Այսօր Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցության անդամները քարոզարշավի շրջանակներում եղան Էրեբունի վարչական համայնքում: Այս հանդիպումը հանրապետականի բազմամարդ հանդիպումներից մեկն էր: Ներկապնակը բազմազան էր՝ մանկավարժներից մինչեւ թաղային հեղինակություններ: Այստեղ իր ելույթում Տարոն Մարգարյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Չորս տարի եղել ենք երեւանցիների հետ, ապրել ենք երեւանցիների դարդուցավով, փորձել ենք փուշ հանել երեւանցիների մատից»:
Տարոն Մարգարյանն ասաց, որ Երեւանի տերը երեւանցին է, Էրեբունու տերը՝ Էրեբունու բնակիչը, ու հույս հայտնեց, որ էրեբունցիները իրենց հետագա 4 տարիների ճակատագիրը եւս կվստահեն հանրապետականի «փորձառու թիմին»:
Հետաքրքրական էր ավագանու թեկնածու, գործող ավագանու անդամ Աննա Ասատրյանի ելույթը: Վերջինս պատմական էքսկուրս կատարեց Էրեբունու հիմնադրման շրջանից եւ հանգեց հետեւյալ եզրակացության. «Եթե այսօր մի հրաշքով այստեղ հայտնվեր Արգիշտին, նա կասեր, որ Երեւանի կառավարումը վստահեք Տարոն Մարգարյանին»: Տիկին Ասատրյանն իր ելույթն այսպես ավարտեց. «Վստահեք Հանրապետականին, թույլ չտանք, որ Երեւանը կրկին ընկղմվի մթի ու խավարի մեջ»:
Իսկ կուսակցության 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը ամփոփելով քարոզարշավը, ասաց, որ ինքը հասկացել է, որ ժողովուրդը Տարոն Մարգարյանին շատ է սիրում: Բայց ամենագլխավորը, ըստ Թոքմաջյանի, այն է, որ Տարոն Մարգարյանը առանց թիկնապահի կարող է դուրս գալ ու քայլել, առանց ամաչելու որեւէ մեկի աչքերի մեջ նայել: Թոքմաջյանը էրեբունցիներին կոչ արեց հետեւել Տարոն Մարգարյանի օրինակին եւ շատ երեխաներ ունենալ:
Կարդացեք նաև
Հանդիպման այսպես կոչված՝ պաշտոնական մասից հետո, երբ էրեբունցիներից յուրաքանչյուրը փորձում էր անձնապես շփվել Տարոն Մարգարյանի հետ, նրան պատմել իր դարդուցավը, խնդիրները կամ բարեմաղթանքի խոսքեր ասել, Ռաֆիկ անունով մի տարեց մարդ մոտեցավ Տարոն Մարգարյանին, նրան պատվիրեց, որ հունիսի 10-ին մեքենա տրամադրի, որպեսզի ինքը կարողանա այցելել Սխտորաշեն գյուղ եւ տեսնել այնտեղ Հայաստանի ամենամեծ փչակ ունեցող ծառը ու Սառնաղբյուրից ջուր խմել: Ռաֆիկ պապիկը կարդացել է այդ ծառի ու փչակի մասին, ու շատ էր ուզում, որ գնար տեսներ: Տարոն Մարգարյանը խոստացավ կատարել Ռաֆիկ պապի խնդրանքը:
Տարոն Մարգարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը: Այն հարցին, թե հասցրե՞ց ծանոթանալ երեւանցիների բոլոր խնդիրների հետ, Տարոն Մարգարյանն ասաց՝ նոր չէ, որ պիտի ծանոթանա: Ասաց, որ 4 տարի է՝ ինքը ծանոթանում է եւ շատ լավ գիտի Երեւանի խնդիրներն էլ, դրանց լուծումներն էլ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ