ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց թեժ աշուն» գրքի շնորհանդեսի առիթով այսօր Ազգային ժողովում աշխուժություն էր տիրում: Հեղինակը մակագրում էր գրքերի վրա, իսկ դրանք ձեռք բերողները մասնակցում էին հանգանակությանը, որի հասույթն ուղղվելու է գյուղական անապահով ընտանիքների կարիքների լուծմանը: Մարգարիտ Եսայանն ասաց, որ արդեն պայմանավորվածություն ունի Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի հետ: Պարոն Բաղդասարյանը ունի անապահով ընտանիքների որոշակի ցուցակ, որոնցից մեկ-երկուսին էլ անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի գրքերի գումարից: Ի դեպ, հավաքվեց 361 000 դրամ գումար. տուփը բացվեց լրագրողների ներկայությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ողջունում է Մարգարիտ Եսայանի՝ գիրք հրատարակելու նախաձեռնությունը. «Համոզված եմ, որ Մարգարիտ Եսայանի օրինակներին կհետեւեն այլ պատգամավորներ եւս»:
ԱԺ նախագահն ասաց, որ Մարգարիտ Եսայանի նման պատգամավորները բարձրացնում են Ազգային ժողովի պատիվն ու արժանապատվությունը:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որքան գումարով է պատրաստվում մասնակցել ԱԺ նախագահը հանգանակությանը: «50000 դրամ, լա՞վ է, այդքան գումարով», ասաց նա:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ եկել են նոր ժամանակներ, երբ պատգամավորները գրքեր են գրում:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց, որ գրքում մեր իրականությունն է, որը պատկերված է հետաքրքիր ոճով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ