Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ականների արկածները Ջրվեժում՝ գունավոր լվացքի, բլոտի եւ մուխանաթ հարսների շուրջ (տեսանյութ)

Մայիս 02,2013 23:19

varsaviranocaghvanagvan vardanyanԱյսօր ՀՅԴ-ն իր հետաքրքիր քարոզարշավն անցկացրեց Ջրվեժում: ՀՅԴ ցուցակի անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը շրջեցին բակերում եւ բնակիչներին մեկ առ մեկ բուկլետ բաժանելով՝ խնդրեցին, որ այս անգամ ճիշտ ընտրություն անեն, այսինքն՝ ձայնը տան ՀՅԴ-ին:

Ուշագրավ էր հատկապես Աղվան Վարդանյանի համոզելը: Նա ձեռքը դնում էր կանանց ուսին ու ասում. «Անունդ ի՞նչ է, նայիր աչքերիս մեջ: Խնդրում եմ ձայնդ տուր Դաշնակցությանը, ամուսնուդ, հարեւաններիդ էլ ասա»:

Մի մեծահասակ կնոջ էլ համոզելուց հետո պարոն Վարդանյանը հորդորեց, որ հարսին էլ համոզի. «Բարեւ մայրիկ ջան, տես քեզ ինչ ջիգյարով մայրիկ ենք ասում: Հարսիդ էլ կասես: Հարսդ լսո՞ւմ ա քեզ: Էսօրվա հարսները մի քիչ մուխանաթ են, զգույշ եղի»:

Աղվան Վարդանյանը զրույցի էր բռնվում անգամ շենքերի պատուհաններից նայողների հետ. «Բարեւ ձեզ տիկին: Խնդրում ենք Դաշնակցությանը ձայն տուր, լավ բան արա: Եթե խոստանաս, տուն չենք գա, եթե չխոստանաս՝ տուն ենք բարձրանալու: Սոված մեռնում ենք»:

Նա կանգնեց շենքերից մեկի մուտքի մոտ եւ սկսեց բղավել պատուհաններից նայողներին, թե «Էս անգամ Դաշնակցությանն եք քվեարկելու: Ճիշտ բան արեք, խնդրում եմ»: Նա նաեւ դիտողություն արեց տանտիկիններին, թե «Էս ո՞ւմ լվացքն ա սենց գունավոր»:

Մի բնակչի էլ, երբ հորդորեց ՀՅԴ-ին ձայն տալ, վերջինս պատասխանեց. «Կաշխատեմ տամ, հորողբեր»:

Նրանք մտնում էին կոշկակարանոցներ, խանութներ, վարսավիրանոցներ: Ընտրողներից մեկին երբ մոտեցան, վերջինս վստահեցրեց, որ իր նախահայրերը դաշնակ են եղել, պապերը դաշնակ են եղել: Աղվան Վարդանյանն էլ պատասխանեց. «Բոլորինն էլ էդպես է եղել, բայց մոռանում են պապերին, գնում են չգիտես ում են ձեն տալիս, շան տղերքին են քվեարկում: Դու դաշնակցությանը ձեն կտաս»:

ՀՅԴ-ի անդամները նույնիսկ քարոզչություն արեցին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում՝ հորդորելով շտաբի աշխատակցին, որ ՀՅԴ-ին ձայն տա:

Աղվան Վարդանյանը մոտենում էր բոլորին, անգամ երեխաներին: Փոքրերին միայն հորդորում էր՝ մեծանաս՝ Դաշնակցությանը կքվեարկես: Մի բնակչի հետ երբ ՀՅԴ անդամները ծանոթանում էին ու ներկայանում, նա ընդհատեց, ասելով, որ ծանոթ է բոլորին էլ, Արծվիկ Մինասյանին էլ հեռուստատեսությամբ շուտ-շուտ տեսնում է. «Վա՜յ, Արծվիկ Մինասյանին էլ ես տեսել: Երանի քո աչքերին»,- կատակեց Աղվան Վարդանյանը:

Փողոցներից մեկում նկատեցինք, որ թեկնածուների համար նախատեսված տախտակի մեծ մասը զբաղեցրել էին ՀՅԴ-ի պաստառները: Մեր հարցին, թե ինչո՞ւ են այդքան շատ՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Վա՞տ է: Դե էս մի տեղն էլ թող ՀՅԴ-ի պաստառները շատ լինեն»:

Այցելելով պապիկների տաղավար՝ դաշնակցականները  հորդորեցին նայել իրենց եւ քվեարկել ՀՅԴ-ին: Արմեն Ռուստամյանը պապիկներին խոստացավ, որ «հաջորդ անգամ գալու ենք իրար հետ բլոտ, շախմատ խաղանք»: Իսկ Աղվան Վարդանյանը բարեմաղթեց բլոտ խաղացողներին. «Միշտ 100 բռնեք, 50 բռնեք, 4 տուզ բռնեք, բայց հետո չմոռանաք ցույց տալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ANUSH says:

    ԿԵՑՑԵ ՀՅԴ-ն: ՔՎԵԱՐԿԵՔ ԱՐԴԱՐ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031