Հատվածներ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
–Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ–ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե կոալիցիայում ձեր ներկայությունը ձեւական բնույթ ունի, որովհետեւ չեք կարող ազդել որոշումների ընդունման վրա։
-Չեմ կարող համաձայնել այդ պնդումներին, միաժամանակ չեմ կարող հերքել, որ ՕԵԿ-ի դերակատարումը մեծ չէ։ Իհարկե, սա չի նշանակում, թե մեր ներկայությունը կոալիցիայում ձեւական է. ՕԵԿ-ը լիարժեքորեն ներգրավված է երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Ես ի պաշտոնե, որպես ԱԱԽ քարտուղար, ե՛ւ մասնակցում եմ, ե՛ւ լիարժեք տեղեկացված եմ ներքին եւ արտաքին բոլոր գործընթացներին։
Այլ խնդիր է մեր ազդեցության չափը, որպես քաղաքական կազմակերպություն. բնական է, որ եթե մի կուսակցություն ունի 90 տոկոս, մյուսը՝ 10 տոկոս, այդ 10 տոկոսը չի կարող 90 տոկոսի չափով ազդեցություն ունենալ։
Այդ առումով, մեր ունեցած իշխանությունը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ կյանքի կոչել մեր ծրագրերը։ Օրինակ, մեզ քննադատում են իրականացվող տնտեսական քաղաքականության համար, այն դեպքում, երբ ՕԵԿ-ը շատ քիչ դերակատարություն ունի տնտեսական քաղաքականության մեջ։ Ես, որպես ԱԱԽ քարտուղար, համակարգում եմ Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ՀԱՊԿ համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքները, սահմանների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Այս ոլորտներում ունենք շատ լավ արդյունքներ։
Այսինքն՝ որպես քաղաքական ուժ, մենք կրում ենք քաղաքական պատասխանատվություն իշխանության գործունեության համար, երբեք դրանից չենք հրաժարվել, եւ իշխանության մեջ գտնվելով, փորձում ենք մեր ծրագրերն առաջ մղել մեր գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով։
–Այս ընտրարշավում գործը այնքան էլ հեշտ չէր՝ մի կողմից, պետք էր իրերն իրենց անուններով կոչել, բարձրաձայնել գոյություն ունեցող խնդիրները, մյուս կողմից՝ «չնեղացնել» կոալիցիոն գործընկերոջը։ ՕԵԿ–ը կարողացա՞վ լուծել այդ խնդիրը։
-Մենք երբեք կաշկանդված չենք եղել՝ շիտակ խոսք ասելու։ Չորս կուսակցություն ստորագրեց կոալիցիոն հուշագիր, երկուսը հեռացան, մենք մնացինք, որովհետեւ միշտ շիտակ ենք եղել մեր որոշումներում, հրապարակային ելույթներում եւ գործընկերների հետ հարաբերություններում։
Այսօր Տարոն Մարգարյանը, որպես գործող քաղաքապետ, ինքն է խոսում չլուծված հարցերի, փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ասֆալտապատման որակը քաղաքում բարելավվել է, քաղաքը գեղեցկանում է՝ պետք է ընդունենք դա եւ ասենք։ Բայց նաեւ պետք է ասենք, որ ծայրամասերն անմխիթար վիճակում են։ Այսինքն՝ մենք պարզունակ շահարկումների դաշտում չենք գործում, խոսում ենք առկա խնդիրների մասին եւ առաջարկում լուծումներ։ Նախընտրական շրջանը հենց նրա համար է, որ ներկայացնենք մեր մոտեցումները, անհամաձայնությունները՝ այնտեղ, որտեղ իսկապես կարելի է ավելին անել։
Ինձ երբեմն հարց են տալիս՝ իսկապե՞ս Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են, ինչպես նշել է Վազգեն Մանուկյանը։ Ես էլ պատասխանում եմ՝ Տիգրան Սարգսյանն այն եզակի վարչապետներից է, որը ունեցել է հանրապետության նախագահի եւ խորհրդարանի քաղաքական մեծամասնության բացարձակ աջակցությունը։ Չի եղել օրենք, որ կառավարությունը բերել է խորհրդարան եւ չի կարողացել անցկացնել, որեւէ բարեփոխում, որ ցանկացել է իրականացնել, որ կասեցվել է նախագահի կամ քաղաքական մեծամասնության կողմից։ Այսինքն՝ լիարժեք մանդատ է ունեցել։
Առակս ի՞նչ կցուցանե՝ պետք է շիտակ լինել գործընկերների հետ. մենք այս քարոզարշավին մասնակցում ենք ոչ թե կոալիցիոն գործընկերոջը քննադատելու կամ գովաբանելու համար, այլ ներկայացնում ենք մեր ծրագրերը, խոսում օբյեկտիվ խնդիրների մասին։ Կան ուժեր, որ ընտրել են միայն դիմացինի վրա ցեխ շպրտելու, սեւացնելու ճանապարհը։ Դա ՕԵԿ-ի համար երբեք ընդունելի չի եղել, հիմա էլ է անընդունելի։
Տարոն Մարգարյանը վերջին 2 տարում տեսանելի աշխատանք է կատարել Երեւան քաղաքում, եւ սա չասելը նույնքան անազնիվ է, որքան՝ չասել, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է շատ ավելի արագ եւ արդյունավետ լուծել. մենք վստահ ենք, որ կարող ենք ավելին անել, եւ ազնվորեն ասում ենք այդ մասին։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»