Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկիրը մենք կառուցում ենք ըստ Եվրոպայի ընդհանուր արժեքային համակարգի»

Մայիս 02,2013 14:27

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ «մենք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարց օրակարգում չենք դրել»:

– Մարտի 20-ին Երեւանում գտնվող Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, ՌԴ-ի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը Ձեզ հետ համատեղ ասուլիսում խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքների մասին՝ նշեց, որ Հայաստանից բացի, բանակցություններ են ընթանում նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք գտնվում են գրեթե նույն փուլում, եւ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի համաձայնագրեր կնքել երեք երկրների հետ: Պարոն Մնացականյան, ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացում մեր հաջողությունն ինչո՞վ կբացատրեք, եւ հնարավո՞ր է Հայաստանը մի օր ԵՄ անդամակցության մասին էլ հայտարարի:

– Մի բան հստակ է՝ այս երկիրը մենք կառուցում ենք ըստ Եվրոպայի ընդհանուր արժեքային համակարգի, դա գուցե շոշափելի ու տեսանելի չէ, բայց դա հիմքն է հարաբերությունների զարգացման: Մենք նույն արժեքային համակարգից ենք, խնդիրների մասին չի խոսքը, այլ ընկալումների, ձգտումների, տեսլականի, երկիրը կառուցելու տրամաբանության, եւ այդ տեսլականը գալիս է այն հիմքերից, որը դարեր շարունակ կառուցել ենք՝ մշակույթ, փիլիսոփայություն, արժեքներ, կրոն, պատմություն: Մենք ունենք մեր օրակարգը, ունենք գործընկերներ, որոնք աշխատում են նույն օրակարգի տրամաբանության մեջ, եւ այդ օրակարգը ունի իր զարգացման տրամաբանությունը:

Մենք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարց օրակարգում չենք դրել: Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը բովանդակային առումով ավելի խորն է, ավելի զարգացած է, ավելի ընդգրկուն է, քան, օրինակ, 90-ականներին Արեւելյան Եվրոպայի երկրների հետ նմանատիպ պայմանագրերը: Դրա նպատակն է քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականության օրակարգը, մենք մինչեւ հիմա ցույց ենք տվել, որ շատ վստահելի եւ կանխատեսելի գործընկեր ենք տարածաշրջանում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: ԵՄ-ին անդամակցելու մասին երբեք չենք խոսել, օրակարգում չկա այդ հարցը ոչ միայն մեր կողմից: ԵՄ-ն, իր հերթին, կենդանի մարմին է եւ բավական հզոր է իր ունակությամբ ադապտացվելու նոր իրողություններին։ Բացի այդ, մենք հաշվարկում ենք մեր շահերը, մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ ամրագրում ենք մեր վստահելիությունը՝ որպես գործընկեր: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնելը չենք դնում հակասության մեջ մեկ այլ ուղղության հետ:

– Պարոն Մնացականյան, Գունար Վիգանդը Երեւանում հայտարարեց նաեւ, որ Ադրբեջանի հետ եւս բանակցություններ են ընթանում, սակայն այնտեղ առաջընթացն ավելի փոքր է, այսինքն՝ հստակ է, որ Հայաստանն ու Վրաստանն Ադրբեջանից ավելի բարձր մակարդակի վրա են ԵՄ-ի հետ բանակցություններում: Ի՞նչ առաջնահերթություններ ունի ԵՄ-ն Ադրբեջանի հետ իր հարաբերություններում:

– Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին, ապա Ադրբեջանն ունի իր տրամաբանությունը: Ադրբեջանը ԱՀԿ անդամ չի, ինչը արդեն իսկ նախապայման է ԽՀԱԱԳ շուրջ բանակցություններ սկսելու համար։ Ադրբեջանը այլ նպատակներ ունի, նրանք կարեւորում են էներգետիկ համագործակցությունը, եւ եթե նախընտրում են այլ առաջնահերթություններ, ներառյալ ի վնաս ընդհանուր արժեքների, ապա դա ԵՄ-ի եւ Ադրբեջանի որոշելու խնդիրն է:

– Ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը շեշտել էր, որ ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը ԵՄ-ի կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ: Ո՞ր փուլում են այս պայմանագրերը, պարոն Մնացականյան:

– ԵՄ հետ մարդկանց շարժունակությունը եւ փոխադարձ կապերը դյուրացնելն ու խթանելը մեր հիմնական նպատակներից են: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը միասնական գործընթացներ են, երկու առանձին փաստաթղթեր: Այս պայմանագրերի դեպքում երկու տասնյակից ավելի երկրների վավերացման ընթացակարգ չի լինելու, դրանք միայն կհաստատվեն Եվրախորհրդարանի կողմից  եւ կվավերացվեն մեր խորհրդարանի կողմից: Ակնկալում ենք, որ դրանք ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու պարզեցված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք խմբերի ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես՝ գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, պաշտոնական պատվիրակության անդամների եւ այլոց համար: Նշված կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում է նաեւ մեկ, երկու եւ հինգ տարով բազմակի մուտքի Շենգենյան մուտքի վիզայի տրամադրում՝ ըստ անհրաժեշտության: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի վիզայի գինը՝ 35 եվրո, եւ այն անվճար դարձնել վերոհիշյալ կատեգորիաների, ինչպես նաեւ երեխաների ու թոշակառուների համար:

ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի կիրառումից որոշ ժամանակ անց ԵՄ-ի հետ նախատեսում ենք սկսել քննարկումներ ապագայում ՀՀ քաղաքացիներին ԵՄ Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզայի պահանջից ազատելու շուրջ:

– Բրյուսելում Ընդլայնման ու հարեւանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմանը կողմերը անդրադարձել էին նաեւ ՀՀ-ում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքներին: Պարոն Մնացականյան, ԵՄ-ն պարտավորվո՞ւմ է նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել բարեփոխումներն իրականացնելու հարցում, այս ուղղությամբ արդեն տարվո՞ւմ են աշխատանքներ:

– Իհարկե, նախատեսվող բարեփոխումները նաեւ ծախսատար են։ Բարեփոխումների տրամաբանությունը արտահայտվում է մեր կառավարության գործողությունների ծրագրում, Հայաստանի զարգացման ռազմավարությունում։ Ասոցացման գործընթացը արտահայտվելու է մեր գործողությունների ծրագրում: Մենք կարող ենք նաեւ արագացնել գործընթացները աջակցության միջոցով: Սա է տրամաբանությունը մեր ԵՄ գործընկերների հետ երկխոսության, եւ խոսքը վերաբերում է լրացուցիչ ֆինանսական աջակցությանը: Գոյություն ունեն տարբեր ֆինանսական գործիքներ, որոնց միջոցով ԵՄ-ն աջակցում է մեր բարեփոխումներին:

Մենք օգտագործում ենք դոնորների համաժողով հասկացությունը՝ զարգացմանը եւ բարեփոխումներին աջակցելու համատեքստում, եւ մտադիր ենք շատ լայն շրջանակի հետ գործ ունենալ: Այս ուղղությամբ մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում Եվրոպական հանձնաժողովի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի եւ այլոց հետ:

Մեզ պետք չէ ուղղակի համաժողով հրավիրել՝ ասելու համար, թե անցկացրինք, մեզ արդյունքներ են հարկավոր. ի՞նչ գաղափարախոսություն պետք է ընտրել, ինչպե՞ս անցկացնել, ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ փաստաթղթով ենք առաջնորդվելու, ինչպե՞ս ենք շահագրգռելու պոտենցիալ մասնակիցներին, դրանք միայն պետություններն ու կազմակերպություննե՞րն են, թե՞ նաեւ լայն իմաստով մասնավոր սեկտորին էլ կարող ենք ընդգրկել… Սա մեկ քայլով կոմբինացիա չէ, եւ միայն համաժողով անցկացնել եւ գումարները ստանալը չէ, այլ հսկայական նախապատրաստական աշխատանք է նաեւ մինչեւ անցկացումը։ Իհարկե, սա որոշ չափով նորույթ է նաեւ մեզ համար, բայց դիմել ենք այդ ձեռնարկին, պետք է նախապատրաստենք այդ համաժողովը: Բայց դա եւս մեր քաղաքական օրակարգի մաս է, եւ այդ մասին խոսել են Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ- ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031