Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Առաքելություն» կուսակցությունը նախաձեռնել էր հանրահավաք: Ներկա էին կուսակցության անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը եւ այլք, ինչպես նաեւ երիտասարդ կուսակցականների համախոհներ, որոնք իրենց ձայնը Երեւանի ավագանու ընտրություններում որոշել էին տալ «Առաքելությանը»:
Կուսակցության հանրահավաքին ներկա էր նաեւ նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
Մանուկ Սուքիսայանը, ողջունելով ներկաներին ու թվարկելով իրենց կուսակցության անդամներին, հպարտացավ, թե իրենց ցուցակում ամենագեղեցիկ աղջիկներն են ու ամենաբարձահասակ քաղաքական գործիչը`Մեսրոպ Առաքելյանը:
Մանուկ Սուքիասյանի խոսքով` ավագանու ընտրությունները կարեւոր իրադարձություն է ցանկացած երեւանցու համար. «Հանրահավաքի մասնակիցները մեր ակնկալածից քիչ են, անկեղծ լինենք ձեզ հետ, մենք փող չենք բաժանում, սուտ խոստումներ չենք տալիս, քաղաքի հաշվին լավություն չենք անում, հարցեր չենք լուծում, բայց թեկուզ այսքան մարդու ներկայությունը բավական է պնդելու համար, որ մենք ունենք ապագա»:
Կարդացեք նաև
Սուքիասյանի կարծիքով` եթե ունենք վատ ղեկավար, ապա պետք է նրան փոխել: «Տարիների ընացքում երկրից գնացողները շատ են եղել, դրա համար էլ երկիրը հայտնվել է այս վիճակում»,-հավելեց նա:
Իր խոսքերով`«հատուկ անհասկացողների համար» Մանուկ Սուքիասյանը կրկնեց` «Առաքելությունը» ընդդիմադիր ուժ է, թող ոչ մեկը չփորձի ասեկոսեներ տարածել: Մենք գործելու ենք ընդդիմադիր դաշտում, մենք ոչ մեկին չենք խանգարելու, նման խնդիր չունենք: Մեր կուսակցությունն իր ընթացքը չի կասեցնելու, թող ոչ մեկ չկասկածի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ