Արամյանցը ծնվել է Արցախում, իր կյանքն անցկացրել Թիֆլիսում, միշտ երազել ազատ ու անկախ Հայաստանի մասին։ Հանդիսությունները կշարունակվեն մայիսի 3-ին Երեւանում եւ կավարտվեն նրա ծննդյան օրը՝ մայիսի 4-ին՝ Թբիլիսիում»։

Արցախում գտնվելու օրերին Միքայել Արամյանցի ծոռանը՝ Ալեքսանդր Ջանոեւֆին եւ նրա տիկնոջը ընդունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրանք բարձր են գնահատել Միքայել Արամյանցի ազգանպաստ գործունեությունը եւ կարեւոր համարել նրա թողած ավանդույթների օգտագործումը այսօր՝ մեր ազգի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համատեքստում։

Վ. ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031