Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանի» անդամները` Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ոստիկանապետը Գյումրիում խոսում է կլանի մասին, արդեն ամոթալի է»

Մայիս 02,2013 22:23

Այսօր լրագրողները  Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտան Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների ու մարդասպանության մասին:

Նրանցից մեկը`Վարդան Հակոբյանը, ասաց.«Սա նորություն չէ, գործով դերակատարներ են միգուցե փոխվել. առաջատարները գնացել են երկրորդական դիրքի, երկրորդականները եկել են առաջին դիրք: Սա նոր պատմություն չէ, ինձ թվում է 30 միավոր  զենքի մասին էլ նոր չէր, որ ոստիկանությունը իմացավ, և այն հանգամանքը, որ ոստիկանապետը խոսում է Գյումրիում կլանի մասին, ինձ թվում է, արդեն ամոթալի է, դա նշանակում է, որ իրենք թույլ են տվել , որ կլան առաջանա: Խոսում են  կլան հաշտեցնելուց, դա արդեն խայտառակություն է, ոնց որ ասեն մաֆիան վերահսկելի է, մաֆիան ինքը արդեն բացասական երևույթ է: Ես կարծում եմ, որ սրա արմատները շատ խորն են, և դժվար թե մեկ օրվա մեջ էլ վերանանան, բայց եթե լինի քաղաքական կամք  և ազնիվ աշխատանք, մեր ոստիկանության միջին սպայակազմը, շատ բարձր պրոֆեսիոնալ որակներ  ունեն բոլորը: Այսինքն իրենց պետք է ընդամենը հրաման տալ ազատ գործելու, մեկ օրը բավական է»:

Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ Գյումրին առանցքային քաղաք է, թեև սա չեն գիտակցում շատերը: «Ես դա հաճոյանալու համար չեմ ասում, Գյումրին դա ՆԱՏՕ-ի սահման է, Թուրքիայի սահման է, բառի բուն իմաստով, որովհետև օրինակ` ռուսական բազան հենց Գյումրիում է կանգնած, և դա իզուր չէ: Եվ դեռ վաղուց է կանգնած, երբ ՆԱՏՕ չկար, Սովետմիություն չկար, բազան կանգնած էր: Եվ նման բաներ պատահական չեն լինում, սա նաև քաղաքակրթական  սահման է, և շատ հին սահման է: Շիրակ բառը նույնպես սքյութական ցեղերից է մնացել, որոնք այստեղ ջախջախվեցին, մենք դեռ ուրարտական ժամանակներում սքյութերին կարողացանք այստեղ կանգնեցնել, սա նաև այդ առումով սահմանային քաղաք է, ուստի այդ  առանցքը վերահսկելու բոլոր առումներով շատ կարևոր է: Իմիջայլոց բավական ծիծաղելի է, երբ որ ես լսում եմ՝ սկսենք Երևանից նոր արշավի, նոր կեղծ արշավի, ազատագրական արշավի կարգախոսը, ինչո՞ւ սկսել Երևանից, երբ որ Գյումրին արդեն ազատագրվել էր, Գյումրին ամսի 18-ին ջախջախիչ հաղթանակ տարավ,Գյումրին ազատ, բաց ժողովրդի տարածք էր, ահա թե ինչու ենք կրակում: Ոչ թե Երևանում է պետք կրակել, վտանգը այնտեղ չէ, Գյումրիից է եկել վտանգը, որովհետև այստեղ ապրում են մարդիկ, ովքեր այլևս կորցնելու բան չունեն, ոչ մի բան դուք այլևս չեք կարող  գյումրեցուց խլել, դոմի՞կն եք խլում, էդ Երևանում հլը կրպակով, սրանով, նրանով կարելի է մարդուն  գայթակղել: Եվ  եթե 80-90 տոկոսի էր հասել պարտությունը Սերժ Սարգսյանի, ես չէի զարմանա, եթե դա էդպես է, ահա թե ինչու են փորձում ահաբեկել Գյումրին, որովհետև Հայաստանում բոլորից շատ վախենում են Գյումրիից, անգամ այլևս ոչ թե Սյունիքից, որտեղ ոչխարներ են բերում Սյունիքից ցեղերին  դուրս շպրտելու համար, այլ Գյումրիից, այնպես որ առանցքային իմաստը և կարևորությունը թշնամին հասկանում է շատ լավ, հատկապես ներքին թշնամին: Իսկ ոնց ազատագրել Գյումրին, Գյումրին առանձին չի ազատագրվի, Գյումրիից սկսվում է ազատագրումը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031