Ուշագրավն այն էր, որ դե ֆակտո ընդդիմադիր ԲՀԿ-ի հանրահավաքում, ինչպես իրենց կողմից բուռն քննադատվող իշխանության, կային դպրոցականներ։ Եթե Ավանում Տարոնի համար եկել էին Ավանի մանկապարտեզների ու դպրոցների սաները, ապա Օսկանյանի թասիբին տարբեր համայնքների դպրոցների սաներն էին ու մանկավարժական կոլեկտիվները։
Խմբված պատանիներից հետաքրքրվեցինք, թե քանի տարեկան են ու ինչու են մասնակցում հանրահավաքին։ Ասացին, որ Աբովյանի թիվ 10 դպրոցից են։ Հասկանալով, որ երեխաներին բերողները մանկավարժներն են, խնդրեցինք ցույց տալ որեւէ մեկին։ Երեխան մատնացույց արեց ընկեր Բաղդասարյանին, ով 40-ին մոտ տղամարդ էր։
Ընկեր Բաղդասարյան Աշոտը մանկավարժական կոլեկտիվով վայելում էր ելույթները։ Երբ հարցրինք, թե ավագանու ընտրությունները վերաբերում Են Երեւանին, ինչո՞ւ են Աբովյանից հասել այստեղ, ասաց. «Ոչ միայն Երեւանին, սա արտոնված հանրահավաք է, եւ հանրապետության ցանկացած տեղից կարող են գալ, որն արտոնված է, կրկնում եմ»։ Այսպես բացատրեց իր այցի նպատակը արագախոս ընկեր Բաղդասարյանը։
Իսկ աշակերտներին ինչո՞ւ եք բերել՝ հարցրինք։ Նա տեղում արագ հասկանալով, որ իր արածը լավ բան չէ, անմիջապես հրաժարվեց սաներից. «Դուք հիմա անպատասխանատու հայտարարություն եք անում, մենք աշակերտ չենք բերել, Դուք պիտի հիմնավորեք»։ Տեղեկացրինք, որ աշակերտներն են ասել։ Մեզ ստիպեց մատնացույց անել «մատնողներին»։ Այդ ժամանակ նրա կողքի ուսուցիչները միջամտեցին, թե՝ «մենակ մանկավարժներով ենք եկել, աշակերտ չենք բերել»։
Կարդացեք նաև
Թեեւ հասկանալի էր, որ խեղճ երեխայի «վայն» եկել է, բայց մատնացույց արեցինք ու ընկեր Բաղդասարյանին հարցրինք՝ ովքե՞ր են այս երեխաները։ «Ես չեմ ճանաչում»,- իրեն կորցրած, հոխորտաց նա՝ սպառնալից նայելով պատանիների վախվորած դեմքերին։ Երեխաները կարկամել էին ու չգիտեին ինչ դիրք բռնեին։
Ապա ընկեր Բաղդասարյանը մոտեցավ մի ակնոցավոր տղայի ու մի քանի ցուցումներ տվեց։ Մինչ այդ, երեխաներն ասել էին, որ ակնոցով տղան իրենց վարիչն է, ով կազմակերպել է այցը Երեւան։
Թե այսօր դպրոց մտնելով՝ ընկեր Բաղդասարյանն ու նրա կողքին կանգնած ուսուցչուհիներն ինչ երեսով են նայելու աշակերտներին կամ ինչպես է մեկնաբանելու իրենց խայտառակ վարքը, պարզ չէ, սակայն հույս ունենք, որ գոնե այնքան պարկեշտություն կունենան, որ երեխաներին չեն ճնշի:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»