Խանութպանները դժգոհեցին, թե ինչպես են հարկահավաքները չոքում իրենց դռանը եւ մեծ հարկեր պահանջում փոքր բիզնեսից:
Այսօր Ջրվեժում քարոզարշավի շրջանակներում քայլերթ էին անում Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող անդամները՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մի խումբ համախոհների հետ:
Մի խանութպան, ՀՅԴ-ականններին տեսնելով, սկսեց բողոքել, թե որքան են խեղճացնում այսօր բիզնեսմեններին իշխանությունները. «Զիբիլ թափելու փող տամ, իմ տնից առանձին տամ, հոսանքին տամ, 2000 էլ բենզինի փող տամ»: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե «Շրջանառության հարկի» մեջ չի՞ մտել: «Այ ցավդ տանեմ, ամեն տեղ մտած եմ, բայց գալիս ստեղ չոքում են էլի: Ի՞նչ կա ստեղ չոքելու, որ չոքում են: Գալիս են ստեղ, ասում են՝ պապին ուր ա, տատին ուր ա: Սվոլոչ, ես ի՞նչ տամ քեզ, ինչ ունեմ, որ ինչ տամ»,- դժգոհեց գործարարը, որը վաճառում էր միրգ ու բանջարեղեն:
Մարդը վստահեցրեց, որ հավաքելու է թոռներին՝ մի 20-30 հոգով ասելու է «դավայ» ու արտագաղթելու է. «Կտամ իրանց, թքած, ու կեթամ էս երկրից»: Արմեն Ռուստամյանը խորհուրդ տվեց նման բան չանել, չվհատվել:
Կարդացեք նաև
Խանութի կողքի խաչապուրիանոցի տերը նույնպես քաշեց մի կողմ Արմեն Ռուստամյանին եւ պատմեց, թե ինչպես են հարկ ուզում իրենից. «Գալիս են, էն ապարատը՝ ՀԴՄ-ն բերել դրել ա: Գալիս են՝ չխկ-չխկ-չխկ-չխկ: Ի՞նչ կա ստեղ, որ չխկ-չխկ-չխկ են անում: Ամոթ էլ ա: Գալիս են, թե զիբիլի փող տուր: Արա, իմ հայաթն ա, էս էլ իմ տունն ա, ի՞նչ զիբիլի փող: Էս ի՞նչ օրը գցին մեզի»: Արմեն Ռուստամյանը լսեց, լսեց ու գնահատական տվեց՝ «խայտառակություն, սաղ սուպերմարկետ են, դրա համար իրանց ձեռք չի տալիս սա»:
Ըստ Ջրվեժի բնակչի, «վերեւներում թարախներ են, ես դրանց ատելով ատում եմ, հետո էլ քարոզում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ