Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանը բարոյական մամլիչի ներքո

Մայիս 03,2013 10:38

Ես ոչ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունեմ` ժողովրդից բացի: Երեկ այդպիսի հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակցության եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ընթացքում: Սա երևի թե հանրահավաքի ընթացքում հնչած ամենահատկանշական և կարևոր հայտարարությունը կարելի է համարել: Որևէ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունենալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կարելի է համարել նրա պատասխանը բոլոր այն հորդորներին, որ նրան են ուղղվում ընդդիմության դիրքերից հանդես գալու և ընդդիմություն լինելու մասին հայտարարելու առումով: Եվ առաջին հերթին, իհարկե, կարելի է ասել, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի առաջ բարոյական պարտավորություն չունենալուն:

Կարելի էր, իհարկե, մտածել նաև Սերժ Սարգսյանի ուղղությամբ, սակայն բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանին ուղղված հորդորները, կշտամբանքները կամ պարզապես դիտարկումները երբևէ չեն ենթադրել նրա բարոյական պարտավորվածություն Սերժ Սարգսյանի առաջ: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի մասով` Գագիկ Ծառուկյանի և նրա փոխհարաբերությունները և այդ հարաբերությունների քաղաքական երանգները դիտարկվում են հենց բարոյական պարտավորությունների կոնտեքստում:

Ավելին` ակնհայտ է, որ այս դիտարկումները, իհարկե, ամենից առաջ ձեռնտու է գեներացնել հենց Քոչարյանին, քանի որ նա կարծես թե ԲՀԿ առաջնորդին իր քաղաքական ուղեծրում հաստատուն և միանշանակ կերպով պահելու այլ ռեսուրսներ չունի: Եվ միակ ռեսուրսը, ըստ էության, մնացել է հենց բարոյական պարտականության խաղաքարտը` այն իմաստով, որ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանը և նրա հետ մտերիմ հարաբերությունները չլինեին:

Չի բացառվում նույնիսկ, որ երկրորդ նախագահը որևէ կերպով միջնորդավորված, մինչև անգամ Վարդան Օսկանյանի միջոցով, այս բարոյական պատավորությունների մեսիջը փոխանցել է Գագիկ Ծառուկյանին նաև կուլիսներում: Համենայնդեպս, սա է երևի թե միակ տրամաբանական հարցադրումը բարոյական պարտավորության կոնտեքստում: Իսկ Գագիկ Ծառուկյանը երևի չէր խոսի այս կատեգորիայի մասին, եթե բախված չլիներ բավական համառ հարցադրումների՝ հնչող եթե ոչ հրապարակավ, ապա կուլիսներում:

Սրան զուգահեռ` իհարկե, կա նաև Վարդան Օսկանյանի հանդեպ բարոյական պարտավորության խնդիր, կապված Օսկանյանի հանդեպ քրեական գործի հետ: Գաղտնիք չէ, որ Ծառուկյանը հաճախ է մեղադրանքներ ստանում, որ այնքան էլ մեծ ջանքերով չի աջակցում իր կուսակցին: Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի առաջնորդին այլևս ավելի ու ավելի դժվար էր գլուխ հանել այդ բարոյականության սարդոստայնից, որ նրա համար հյուսում էր Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմը, և ԲՀԿ առաջնորդը որոշել է պարզապես հրապարակային հայտարարությամբ պատասխանել բոլորին` այդ բարոյական ճնշման տակից դուրս գալու համար:

ԲՀԿ առաջնորդը փորձում էր այդ կերպ նաև ցույց տալ, որ իր հարաբերությունները ժողովրդի հետ կառուցում է միանգամայն ինքնավար սկզբունքով, և իրեն ներկայացվող պահանջներն ամենևին կապ չունեն իր և ժողովրդի միջև հարաբերությունների հետ: Այլ կերպ ասած` Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին պատասխանում է նրա իսկ վաղեմի կարգախոսով՝ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, որտեղ շեշտը Ծառուկյանն ակնհայտորեն դնում է երկրորդ իմ-ի վրա, ցույց տալով, որ մտադիր չէ հանձնել կուսակցություն-ժողովրդին:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031