Երեկ, ժամը 16:30-ի սահմաններում, Տաթեւ-Հալիձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներով Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխված Քարահունջ գյուղի 4 բնակիչները երեկ երեկոյան տեղափոխվել են մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին մեզ տեղեկացրեց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը, ում փոխանցմամբ՝ այս պահին բժշկական կենտրոնում գտնվող գյուղի բնակչուհի Մալվինա Ղազարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մալվինայի հետ հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նույն մեքենայում գտնվող իր երկու երեխաները՝ 21-ամյա Նոնա Թունյանը եւ 10 տարեկան Վահե Թունյանը, ինչպես ավտովթարից տուժած գյուղի մեկ այլ բնակիչ՝ 1990թ. ծնված Գրիգոր Ավետյանը: «Մալվինայի վիճակը դեռ շատ ծանր է, մյուս երեքի վիճակը համեմատաբար նորմալ է գնահատվում:
Ավտոմեքենայում 9 հոգի է եղել, քույր ու եղբոր ընտանիքներ էին, կարտոֆիլ ցանելուց հետո որոշել են գնալ ու մայիսի մեկ նշել այդ տեղանքում: Մալվինայի մյուս աղջիկը՝ Աիդա Թունյանը, եւ եղբոր ընտանիքի 4 անդամները՝ Վրույր Ղազարյանը, նրա կին Հերմինե Օհանջանյանը եւ 2 անչափահաս երեխաները՝ 6-ամյա Սերոբ ու 11-ամյա Սիլվիկ Ղազարյանները, ավտովթարի հետեւանքով երեկ մահացել էին», – ասաց Լուսինե Ավետյանը: Նշենք, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան երեկ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին՝ դեպի «Սատանի կամուրջ» տանող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանում այդ պահին հանգստացող մարդկանց վրա, որոնցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը, տեղում մահացել է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ