ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն այսօր ամփոփեց քարոզարշավը եւ ասաց, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, հասցրել է իր ասելիքը երեւանցիներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պարոն Երիցյանը նորից հիշեցրեց, որ Երեւանը երեւանցիների հետ միջազգային չափանիշներին համապատասխան քաղաք պետք է դարձնեն, հետո էլ հիշեցրեց, թե այնպես պետք է անի, որ քաղաքապետը եռամսյակը մեկ զեկուցի իր կատարած եւ կատարելիք աշխատանքի մասին:
«Երեւանցիները պետք է հասկանան, որ իրենք են տերը այս քաղաքի… Ես կրկնում եմ՝ կոմայգին պետք է լինի մեր բալիկների այգին, մինչեւ հինգ տարեկան երեխաների համար այնտեղ պետք է լինեն զվարճանքի կենտրոններ՝ մինչեւ հիսուն տոկոս զեղչ: Այնպես պետք է անենք, որ մեր հաշմանդամներըւ այգիներում տեղ ունենան»,- ասաց պարոն Երիցյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հայտարարություններին՝ բաժանվող ընտրակաշառքի եւ ընտրությունների օրը նախատեսված ընտրակեղծիքների մասին, ասաց. «Յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմք ունենա: Ի՞նչն է խանգարում տվյալ կուսակցությանը ներկայացնի տվյալներ, թող ներկայացնեն իրավապահներին, եթե ընտրակեղծիքի փաստեր են հայտնաբերել: Այնպես պետք է անենք, որ խախտումներ չլինեն, այնպիսի ընտրություններ պետք է լինեն, որ բոլորս հիանանք, թե ինչ լավ ընտրություններ են եղել»:
Կարդացեք նաև
Թե հաղթելու ինչ շանսեր ունի ու քանի տոկոս ձայն է հավաքելու հարցին, պարոն Երիցյանը պատասխանեց. «Իմ հնարավորություննեը բարձր եմ գնահատում: Հաղթելու ենք, բարձր տոկոսներ ենք ստանալու, գնում եմ հաղթելու ձեր հետ միասին: Թիվ չեմ կարող ասել, հիսուն տոկոս չեմ տալիս, մեր երեւանցիները կտան իրենց տոկոսը»:
Անդրադառնալով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցապաստառի մասին իր ասածներին, թե երկու տղամարդկանց վայել չէ ձեռք ձեռքի տված նկարվելը եւ պետք է վերջ տալ նման երեւույթներին՝ պատասխանեց մեկ այլ հարցի, թե ինչպես ազատվենք մեկ այլ երեւույթից, երբ տղաները միմյանց հանդիպելիս պաչիկներ են փոխանակում, ասաց. «Պետք է շեղվենք այդ թեմաներից, ձեռքսեղմումը ավելի կարեւոր, է դա էլ պետք է անցնի երկրորդ փուլ: Չանդրադառնանք իմ ասածներին, որովհետեւ մի բան իրենք էին ասել, մի բան էլ ես ասացի: Անցել գնացել է»:
Անդրադառնալով ՕԵԿ-ին ուղղված քննադատությանը, թե նորից ընդդիմադիր կեցվածք է որդեգրել ու ինչու Երեւանի համար մտահոգված Արմեն Երիցյանը նախկինում չէր բարձրացնում Երեւանի խնդիրները, ասաց. «Այդ ասողները տեղյակ չէին՝ Երիցյանն ինչ հարցեր է բարձրացրել եւ ինչ աշխատանքներ է կատարել Երեւանի համար: Ովքեր չգիտեն այդ մասին, հրավիրում եմ ԱԻՆ եւ այնտեղ անձամբ կներկայացնեմ ու կզեկուցեմ այն հիմնական դրույթները, որոնք կատարվել են Երեւանի համար… Քննադատելը հեշտ է, յուրաքանչյուրը պետք է իր լուման բերի Երեւանի համար… Առաջարկում եմ բոլորին՝ եկեք միասին կառուցենք մեր Երեւանը, վերադարձնենք մեր ավանդույթները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ