«Սիրելի ժողովուրդ, այսպես շարունակել այլևս չի կարելի: Մենք երկիր ենք կորցնում և կանգնած ենք վճռորոշ ընտրության առջև` փոխել երկրի ապագան»,- Ազատության հրապարակում մեկնարկած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը բարձրաձայնեց «տնտեսագիտական խայտառակ նոնսենսի» մասին` անդրադառնալով հրապարակված տնտեսական 7 տոկոսանոց աճին. «Այս կառավարությունը երկիրը հասցրել է փակուղի: Բավական է ժողովրդին կերակրեն կեղծ խոստումներով, դեկլարատիվ հայտարարություններով, որոնց հետևանքը տասնյակ հազարավոր կոտրված ճակատարգրեր ու ընտանիքներ են: Մենք երբեք կեղծ խոստում չենք տվել, ասում ենք` մենք ուժեղ ենք ձեզանով , և մեր թիկունքում դուք եք, ոչ թե կեղծարարների կրիմինալ բանդան… մենք հաղթելու ենք ձեզանով»: Զոհրաբյանի այս արտահայտություններին հավաքվածներն արձագանքեցին բուռն ծափահարություններով: Ի դեպ, հանրահավաքը բավականին բազմամարդ է: Հանրահավաքին մասնակցում է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Տիկին Զոհրաբյանը հավաքվածներին հորդորեց գնալ ընտրության, քվեարկել և չվախենալ, քանի որ կուսակցությունը կպաշտպանի երևանցու քվեն և արդյունքում Երևանը կվերադարձնի իր տերերին` երևանցուն:
«Մենք բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, քրտինքի գինն ու աշխատող մարդու գինն իմացող»,- ասաց Գուրգեն Արսենյանը`կոչ անելով ամսի հինգին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձայն չտալ իշխող կուսակցությանը:
ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ այս ընտրությունները երեք ուղերձ ունեն` քաղաքական, տնտեսական եւ քաղաքային: Նա կոչ արեց այս ամբողջության մեջ դիտարկել Երեւանի ավագանու ընտրությունները, վստահել այն թիմին, որը գալիս է ծառայելու հանրությանը եւ փոփոխությունները մայրաքաղաքից սկսելու: Քարոզարշավի ընթացքի ամփոփումը Օսկանյանին բերել է այն եզրահանգման, որ հասարակությունն, ի տարբերություն իշխանությունների, լավագույնս ընկալել է այս ընտրությունների երեք ուղերձները: Նա հորդորեց քաղաքային իշխանությունը վստահել մի քաղաքական թիմի, որը զուր խոստումներ չի տալիս ու միշտ կատարում է իր տված խոստումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ