Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյանը 75 տարեկան. նրա «կինոդարը»

Մայիս 03,2013 10:27

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում երեկ տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» միջոցառման շարքը, որը նվիրված էր հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին:

Ծրագրի շրջանակներում ցուցադրվեց ռեժիսոր Պիեդրո Մարչելլոյի կողմից նկարահանված իտալական մի ֆիլմ, որն արժանացել է հատուկ մրցանակի Հայ ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ` «Փելեշյանի լռությունը»:

Հայկական կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ, որը վերնագրել էր «Փելեշյանի կինոդարը»: Նա ասաց. «Կասկած ունեմ, որ բառերը դժվար են հարաբերվում Փելեշյանի կինոարվեստի հետ: Ինքը` Փելեշյանը, բառը դուրս է թողել իր կինոյից: Երկար ես մտածում այս ֆենոմենի մասին, հավանաբար այն պատճառով, որ արդեն 20-րդ դարում բառը կորցրել էր իր մոգական նշանակությունն ու արժեքը: Բառն այլևս վստահություն չէր ներշնչում: Բառը չարչարվել, հազար անգամ իմաստափոխվել, սեփական նշանակությունից օտարվել էր տարբեր տոտալիտար ռեժիմների»:

Դավիթ Մուրադյանի խոսքերով՝ մի գեղեցիկ, հպարտ ճգնավորական մենակություն ունի Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակների կինոյում: Այդ ճգնավորականությունը, ինքնակղզիացումը, հոգեկենտրոնացումը, այդ կինոյի բոլոր, քիչ թե շատ ճանաչելի և ընդունելի` միանգամայն արժանավոր հոսանքներից իր մի կողմ քաշվելը դարձնում է նրա ներկայությունը բացառիկ:

Կինոակադեմիայի նախագահը նշեց, որ Արիստոտելը «բանականություն» բառը չէր օգտագործում` ասում էր հոգու մտածող մաս: Փելեշյանի կինոն հասցեագրված է և հոգուն և հոգու մտածող մասին: «Սկիզբ»-ը իր առաջին ամենանշանավոր դարձած ֆիլմն էր, թեպետ դրանից առաջ դարձյալ փոքրիկ երկու ֆիլմ նկարահանել էր: «Սկիզբ»-ը նախորդ դարի 60-ական թվականների կեսերին էր: Մենք պետք է հասկանանք այդ ժամանակաշրջանը, քանի որ յուրաքանչյուր պատմաշրջան իր թվաբանական արտահայտությունից բացի ունի իր սոցիալ-փիլիսոփայական ենթատեքստը:

«Տարվա եղանակները» սա մի կինո է, որի հետ հարաբերվելն առավելագույնս նման է երաժշտության հետ հարաբերվելուն. «Հավանաբար Փելեշյանին կարելի է համարել կինոսիմֆոնիստ: Մարդ, որ իր սիմֆոնիաները կադրերով է գրում: Հատկապես նրա «Մենք»-ը, «Մեր դարը»: Իրենց արտահայտչականությամբ էքսպրեսիվ են և միանգամից էմոցիոնալ դաշտ ստեղծող մարդու մեջ և շուրջ: «Մենք»ը բնօրրանի և հողի մասին է, «Մեր դարը» իր մեջ ընդգրկում է ամբողջ 20-րդ հարյուրամյակի կերպարը: Թռիչքի պատմություն: Առաջին աերոպլաններից մինչև լուսնի նվաճում: «Մեր դարը» իր ճանապարհը փորձում է տեսնել երկրային ձգողականությունը հաղթահարելու մեջ, մարդու և տեխնիկայի մենամարտի: Մարդու թռիչքների և անկումների: Բայց «Մենք»-ը հակառակ ձգողականության մասին է: Եթե «Մեր դարը» երկրի ձգողականությունը հաղթահարելու մասին է, ապա «Մենք»-ը սեփական հողի ձգողականության մասին: Եթե «Մեր դարը» ֆիլմում Փելեշյանը տիեզերականացնում է մարդուն նրա գիտակցությունը, ապա «Մենք» ֆիլմում նա տիեզերքը տեղավորում է հողի մեջ: Նա գլոբալ չափումների արվեստագետ է»,-ասաց Դավիթ Մուրադյանը::

«Նա սև-սպիտակ գույներն էր ընդունում, քանի որ դա բացարձակ բևեռացում է: Դա այն դրամատիկ ողբերգականին մոտեցող բևեռացումն է, որի մեջ նա ապրում և ստեղծագործում է: Նա գույնով ընդամենը մեկ ֆիլմ նկարեց: Ամենադժվար ժամանակներում 93-94 թվականներին` երկու կինո, աֆորիզմ նկարահանեց ատրճանակի կրակոցի նման կարճ և ազդու` «Կյանք» և «Վերջ»: «Վերջ»-ը վագոն է, խունացած լուսանկար ու ժապավեն հիշեցնող վագոն: Անմիջապես դրանից հետո նկարում է «Կյանք»-ը գունավոր` երեխայի ծնունդ: Ընդամենը ծննդատանը նկարահանված երեխայի ֆիլմ է: Երեխայի լույս աշխարհ գալու պատմություն: Եվ ամբողջ ֆիլմը հիմնականում մոր դեմքին է կենտրոնացած: Հիմա նա արդեն պետք է մայրանա և ընդամենը մոր դեմքին կենտրոնանալով` ասում է այս աշխարհում մարդու, կյանքի, առեղծվածի մասին, անընդհատ վերանորոգվող կյանքի, տառապանքի, չարչարանքի, հույսի, գեղեցկության մասին և միայն ֆիլմի ֆինալում ձեռքերի վրա նորածինը ասում է ամեն ինչ: Միակ ֆիլմը, որ նա հրաժարվեց սև ու սպիտակից, քանի որ պետք է երեխա ծնվեր»,-նշում է կինոակադեմիայի նախագահը:

Վավերագրական կինո կոչվող արվեստի թռիչքը Հայաստանում և ոչ միայն Հայաստանում կապում են Փելեշյանի անվան հետ: Վավերագրական կինոն համարվում էր սովորական իրականության արտացոլանքը:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031