Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՆԱԼԻ

Մայիս 03,2013 13:14

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսունհինգերորդ

ԱՆԻՄԱՆԱԼԻ

Հիմա որ սկսում եմ Ֆելոների ուղղությամբ ավելի ու ավելի խորը մտորել, սկսում եմ հասկանալ նաեւ, որ էդ թվերին համարյա բոլոր Ֆելոներն էլ մականուններ ունեին, որովհետեւ էդ թվերին Ֆելոներն ավելի շատ էին, քան՝ Արմաններն ու նույնիսկ  Արմենները, եւ էդքան Ֆելոներին իրարից տարբերելու ու զանազանելու համար մականուններ էին հարկավոր, եւ դրանցից երկուսը Խաթլամաջյան Սեյրանի նախաձեռնությամբ եւ մյուսներիս ակտիվ մասնակցությամբ դրվեցին համապատասխան Ֆելոների վրա, եւ քանի որ ֆիզիկոս ու Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Չաղ Ֆելոն դեռեւս ուսանողական տարիներից էր չաղ եղել, իր Չաղ մականունն էն գլխից կար, եւ մենք Խաթլամաջյան Սեյրանի նախաձեռնությամբ ու մյուսներիս ակտիվ մասնակցությամբ մյուս երկուսի Խելոք եւ Անիմանալի մականունները բստրեցինք, ու մեր բստրած էդ մականունները համապատասխան Ֆելիքսներին էնքան քիփ կպան՝ ինչքան որ ժամանակին  Երկաթյա մականունն էր Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկուն քիփ կպել, եւ Ֆելիքս անունով էսքան  մտերիմներ ու ծանոթներ ունենալով՝ առաջին անգամ եմ մտածում, որ էդ բոլոր Ֆելիքսներին իրենց ծնողներն անձամբ Ֆելիքս Էդմոնդովիչի պատվին են Ֆելիքս անվանակոչել, բայց, ի տարբերություն ծնողներից օտարահունչ անուն ժառանգած ուրիշների, Ֆելիքսներից որեւէ մեկը հետագայում չի անվանափոխվել, եւ եթե Սերգեյներից շատերը մեզանում Սարգիս են դարձել, եւ Մելսերից շատերը՝ Մեսրոպ, Ֆելիքսներից որեւէ մեկը երբեւէ չանվանափոխվեց՝ հավանաբար էն պատճառով, որ Ֆելիքսներից որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ իրեն Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու  պատվին են Ֆելիքս անվանակոչել, եւ չնայած պատերազմից հետո ծնվածների մեջ Ֆելիքսներն արդեն քչություն էին անում, պատերազմից առաջ ծնվածների մեջ էնքան շատ էին, որ Ֆելիքսն ու մանավանդ  Ֆելիքսից առաջացած Ֆելոն արդեն զուտ հայկական  անձնանուններ էին ընկալվում, ինչպես որ՝ Սերգեյից առաջացած Սերոժն ու Վլադիմիրից առաջացած Վալոդն են զուտ հայկական  ընկալվում, եւ ինչպես վաղուց ի վեր Համլետն ու Օֆելյան են զուտ հայկական ընկալվում, ինչպես նաեւ՝ Մարքսից, Էնգելսից, Լենինից ու Ստալինից առաջացած  Մելսը, եւ Մարքսից, Էնգելսից, Լենինից ու Ստալինից  առաջացած Մելսը՝ առաջին հերթին,  որովհետեւ էսքան տարիների ընթացքում էդ Մելս անունը բացառապես Հայաստանում ու հայկական միջավայրում եմ հանդիպել, եւ Ֆելիքսներ էլ եմ հիմնականում Հայաստանում ու հայկական միջավայրում հանդիպել, եւ բնօրինակի՝ Երկաթյա Ֆելիքսի մահից ու Ստալինի միահեծան իշխանությունից հետո հայ ծնողը դադարեց իր արական սեռի նորածնին Ֆելիքս անվանակոչել, եւ չնայած հետպատերազմյան սերունդների մեջ Ֆելիքսներն ակնհայտորեն քչություն են անում, այդուհանդերձ, հետայսու Ֆելիքս կամ Մելս անունները հայոց անձնանունների բառարանում չընդգրկելու որեւէ հիմնավոր պատճառ ու արդարացում չունենք՝ թեկուզեւ միայն ու ընդամենը էն պատճառով, որ Ֆելիքսն ու մանավանդ Մելսը հիմնականում հայերս ենք ունեցել, եւ մեզանում Ֆելիքսների շատությունն էր հիմնական պատճառը, որ Ֆելիքսներին իրարից տարբերելու համար հավելյալ մականուններ էին բստրվում, եւ քանի որ Չաղի մականունն էն գլխից կար, մեր մյուս երկու Ֆելիքսների Խելոք ու Անիմանալի մականունները Շարժման օրերին բստրվեցին սովետահայ առաջին աբստրակցիոնիստ Խաթլամաջյան Սեյրանի անմիջական նախաձեռնությամբ ու մեր անմիջական մասնակցությամբ, եւ չնայած էդ մականունների հորինման արարողությանն Օրթախ Աբոն, նկարիչ Հրաչն ու ձեր խոնարհ ծառան էլ էին ներկա, մականունների անվանադրության հիմնական էներգետիկան Խաթլամաջյան Սեյրանինն էր, որովհետեւ էդ պահի դրությամբ Սեյրանը երեք Ֆելիքսներից Չաղին նախընտրած ուներ եւ չափազանց էր նյարդայնանում, երբ Չաղին մյուս Ֆելիքսների հետ էին շփոթում, եւ որպեսզի Չաղին մյուս երկու Ֆելոների հետ չշփոթեին, հարկ էր, որ մյուս երկուսն էլ բնորոշ ու սազական մականուններ ունենային, եւ դա ամենից ավելի Խաթլամաջյան Սեյրանին էր հարկավոր, որովհետեւ Չաղը Սեյրանի կողմից չափազանց էր հարգված ու ընդունված՝ ոչ միայն էն պատճառով, որ հայոց առաջին Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Չաղ Ֆելոն իր մտերմագույն  ընկերն էր, այլեւ էն պատճառով, որ Չաղ Ֆելոն, ամեն ինչից բացի, նաեւ չափազանց հավատավոր դաշնակցական էր, եւ Խաթլամաջյան Սեյրանի հետ նույն օրն էին զենքի վրա երդում տվել, եւ մաթեմատիկոս երկրորդ Ֆելոյի Խելոք մականունը Սեյրանի առաջարկությամբ ու մեր համաձայնությամբ թեթեւորեն ու հաջողությամբ դրվեց, մինչդեռ երրորդ՝ ճարտարապետ Սահակյան Ֆելիքսի մականունը ոչ մի կերպ չէր դրվում, եւ քանի որ չգիտեինք՝ երրորդին ինչ մականուն դնենք, էդ չիմանալուց ու էդ անորոշությունից էլ ծնվեց ու առաջացավ երրորդի մականունը՝ Անիմանալի, եւ դա նմանապես Խաթլամաջյան Սեյրանի գյուտն էր, եւ շատ շուտով երկու մականուններն էլ չափազանց քիփ կպան երկրորդ ու երրորդ Ֆելիքսներին, եւ հիմա, երբ երեքն էլ լույս են դարձել, երեքին էլ մականուններով ենք հիշում, եւ Սեյրանն էլ է համակ լույս դարձել, եւ չնայած երկրորդ ու երրորդ Ֆելիքսների մականունների արարչագործության իմաստով ամենից ավելի Խաթլամաջյան Սեյրանն էր ջանք թափել, առաջինի Չաղ Մականունն ինքն ընդհանրապես չէր օգտագործում, եւ, ընդհակառակը, առաջինի իրական ու իսկական Ֆելիքս անունն էր միայն արտասանում ու օգտագործում, ընդ որում՝ բացառիկ սիրով ու գորովանքով էր Չաղի Ֆելիքս անունն արտաբերում ու արտասանում, եւ, ըստ ամենայնի, դիսիդենտ ու ազգայնական աբստրակցիոնիստ Խաթլամաջյան Սեյրանի մտքով երբեւէ չէր անցել, որ Հայոց առաջին Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Չաղ Ֆելիքսի, ինչպես նաեւ մյուս Ֆելիքսների Ֆելիքս անվան հիմքերի հիմքը Ձերժինսկու Ֆելիքս անունն էր, եւ Անիմանալիի մասին էլ պիտի ասեմ, որ ճարտարապետ Սահակյան Ֆելիքս Անիմանալին մասնագիտությամբ ճարտարապետ լինելով եւ չափազանց վերամբարձ ու չափազանց անմարդամոտ լինելով՝ նաեւ հավատացյալ էր, եւ որոշակիորեն  հավատացյալ լինելով՝ միանգամայն յուրահատուկ կերպով էր Հիսուսին հավատում, եւ Հիսուսին միանգամայն յուրահատուկ կերպով  հավատալով՝ միաժամանակ ու զուգահեռաբար նաեւ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովին էր իբրեւ պաշտամունք ընդունում, եւ մանավանդ Սումգայիթի օրերին էր Անիմանալիի՝ Գորբաչովին պաշտելը  տարօրինակ դիտվում, եւ հատկապես Սումգայիթից հետո էին բոլորն Անիմանալի Ֆելիքսից խույս տալիս, եւ երբ Սումգայիթից հետո հայտնվում էր, բոլորը թարս էին նայում նրան, որովհետեւ բոլորը Գորբաչովին էին Սումգայիթի գլխավոր մեղավոր համարում, եւ ինքը բոլորից մեկուսացած՝ գնում նստում էր «Պապլավոկի» ամենահեռավոր անկյունում, եւ Սումգայիթից հետո բոլորը ճարտարապետ Սահակյան Ֆելիքս Անիմանալիին անկոչ ու կողմնակի էին համարում՝ առանց դույզն-ինչ հիշելու, որ Անիմանալի մականունով ճարտարապետ Սահակյան Ֆելիքսը հանդիսանում է հեղինակը «Պապլավոկ» մականունով «Առագաստ» սրճարանի նախագծի, որի համար ժամանակին պետական մրցանակ էր ստացել, եւ Սումգայիթից հետո անխտիր բոլորս էինք խուսափում Անիմանալի Ֆելիքս ճարտարապետից, որովհետեւ էդ օրերին ինքն ում հետ խոսում էր, խոսակցին հիմար էր անվանում. անխտիր բոլորիս էր հիմար անվանում, որովհետեւ խորապես համոզված էր, որ բոլորս  միահամուռ ու հիմարաբար Գորբաչովին խանգարելով՝ հնարավորություն չենք տալիս, որ  խեղճ մարդը Սովետը վերափոխի ու բարեփոխի, եւ անձամբ ինձ էլ էր Գորբաչովին խանգարելու մեջ մեղադրում, եւ երբ անձամբ ինձ էր Գորբաչովին խանգարելու մեջ մեղադրում, եւ երբ իրեն հարցնում էի, թե՝ ինչո՞վ եմ Գորբաչովին խանգարում, Անիմանալի Ֆելիքս ճարտարապետն արհամարհանքով ու խղճահարությամբ նայում ինձ ու ոչինչ չէր ասում, իսկ որոշ դեպքերում էլ  արհամարհանքով ու խղճահարությամբ նայում ինձ ու քամահրանքով նետում էր՝ «որ էդ հասարակ բանը չես հասկանում, էլ հետդ ի՞նչ խոսամ», եւ, իհարկե, հազվադեպ էր անձամբ ինձ էդ բանն ասում, որովհետեւ հազվադեպ էի համարձակվում հետը զրույցի բռնվել, եւ Ֆելիքսների վերաբերյալ հիշողություններս ժամանակավորապես դադարեցնելով՝ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ սրանք հայոց աշխարհի վերջին Ֆելիքսներն էին, որովհետեւ, չնայած հայ ծնողներն ի պատիվ Ֆելիքս Էդմոնդովիչի՝ ժամանակին իրենց զավակներին համատարած կերպով Ֆելիքս էին անվանակոչում, ընդամենը մի սերունդ անց Ֆելիքսների թոռներին նույնիսկ պապերի պատվին Ֆելիքս չէին անվանակոչում, եւ Ֆելիքսների թեման սպառելով ու փակելով՝ ուզում եմ վերադառնալ յոթանասուներեքի կեսգիշերային էն ֆուտբոլային ցնծությանը, եւ երբ Ջոնն ու Ֆելոն գնացին, ես որոշ ժամանակ կանգնած մնացի փահլեւանի մոտ, որովհետեւ Հրաչի, Մաքսիմի ու Ժիրոյի հետ պայմանավորվել էինք, որ եթե իրար կորցնենք, փահլեւանի մոտ իրար սպասենք, եւ երբ որոշ ժամանակ անց տղերքը տարբեր կողմերից հայտնվեցին, Հրաչը ծիծաղելով մեզ ասաց՝ «ամենաուժեղ բանը չեք տեսել» ու էդ ասելով՝ մեզ տարավ դեպի Լենինի արձանը, որի պատվանդանի երկայնքով վազքին էր տալիս աշխույժ ու ճերմակ մի շնիկ, որի մարմնի երկայնքով չափազանց ընթեռնելի գլխատառերով գրված էր՝ ԲԼՈԽԻՆ:

ՎԵՐՋ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031