Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանի որոշմամբ Հնչակյան կուսակցության ղեկավարը Գ.Պերկուպերկյանն է

Մայիս 02,2013 21:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի եւ մերժեց Լյուդմիլա Սարգսյանի հակընդդեմ հայցը:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Բունիաթյանի վարույթում էր գտնվում Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ նախկին ատենապետ, այս գործով պատասխանող Լյուդմիլա Սարգսյանի` կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերը, արխիվը նոր ատենապետին հանձնելու պահանջով:

Երրորդ կողմ էր ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Գեւորգ Պերկուպերկյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահագն Մանուկյանը:

Հայցվորը հայտնել էր, որ 15.07.2004թ. թիվ 5 արձանագրության և քաղվածքի համաձայն, Լյուդմիլա Սարգսյանը ընտվել է ՍԴՀԿ ատենապետ և 25.08.2004թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վարչության կողմից տրված թիվ 002 վկայականի համաձայն՝ էլ ՍԴՀԿ ատենապետ է հանդիսացել Լյուդմիլա Սարգսյանը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության կողմից 2004-2010թ. օրենքով սահմանված կարգով հերթական համագումար չանցկացնելու պատճառով ՍԴՀԿ կանոնադրության «Համագումար և կենտրոնական վարչության» բաժնի 1-ին կետի համաձայն, կենտրոնական վարչության կամ մարզային վարչությունների մեծամասնության առաջարկությամբ (մասնավորապես՝ Էջմիածնի մասնաճյուղի, Կապանի «Աղասի» մասնաճյուղի Մեղրիի «Փամբազ» մասնաճյուղի, Արմավիրի մասնաճյուղի, «Հայկ Բժշկյանց» վետերանների մասնաճյուղի, «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության, Վանաձորի «Արշիլ Գորկի» մշակութային միության կողմից) ընտրված պատվիրակների հրավերով 2009թ. դեկտեմբերի 16-ին անցկացվել է կուսակցության 7-րդ արտահերթ համագումարը:
Հայցվորի տեղեկացմամբ, համագումարի ընթացքում որոշվել է կուսակցության ղեկավարումն անօրինական ճանապարհով յուրացնելու, կուսակցության շարքերը ընդունելու, կուսակցությունից վտարելու, անդամությունը սառեցնելու, կանոնագրային պահանջները շարունակաբար խախտելու, գործող մասնաճյուղերը անուշադրության մատնելու կամ լուծարելու համար Լյուդմիլա Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից, իսկ իրեն ընտրել են նոր ատենապետ:
Հայցվորը դատարանին տեղեկացրել էր նաեւ, որ 2012թ.փետրվարի 16-ին գրությամբ դիմել է Լյուդմիլա Սարգսյանին, հայտնել է, որ փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՍԴՀԿ 8-րդ հերթական համագումարը, որի ժամանակ էլ ընտվել է ատենապետ և պահանջել է նրանից իրեն հանձնել կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, կնիքը, կուսակցության փաստաթղթերը, գույքը, արխիվը: Սակայն Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել է հանձնել:
Հայցվորը դատարանին միջնորդել էր, որպեսզի արգելանք դրվի ՍԴՀ կուսակցության դրոշի, գրանցման վկայականի, կնիքի, փաստաթղթերի, գույքի ու արխիվի վրա:
Լ.Սարգսյանն առարկել էր հայցադիմումի դեմ, պահանջել, որ ՍԴՀԿ 8-րդ համագումարն անօրինական ճանաչել, 8-րդ համագումարի թիվ 8-րդ արձանագրությունը անվավեր ճանաչել, ինչպես նաեւ , որպեսզի անվավեր ճանաչվի ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ՍԴՀԿ նոր ատենապետի և կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումները:
Ըստ դատարան ներկայացրած հայցվորի ներկայացուցիչ Վ.Մանուկյանի պատասխանի, Լյուդմիլա Սարգսյանի այն փաստարկը, թե համագումար հրավիրվում է միայն կենտրոնական վարչության հրավերով, լիովին անհիմն է, քանի որ 16.12.2009թ. ՍԴՀԿ կանոնադրության դրույթների համապատասխան մարզային վարչությունների մեծամասնության առաջարկությամբ հրավիրվել և անցկացվել է ՍԴՀԿ 7-րդ համագումարը, որի ընթացքում իր վստահորդը ընտրվել է ատենապետ և, հետևաբար, արդեն իսկ որպես կենտրոնական վարչության ղեկավար նրա կողմից էլ հրավիրվել և անցկացվել է ՍԴՀԿ 8-րդ համագումարը:
Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանի բողոքի հիման վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինս հայտնել էր, թե իբր կուսակցության 7-րդ համագումարը տեղի է ունեցել 2010թ. հունվարի 9-ին, և ըստ կանոնադրության՝ կուսակցության հերթական համագումարը պետք է անցկացվեր երկու տարին մեկ անգամ, բայց վարչությունը կարող է որոշել, որ չկա նման անհրաժեշտություն և այն հետաձգել ( 20.03.2012թ. ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության որոշում):
«Լյուդմիլա Սարգսյանի նման դիրքորոշումը, թե վարչությունը կարող է որոշել համագումար անցկացնելու անհրաժեշտությունը, ապա դա իրավաչափ չէ, քանի որ ինչպես ՀՀ օրենքում, այնպես էլ կանոնադրությունում որևէ նման բացառություն կամ այլ պայման սահմանված չէ, իսկ երկու տարին մեկ հերթական նիստի հրավիրումը իմպերատիվ պահանջ է»,- ասում է Վ.Մանուկյանը:

Դատարանն այսօր բավարարեց Գեւորգ Պերկուպերկյանի հայցը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Barseghyan says:

    Ընկեր Գևորգ,ես հաստատ գիտեմ որ Ձեր նման ազնիվ մարդկանց վրա է հիմնված կուսակցությունը,ինչը չեմ տեսնում լ.սարգսյանի մեջ…Դատարանը կայացրել է Արդար վճիռ…

  2. Artur Barseghyan says:

    Մի խորհուրդ ևս լ. սարգսյանին._ ավելի լավ կլինի,որ իր ուսմամբ զբաղվի…Միգուցե ստացվի ինչ որ բան,Հյուսիսային համալսարանն ավարտելուց և ապաշխարհելուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031