Մայիսի 2-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, անդրադարձան այդ ուղղությամբ Արցախի, Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն հյուրընկալվեց Արցախի խորհրդարանում, որտեղ հանդիպում ունեցավ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի այլ երկրների խորհրդարանների հետ կապերի հաստատման գործընթացին:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի ԱԳՆ-երի միջև համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, դիվանագիտական կադրերի վերապատրաստման հարցերին:
Այնուհետև, Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի ԱԳՆ առաջիկա ծրագրերը։
Ստեփանակերտում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև հայ բարերար Սերգեյ Սարկիսովի միջոցներով հիմնանորոգված Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դպրոցի բացման արարողությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ