Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը:
Բացելով հանրահավաքը՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե հույս ունի, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրությունը վստահեց ԲՀԿ-ին, այնպես էլ հիմա կվստահի եւ այնքան ձայն կտա, որ ԲՀԿ-ն կստանձնի Երեւանի կառավարումը:
«Միասնական մենք ի զորու ենք ընտրակեղծիքների դեմն առնելու: Միասին ուժեղ ենք»,- իր խոսքում նկատեց ԲՀԿ երտթեւի ղեկավար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Միասնական պետք է կանգնենք ձայն գողացողների դեմ: Միասնական պետք է բռնենք ձայն գողացողի ձեռքը»,- իր խոսքում ասաց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ու ցիտեց Գագիկ Ծառուկյանին, ով երիտասարդների հետ մի հանդիպման ժամանակ ասել էր, թե ԲՀԿ-ի խնդիրն է, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում, Երեւանում:
ԲՀԿ ավագանու անդամ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ին տրված քվեների թիվն իրենց պարտավորեցնում է, որ ԲՀԿ-ն ստանձնի նաեւ Երեւանի կառավարումը: Նա խոսեց ԲՀԿ ծրագրերից, կոչ արեց, որպեսզի մայիսի հինգին քվեարկեն խղճի մտոք եւ քվեարկեն հօգուտ ԲՀԿ-ի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ