Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես:
Ինչպես տեղեկացրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, միջոցառումն իրականացվում է արդեն երրորդ տարին եւ մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է լինելու «բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների եւ հնարավորությունների մասին, հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ-ներին, հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին»:
Ի դեպ, այսօր ներկայացվել էր 500 լուսանկար եւ ծաղրանկար, որից ցուցադրվեց 70-ը: Հեղինակները, որոնց լուսանկարները ցուցադրվել էին ֆոտոցուցահանդեսին, ստացան հավաստագրեր, իսկ նրանց լուսանկարները կհրապարակվի Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալական խոսքեր ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներին, նաեւ շեշտեց, որ տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով ստացված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրության լայն շերտերին: «Ես անձամբ գնահատում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար Հայաստանում քաղաքացի լինելու յուրահատուկ դրսեւորում է»,- ասաց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը:
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը ասաց. «Յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու, այն արտահայտելու, ինչպես նաեւ ցանկացած կրիչով տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Եվրամիությունը միշտ կողմ է եղել տպագիր մամուլի եւ այլ ԶԼՄ-ների բազմակարծությանը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ