Երեկ` մայիսի 2-ին, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով, անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Կոտայքի մարզում ծնողների գերեզմանի հարևանությամբ գտնվող իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերված ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հնարավոր է` նախաքննության ընթացքում համապատասխան հոդվածը վերավորակվի այլ հոդվածով, իսկ եթե պարզվի, որ տեղի ունեցածը ինքնասպանությունը է, որը կատարվել է նշված հոդվածի հատկանիշով, ապա մեղավորը պատասխանատվությանն է ենթարկվելու առավելագույնը 3 տարի ազատազրկման:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, մայիսի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները:
Կարդացեք նաև
Այդ պահին որոնողական աշխատանքները սկսել էին, որը կատարվում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի և Եղվարդի բաժինների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Գեղամյանը աշխատում էր ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է, կոչումով՝ գնդապետ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել էին իր հոր գերեզմանի մոտ կայանված Nissan մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին էր նաև TT տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրան նվիրել են որպես անվանական զենք:
Ինչպես նշված վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, արդեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաև՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և ոստիկանության Կոտայքի մարզային բաժինների և նույն վարչության ստորաբաժանումների պետերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի