Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք երևանցիներս թասիբ ունե՞նք. Լեւոն Զուրաբյանը`Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Մայիս 03,2013 13:05

«Կարելի է արձանագրել, որ ձևակերպվեց այս ընտրարշավի հիմնական հարցը և այն ձևակերպեցինք մենք` ՀԱԿ-ը: Մենք ներկայացրեցինք հանրությանն ու դատախազությանն այն հանցագործությունները, որոնք կատարվել են գործող քաղաքապետի կողմից»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`խոսելով առաջիկա կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին:

Ըստ Զուրաբյանի, Տարոն Մարգարյանի հայտարարագիրը փաստում է, որ նա տարիներ շարունակ, զբաղեցնելով պետական պաշտոններ, կուտակել է հսկայական մի ունեցվածք` մինչև տասը միլիոն արժողությամբ, եւ դա ստացել է ոչ թե ժառանգություն կամ իր աշխատավարձով է կուտակել, ուստի ակնհայտ է, որ մենք գործ ունենք ժողովրդին թալանելու հանցագործության հետ:

«ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարում է հետևյալը` թալանել ենք և կթալանենք: Նրանք խաղում են բաց քարտերով` ասելով փորձեք մեզ չընտրեք», ասաց Զուրաբյանը`հավելելով, որ առաջիկա ընտրությունները վերածվում են հանրաքվեի` արդյոք ՀՀԿ-ն ստանալո՞ւ է մանդատ ժողովրդից` շարունակելու ժողովրդի բացեիբաց թալանը: «Հանրաքվեն կարելի է նաև այլ կերպ ձևակերպել` այսինքն արդյոք ժողովուրդը ցանկանում է դադարեցնել այդ թալանը երկրում և պետական իշխանությունը հանձնել այնպիսի ուժի, ինչպիսին է ՀԱԿ-ը, որը անբիծ կենսագրություն ունի: Արդյոք մենք ` երևանցիներս թասիբ ունենք` հասկանալու այն մարտահրավերը, որն իշխանությունները մեզ նետել են` մերժելու գործող իշխանությանը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, իշխանությունները միևնույն է կեղծելու են ընտրությունները և ընտրությունների արդյունքները ցույց չեն տալու իրական պատկերը. «Եթե մենք բոլորս` արժանապատիվ քաղաքացիներս մերժենք թալանչի ՀՀԿ-ին, կեղծիքի հնարավորությունը նվազելու է: Մենք լուրջ համագործակցություն ենք հաստատել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, «Ժառանգության» հետ միայն տեղամասային մակարդակով»:

Նա կարծում է, որ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ձևավորված ապատիայից հետո ՀԱԿ-ը կարողացավ լուրջ բեկում մտցնել և «մեր հանրահավաքը շատ հզոր էր, այն ցնցեց Երևանի կենտրոնը»: Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքին մարդ չի բերում, բոլորը գաղափարական, նվիրված, ակտիվ քաղաքացիներ են. «Մեր հանրահավաքն ամենահաջողվածն էր»:

ՀԱԿ-ի` դռնեդուռ քարոզարշավը, ըստ բանախոսի, ցույց է տվել, որ առնվազն քսան տոկոսը քվեարկելու է ՀԱԿ-ի օգտին. «Բայց ՀՀԿ-ն ուղղակի լցնելու է մարդկանցով, մարզերից եկած և գրանցված քաղաքացիները քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին` արհեստականորեն ավելացնելով նրանց տոկոսները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031