ԳԱԼԱ-ի տեղեկություններով`«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ: Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս նշել է. «Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ անունից կարող եմ ասել` գուցե շատերի համար անսպասելի լինի, այո´, ծանր- թեթեւ անելով` ես ինքս որոշել եմ, որ իմ ձայնը տալու եմ Դաշնակցությանը»:
Մեր այն հարցին, թե կուսակցության համակիրներին եւս ուղղորդելո՞ւ եք դեպի Դաշնակցություն կուսակցություն, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ նման քննարկում չի եղել: ԱԺ պատգամավորը չի բացառել, որ իր որոշումը, ամեն դեպքում, կազդի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համակիրների որոշման վրա:
Նշենք, որ մինչ առաջադրումները, տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «Ազատ դեմոկրատներ»-ը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական դաշինքով հանդես կգան, սակայն պայմանավորվածությունն այդպես էլ չկայացավ: