Պուշկինի դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը նաեւ դիմում է ներկայացրել Աշխատանքի պետական տեսչություն:
Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչ, «Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը այսօր մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ դիմում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության աշխատանքի պետական տեսչություն` պահանջելով վարչական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին, այն բանի համար, որ ինքը դպրոցում աշխատանքի է ընդունվել և աշխատել է առանց օրենքով սահմանված աշխատանքային պայմանագրի:
Շախմատի նախկին ուսուցիչը, որն աշխատանքից ազատվել է իրեն անհայտ պատճառներով, նախապես տեղեկացրել էր, որ պատրաստվում է դատի տալ դպրոցի տնօրենին՝ իրեն առանց հիմնավորման աշխատանքից ազատելու համար և աշխատանքի պետական տեսչություն դիմում ներկայացնելը կարծես թե այդ գործընթացի սկիզբն է: «Դիմումը ներկայացրել ենք Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն տիկին Մարիետա Մատղաշյանի հետ կապված այն փաստի վերաբերյալ, որ ես աշխատել եմ դպրոցում առանց աշխատանքային պայմանագրի: Տնօրենի ասելով` ինքն ինձ ընդունել է աշխատանքի ըստ իր հրամանների, սակայն ես նույնիսկ այդ հրամաններին ծանոթ չեմ»,-տեղեկացրեց Նարեկ Վարազդատյանը:
Տեսչությանը դիմումը հանձնելու պահից, «Վարչարարական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարույթը համարվում է հարուցված և 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը պարտավոր է որոշում կայացնել և այդ մասին տեղեկացնել դիմումատուին:
Կարդացեք նաև
Բացի աշխատանքի պետական տեսչություն դիմելուց` նախկին ուսուցիչը տեղեկատվություն ստանալու համար ապրիլի 25-ին գրավոր դիմում է ներկայացրել նաև դպրոցի տնօրինությանը` պահանջելով սահմանված հնգօրյա ժամկետում տրամադրել իր` 2013 թվականի փետրվարի 1-ի աշխատանքի ընդունման թիվ 40 և ապրիլի 11-ի ազատման թիվ 65 հրամանագրերը, ինչպես նաև Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և իր միջև կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը, որը, ըստ Նարեկ Վարազդատյանի, գոյություն չի ունեցել:
Նարեկ Վարազդատյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաև, որ շուտով լրանում է դպրոցից տեղեկատվություն ստանալու հնգօրյա ժամկետը, ինքը դեռևս սպասելու է տնօրինության պատասխանին, ինչպես նաև աշխատանքի պետական տեսչության որոշմանը, ինչից հետո շարունակելու է արդարության վերականգնմանն ուղղված իր քայլերը:
Հիշեցնենք, որ ըստ հեռացված ուսուցչի, իրեն աշխատանքից ազատել են 2-ի 3-րդ դասարանում դասին անպատրաստ եկած տասնյոթ աշակերտի երկուս նշանակելու համար: Երկու ստացողների մեջ են եղել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկները:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ
Լուսանկարում՝ Նարեկ Վարազդատյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկում: