Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ առաջնորդը կուսակցության հիմնադիր համագումարում քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին»

Մայիս 03,2013 12:02

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը եթե իրենց չպահեն այնպես, ինչպես պահեցին փետրվարի 18-ին, մենք կկարողանանք Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ արդյունքների հասնել: Քաղաքական էգոիզմ ցուցաբերեցին նախագահական ընտրությունների ժամանակ: Հայտարարում էին, որ կողմ են Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ժողովրդական շարժմանը, բայց ամեն ինչ արեցին, անգամ իրենց լրատվամիջոցներով, որ պախարակեն, թուլացնեն համաժողովրդական շարժումը»,- այսօր խորհրդարանական ճեպազույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Պարոն Հակոբյանն այնուհետեւ ավելի մանրամասնելով`ասաց. «ՀԱԿ առաջնորդը կուսակցության հիմնադիր համագումարում քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմադիրներին չենք քննադատելու, մյուս Լեւոնն (նկատի ունի Լեւոն Զուրաբյանին-Ն. Գ.) անմիջապես հարձակման անցավ: Մենք քինախնդիր չենք, դա քաղաքական կատեգորիա չի: Մենք պատրաստ են թե ընտրությունների պահին, թե ավագանիի ձեւավորումից հետո համագործակցել, բայց դա պայմանավորված կլինի նրանով, թե ինչ կեցվածք են որդեգրել ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը եւ ինչքանով են անկեղծ իրենց հետընտրական ցանկությունները: Այդ երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ընտրվել էր նախագահ, իրենց ճաշակով չէր եւ իրենց գործնական բոլոր քայլերն ուղղված էին, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի իր հետագա պաշտոնավարումը»:

Լրագրողները նկատեցին, որ «Ժառանգության» ամփոփիչ հանրահավաքը բավականին սակավամարդ էր: Պարոն Հակոբյանն ասաց, որ դա իր համար ցուցիչ չէ. «Երբեք խնդիր չենք դրել ավտոբուսներով մարդ բերել, չի գտնվի մեկը, ով ասի, որ «Ժառանգությունը» ինձ փող կամ մեքենա է տվել, որ գամ հանրահավաքի: Քանակը ես երբեք չափանիշ չեմ դարձնում, մանավանդ, որ քանակի դեպքում որակը բավականին կաղում է»:

Խոսելով նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանի մասին, պարոն Հակոբյանն ասաց, որ իրենք էլ են սխալներ թույլ տվել. «Հատկապես ապրիլի իննին մենք էլ մարտավարական որոշ սխալներ թույլ տվեցինք: Բայց ամեն էլեկտորատ իր կանգառում իջավ, երբ շարժվում էին Բաղրամյանով Ծիծեռնակաբերդ`«Հիմա»-ի կանգառում, որը Բաղրամյանի սկիզբն էր, մյուսը մնաց Ազատության հրապարակում, մի մասը այդ պահին հեռացավ: Այդ պահին յուրաքանչյուրն ակնկալում էր որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը իրենց ծրագիրը պետք է իրականացնի, բայց տեսան, որ ոչ`հեռացան: Այն, ինչ-որ կատարվեց, քաղաքագիտորեն օրինաչափ էր, մարդիկ էլ հիասթափված չեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին`հավանակա՞ն է, որ ավագանիում քիչ ձայներ ստանալու դեպքում «Բարեւ Երեւանը» հրաժարվի մանդատներից: Հակոբյանն ասաց.«Ո՞նց եք պատկերացնում, Ստեփան Սաֆարյանը մանդատ ունենա իր ձեռքին եւ նիստերին չմասնակցի: Կապ չունի քանի ձայն ու մանդատ կունենանք, ցանկացած քանակության մանդատի դեպքում, մենք գտնում ենք, որ որակյալ թիմ ենք ուղղարկում ավագանի եւ նրանք իրենց ստորագրությունը կունենան Երեւանի ավագանիում»:

Ստանալիք տոկոսների մասին կանխատեսում անել բանախոսը չցանկացավ, քանի որ այսօր մեր քաղաքական դաշտն այնքան անհասկանալի զարգացումներ է ապրում, որ որեւէ օրինաչափության չի ենթարկվում. «Չափանիշը այն չէ, թե որ հանրահավաքին քանի մարդ էր մասնակցում: Մեր դաշինքը ես ակնկալում եմ, որ ծանրակշիռ ներկայություն կունենա ավագանիում»:

Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերի միջեւ առանձին քննարկումներ եղել են`համատեղ գործողությունների մասով, բայց որեւէ միասնական որոշում չկա, պայմանավորվել են, որ ոչ իշխանական ուժերով համատեղ վերահսկելու են ընտրությունների ընթացքը, բայց «Ժառանգության» համար այդ համագործակցությունը կարող է երկարատեւ լինել, եթե ոչ իշխանական ուժերն իրենց ընտրությունների ընթացքում պահեն օրենքի սահմաններում: Aravot.am-ի հարցին`փոքր ինչ մանրամասնել ի՞նչը նկատի ունի, ո՞ր ուժն իրեն օրենքի շրջանակներում չի պահում, Հակոբյանը հիշեց խորհրդարանական ընտրությունների շրջանում գործած «անփառունակ միացյալ շտաբը», որը «դեմ գնաց եւ չպաշտպանեց իր հռչակած սկզբունքները`կաշառք չբաժանել, բարեգործության անվան տակ բաներ չանել»: «Եթե ոչ իշխանական ուժերն էլ պետք է օգտվեն այդ «լծակներից» ի՞նչ տարբերություն ով կլինի`գործողը, թե մեկ ուրիշը ու կզբաղեցնի նրա տեղը»,- առանց հստակ անուն նշելու ասաց Ռուբեն Հակոբյանը`հավանաբար քար նետելով ԲՀԿ-ի բոստանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան says:

    Մեկ հրեան գիտնական է, երկուսը՝ շախմատի հավաքական, երեքը՝ իսրայելական դիվիզիա: Մեկ ֆրանսիացին ասպետ է, երկուսը մենամարտ, երեքը՝ հեղափոխություն: Մեկ գերմանացին պեդանտ է, երկուսը՝ փիլիսոփայական ուղղություն, երեքը՝ ԴՐԱՆԳ նախ օստեն: Մեկ հայը բանաստեղծ է, երկուսը՝ երեք քաղաքական կուսակցություններ են, երեքը՝ միասին երբեք չեն լինում: Թե այ ոջիլներ, ի՞նչ կուսակցության մասին է խոսքը, շուտով երկրում մարդ չի մնալու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031