Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանի ընտրական գաղտնիքը

Մայիս 02,2013 17:55
Mher Sedrakyan

Այսօր Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցության քարոզարշավին մասնակցում էր նաեւ համանուն պատգամավորական խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):

Aravot.am-ը պարոն Սեդրակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մանկավարժներին ստիպողաբար բերել այդ հանդիպմանը: Թեպետ մարդիկ բարձրաձայն չէին խոսում այդ մասին, բայց ակնհայտ էր, որ դժգոհությամբ կանգնած քչփչում էին միմյանց հետ: Մհեր Սեդրակյանը կտրականապես հրաժարվեց. «Չեմ կարծում՝ բերված ժողովուրդ կա ստեղ: Ժողովուրդը եկել ա իրա կամքով, բոլորը սիրում են մեր քաղաքապետին, եկել են տեսնեն, շփվեն»: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Մհեր Սեդրակյանն ասել էր, որ իր հեղինակությունը Էրեբունի վարչական համայնքում օգնելու է Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին: Aravot.am-ը Սեդրակյանին խնդրեց փոքր-ինչ մանրամասնել՝ ի՞նչ մեխանիզմներով է իր հեղինակությունը օգնելու Տարոն Մարգարյանին: «Ամեն մարդ իրա հեղինակությունը ունի: Ստեղ իմը ինչքան որ կա՝ էնքան էլ կօգնի: Ես չգիտեմ ինչքան կա, ժողովուրդը կասի»,- ասաց պարոն Սեդրակյանը:

Լրագրողները պնդեցին, որ պարոն Սեդրակյանն այդուհանդերձ մանրամասնի. ասենք, ինչ է անելու, ուղղակի ասելու է գնացեք ընտրե՞ք, թե՞ իրեն այնքան են հարգում, որ ընտրելու են: Սեդրակյանը հակադարձեց. «Չէ, ասելով չի, պիտի բացատրես՝ ինչի համար ընտրեն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը ինչպե՞ս է բացատրում ժողովրդին, թե ինչի համար պետք է Տարոն Մարգարյանին ընտրեն: Սեդրակյանն ասաց. «Գաղտնիք ա, չեմ կարա ասեմ, ընտրությունից հետո կասեմ»: Aravot.am-ը Սեդրակյանին առաջարկեց իր կուսակցական ընկերների հետ կիսվել իր գաղտնի տեխնոլոգիայով, որպեսզի նրանք կիրառեն ու Հանրապետականը շատ լավ արդյունքներ գրանցի: Սեդրակյանն անկեղծ հորդորեց. «Դա գաղտնիք ա, էլի, ոչ ոքի չասեմ: Բա ես ինչի՞ համար եմ ընտրություններին միշտ կրում, որովհետեւ ունեմ իմ գաղտնի քայլերը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ՝ Սեդրակյանը մոնիթորինգ անցկացրե՞լ է՝ իր հեղինակությունը մոտավորապես քանի՞ տոկոս ձայն կբերի Հանրապետական կուսակցությանը: «Չեմ կարող ասել, ինչ իմանամ»,- ասաց Սեդրակյանը: Լրագրողներից  մեկն էլ հարցրեց, թե Սեդրակյանի կարծիքով՝ ինչո՞ւ քարոզարշավը Հանրապետականը տարավ Տարոն Մարգարյանի անձը շեշտադրելով, այլ ոչ թե կուսակցությունը: Սեդրակյանը գտնում է, որ դա էլ յուրօրինակ տեխնոլոգիա է. «Ամեն կուսակցության մեջ էլ կարող են լինել լավ ու վատ մարդիկ, չար մարդիկ: Եթե կուսակցությունները ընտրեին մարդ, որը համարժեք լիներ Տարոն Մարգարյանի հետ, կարող ա իրանք էլ հաջողություն ունենային»: Սեդրակյանը վստահ է, որ Տարոն Մարգարյանի փորձը մյուս թեկնածուներից որեւէ մեկը չունի ու որ Տարոն Մարգարյանն ամեն ինչ շատ լավ անում է. «Ի՞նչը չի գոհացնում ձեզ»: Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ Էրեբունի համայնքը ամենաշատ ձայներն ապահովեց հանրապետական թեկնածուի համար ու հարցրեց՝ այս անգամ է՞լ է այդպես լինելու: Սեդրակյանը պատասխանեց. «Որ կարողանանք, երեք անգամ կավելացնենք»: Սեդրակյանը հերքեց եւ հերյուրանք համարեց բոլոր այն խոսակցությունները, որ Հանրապետական կուսակցությունը Էրեբունի համայնքում 5000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում: Իսկ երբ լրագրողներից մեկն ասաց, որ ինքը ժողովրդի հետ զրուցել է եւ բոլորը շատ դժգոհ են, որ համայնքում բարենորոգման, սանմաքրման եւ այլ աշխատանքներ պատշաճ չեն կատարվում, Մհեր Սեդրակյանը հակադարձեց. «Սխալ երակի վրա եք ընկել»:

Aravot.am-ն էլ հետաքրքրվեց, թե Սեդրակյանի կարծիքով, ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ դժգոհ են իրենց տնտեսական վիճակից, գործազրկություն է, արտագաղթի ծավալները գնալով մեծանում են, բայց բոլոր ընտրություններում իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է կազմում: Սեդրակյանը մտածելուց հետո ասաց. «Երեւի հարմար թեկնածու չեն առաջադրում մյուս կուսակցությունները», ու հակընդդեմ հարց առաջադրեց. «Իսկ ո՞ւմ էիք դուք պատկերացնում նախագահ, բացի Սերժ Սարգսյանից»: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե Սեդրակյանը Տիգրան Սարգսյանի՞ն էր պատկերացնում վարչապետի պաշտոնում, Սեդրակյանը լրջացավ ու ասաց. «Էդ մեր որոշելիքը չի, նախագահը ինքը պետք է որոշի ում հետ աշխատի»: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մհեր Սեդրակյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները լարված են ու պատճառն այն է, որ իր հարցազրույցներից մեկում Տիգրան Սարգսյանին վերաբերող հարցին Սեդրակյանն այսպես էր պատասխանել. «Տիգրան Սարգսյանն ո՞վ ա, որ ես իրան ճանաչեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031