Եվ ասում է «Բարգավաճ Հայաստանը», թե՝ «Սկսենք Երեւանից»։ Հոյակապ միտք է։ Եթե «Ժառանգությունն» ասեր։ Անգամ Դաշնակցությունը։ Նույնիսկ եթե ասեր Տեր-Պետրոսյանի ՀԱԿԿ-ն, որ երբ ՀՀՇ էր, սկսեց Հայաստանից, ու տեսանք, թե ինչ ստացվեց։
Բայց երբ վերջին վեց տարիներից հինգը իշխանության մեջ եղած ուժն է ազդարարում՝ «սկսենք Երեւանից», ակամայից ու միանգամից հարց է ծագում։ Պարոնայք, իսկ մինչեւ հիմա, շատ կներեք, ի՞նչ բանի էիք։ Թա՞փ էիք հավաքում… սկսելու համար։ Թե՞ իշխանության ղեկից մասամբ հեռանալուց հետո ձեր մտքով անցավ՝ «սկսել ա»։
Եթե Երեւանի ավագանու 65 մանդատների համար պայքարի նետված «ոչ իշխանական» մյուս ուժերը ՏԻՄ ընտրություններում մինչ այս հիմնականում պասիվ էին, հազվադեպ էին մասնակցում եւ, բնականաբար, մատների վրա հաշված ներկայացուցիչներ ունեն դասական ժողովրդավարության տեսանկյունից առաջնային համարվող տեղական իշխանության մարմիններում, ապա «Բարգավաճ Հայաստանի» դեպքում վիճակը փոքր-ինչ այլ է։ Մեղմ ասած։ Շատ մեղմ։
ԲՀԿ-ն մինչեւ հիմա նույնքան ակտիվորեն ու ինտենսիվ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, համայնքապետի լինի, թե ավագանու անդամի։ Եվ, բնականաբար, ԲՀԿ մի շարք ներկայացուցիչներ համայնքապետեր են, ավագանու անդամներ կամ ինչպես սիրում են ասել՝ «ավագանիներ»։
Եթե միայն քաղաքները նկատի առնենք, ապա, խնդրեմ, Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրու քաղաքապետը ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է (2012թ. աշնանից)։ Լավ, Գյումրին շրջանցենք` ժամկետի կարճ ընթացքը նկատի առնելով։ Առավել եւս, որ ինչ էլ ասվի, Գյումրու քաղաքապետի ընտրության ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ որոշակի համաձայնություն գործեց։ Թողնենք անհանգիստ Գյումրին ու «անցնենք առաջ»։ Արդեն մի քանի տարի է, ինչ ԲՀԿ ներկայացուցիչ են.
ա) Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը,
բ) Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը,
գ) Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը,
դ) Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը,
ե) Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը,
զ) Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։
Եթե նրանց շարքը հավելենք, նշելով նաեւ գյուղապետերին, նաեւ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններով չվերընտրված ԲՀԿ-ական համայնքապետերին, ապա ցանկը շատ ավելի պատկառելի կստացվի։ Բայց հարցը միայն ցուցակի պատկառելիությունը չէ, այլ այն, թե ի՞նչն էր խանգարում, ի՞նչն է խանգարում՝ սկսել Աբովյանից, Եղեգնաձորից, Սիսիանից, Նոր Հաճընից, Բյուրեղավանից, Իջեւանից, վերջապես։
Ի՞նչ է փոխվել այս համայնքների բնակիչների կյանքում։ Ի՞նչ խիստ էական տեղաշարժ ու բեկում է արձանագրվել այս համայնքներում։ Լավ, շա՞տ բան է փոխվել։ Դատելով ամենից, կարծես թե՞ չէ։ Այլապես հիմա մեզ ուղղակի ականջահան արած կլինեին՝ բերելով Աբովյանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Իջեւանի օրինակը, վերջապես։
Հա, մի քանի օր առաջ Իջեւանն իսկապես օրինակ բերվեց։ Ընդդիմադիր «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էր օրինակ բերողը։ Պարզվում է, այստեղ «ժառանգականներին» քաղաքային իշխանությունը մերժել է հանդիպման համար դահլիճ տրամադրել։ Մեկնաբանությունները, իրոք, ավելորդ են։ Այնպես որ, պարոնայք, սկսեք Իջեւանից։ Սկսեք փոխվե՛լ։ Եթե իսկապես, գոնե մի 25%-ով անկեղծ է «փոփոխելու» ձեր կարգախոս-դիրքորոշումը։
Սկսեք ձեզանի՛ց։ Այդպես գոնե ավելի ազնիվ կլինի։
Եվ Երեւանից սկսելու համար էլ կարծեք մի 4 տարի ժամանակ կար։ Չէ՞ որ 17 մանդատը, 65 տեղանոց ավագանու կազմում, փոքր ուժ չէ։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»