Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է ամեն անգամ մի պատճառ գտնում, գրգռում, որ նորից գզվռտոց սկսվի». Արմեն Ռուստամյանը`Ռուբեն Հակոբյանին

Մայիս 03,2013 12:46

«Եթե հաջողվի վերահսկել ընտրությունները, իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն: Հիմա վիճակը փոխվել է հօգուտ ընտրությունների քաղաքականացման: Ընդդիմությունը չունի այն գործիքները, որ ունեն իշխանությունները, ուստի ընդդիմությանը մնում է քաղաքական ակտիվությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում խոսելով առաջիկա կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիմնական խնդիրը, բանախոսը համարում է այն, որ ընդդիմադիր ուժերը կարողանան վերահսկել ընտրությունները: Ընդդիմադիրները գոնե տեղամասերում փորձելու են պահել ձայները, արձանագրելու են նաեւ ընտրատեղամասերից դուրս հայտնի մեթոդների կիրառումը:

Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, որ ընդդիմադիրների նախընտրական դաշինքը չստացվեց, հետընտրական դաշինքի մասին էլ կցկտուր հայտարարում են, բայց այդպես էլ կոնկրետ հայտարարություն չի հնչում, պարոն Ռուստամյանն ասաց, որ փոխել քաղաքապետին հնարավոր է. «Անհրաժեշտ է պահել ձայները, ընտրողն իմանա, որ ընդդիմությանը ձայն տալով նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե եւս մեկ անգամ հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի: ՀՅԴ-ն չի մտել մեկ-երկու մանդատ ավել կամ պակաս ունենալու համար, մտել ենք պայքարի լուրջ ակնկալիքներով՝ փոխել քաղաքապետին եւ Երեւանով փոխել Հայաստանը: Կարեւոր չէ, թե ընդդիմադիր դաշտում ով ինչ ձայն հավաքի, կարեւորն այն է, որ լինի հետընտրական դաշինք ոչ իշխանական ուժերի միջեւ»:

Հարցին`քաղաքապետի անձի շուրջ հնարավոր կլինի՞ հասնել համաձայնության, բանախոսը պատասխանեց. «ՀՅԴ-ն նախընտրական փուլում էլ էր պատրաստ իր ամբիցիաները զրոյացնել: Մենք ասում էինք, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ եթե հետընտրական դաշինքից որեւէ ուժ հրաժարվի՝ ակնհայտ կդառնա նրա վերջը, քաղաքական դիակ կդառնա»:

ՀՅԴ-ն բոլորի հետ էլ հարաբերությունները նորմալ պահում է, «ցեմենտող դերակատարություն» է փորձում ունենալ. «Կամուրջներն այրված չեն, ես վստահ եմ, որ միավորումն անպայման կլինի»:

Ընդդիմադիր դաշտում հնչած փոխքննադատությունների մասին էլ ասաց. «Մի բան է տարբերությունները նշելը, մեկ այլ բան՝ սեւ քարոզչությունը: Նման դեպքեր եղան, բայց հուսով եմ, որ սահմանափակ տիրույթում կմնան եւ չեն ձախողի հետընտրական միավորումը»: Նա «որոշ քաղաքական գործիչների» հայտարարություններ չցանկացավ նույնացնել քաղաքական ուժի հայտարարության հետ. «Ոմանք ընկան պաթոսի մեջ եւ մոռացան հիմնական նպատակը: Բոլորի ջանքերը պետք է միավորվեն՝ պտուղները քաղելու համար»:

Նա չցանկացավ անդրադառնալ քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի`ընդդիմությանն ուղղված քննադատական հայտարարություններին . «Եթե պետք է գնանք անցյալը փորփրել, անցյալը հիշել պետք չէ, մեր խնդիրը վաղվա օրվան նայելն է, թե ով է իրապես ուզում, որ այս երկրում իշխանափոխություն ուզում, իսկ ով ամեն անգամ մի պատճառ գտնում, գրգռում, որ նորից գզվռտոց սկսվի: Որքան կարելի է նույն սխալը կրկնել, մեր ժողովրդի համար կարեւոր չեն նյուանսները, մարդիկ պահանջում են իշխանություններից ազատվեք եւ միավորեք ձեր ուժերը: ՀՅԴ-ն իր մոտեցումները հստակ ասել է, թե ինչպես պետք էր անել, որ շարժումը հզորանա, իշխանությունները թուլանային: Հիմա բոլորն ասում են, որ այս ընտրությունները իշխանափոխության հնարավորություն են: Միասնական գնալու դեպքում շարժումը կհզորանար: Եթե պարզ բաները չեն տեսնում, խաթարում են միավորումը:

Երբ մենք մեր թեկնածուին առաջ չքաշեցինք, բոլորին թվաց, թե նախագահի թեկնածու չունենք: Բայց մենք ասում էինք, որ անպայման չէ, որ հենց մենք գանք իշխանության. յոթ կետ ենք առաջարկել, եթե Սերժ Սարգսյանն էլ իրականացնի, բռավո կասենք: ՀՅԴ-ն չի ասել՝ անձամբ գա իշխանության»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031