«Քարոզարշավի ամփոփումը գնահատում ենք շատ արդյունավետ, քանի որ այն ուղերձները, որ մենք ուզում էինք հասցնել երևանցուն, մեզ հաջողվել է: Մենք մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր և եթե մայիսի հինգի ընտրությունները լինեն ազատ և արդար, ապա ԲՀԿ-ն կունենա մեծամասնություն»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև շատ հավանական համարեց, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կձևավորվի հետընտրական դաշինք:
Անդրադառնալով նախօրեին ԲՀԿ հանրահավաքից հետո տարածված լուրերին, թե ԲՀԿ-ն իր համակիրներին է բերել, գումար տվել և այլն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար այս խոսակցությունները կանխատեսելի էին, ԲՀԿ-ն ողջ քարոզարշավի ընթացքում հետևել ու սպասել է այդ հակաքարոզչական երևույթներին. «Մեզ համար կանխատեսելի էին բոլոր հակաքարոզչական սցենարները, բայց որևէ արտառոց բան չի եղել: Բնական է, մեր ակտիվիստները հագել են ԲՀԿ շապիկները, ի՞նչն է զարմանալի»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է բացատրում պատգամավորը ՀԱԿ-ԲՀԿ առկա համակրանքը: Զոհրաբյանը նախ նշեց, որ այդ հարցը ճիշտ է ուղղել ՀԱԿ ներկայացուցիչներին ու հավելեց. «Մենք շատ ճիշտ համագործակցում ենք և իշխանության բոլոր փորձերը սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մեջ՝ չի ստացվի»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում անցած տարիներին ինչ հնարավոր է եղել, արել է, որպեսզի լինի երևանցու կողքին:
«Ժառանգություն» կուսակցությանը վերաբերվող հարցին էլ ասաց, որ իր համար դեռևս հասկանալի չէ այդ կուսակցության օրակարգը, սակայն հույս ունի, որ ընտրություններից հետո համագործակցության եզրեր կգտնվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ