Թատերական գործիչների միությունում երեկ կայացավ հեղինակ Պետեր Տուրինի ՝ «Վերջ վերջապես» գործի հիման վրա բեմադրված մոնոներկայացումը: Բեմադրիչը Արուսյակ Գյունաշյանն էր, իսկ դերակատարը՝ Վարազդատ Փանոյանը: Այն բեմադրվել էր «Արմոննո» թատերական փառատոնի ընթացքում:
«Ներկայացումը պատկերում է մի մարդու կյանք, որն ունեցել է անցյալ, սակայն չի գնահատել այն: Ներկան իր համար ոչ մի իմաստ չունի, իսկ ապագան տեսնում է միայն մահվան մեջ, քանի որ նա միայնակ է և հասարակությունը նույնքան անտարբեր է իր հանդեպ, որքան նա է անցյալում անտարբեր եղել այդ նույն հասարակության նկատմամբ: Նա որոշում է մինչև 1000-ը հաշվել և ինքնասպան լինել: Հաշվելու ընթացքում ներկայացնում է իր կյանքից որոշ դրվագներ»,- ասում է Վարազդատը: Իր խոսքով՝ ներկայացումը նաև ուղերձ է՝ ուղղված հասարակությանը, որպեսզի նրանք վերանայեն իրենց կյանքը և ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատող մարդկանց՝ նույնիսկ անծանոթին, որը միգուցե հենց իր կարիքն ունի:
Վարազդատն առաջին անգամ էր հանդես գալիս մոնո ժանրի մեջ: Ասում է՝ լարվածությունը չափի մեջ էր, բայց կար. «Մոնոներկայացումները, իմ կարծիքով, դերասանին ավելի պրոֆեսիոնալ են դարձնում: Երբ բեմում մենակ ես, քո հետ չկա ուրիշ դերասան, եւ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է քեզ վրա, դու պետք է կարողանաս հանդիսատեսին մինչեւ վերջ պահել, որպեսզի նա չձանձնրանա: Նմանատիպ ներկայացման միջոցով դու քո ասելիքն ես հասցնում»:
Վարազդատն ասում է, որ մի դերասանի թատրոնը առանձնակի տեղ ունի իր կյանքում: Իրեն միշտ դուր է եկել այս ուղղությունը:
Արամ Արարատյան