Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար հավաստագրի տեղայնացումից ոչ մի կին, պտուղ, նորածին չպետք է տուժի

Մայիս 02,2013 14:07

Մարզում բնակվող հղի կինը, որն ունի նորմալ ընթացքով հղիություն, այսուհետ անվճար ծննդաբերելու իրավունք է ունենալու միայն մարզի վարչական տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում: Սակայն եթե կա բժշկական ցուցում, եւ հղի կինը գտնվում է ռիսկի խմբում, ապա այդ դեպքում նա կարող է ընտրել եւ ծննդաբերել Երեւանի իր նախընտրած ծննդատանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Տիկին Սարիբեկյանի հավաստմամբ՝ Երեւանի ծննդատներում չեն մերժի սպասարկել նաեւ մարզերի այն հղի կանանց, որոնք, ասենք՝ մայրաքաղաքում գտնվելու օրերին գտնվում են ծննդաբերության մեջ, եւ նրանց անհետաձգելի բուժօգնություն է պետք:

Նշենք, որ այս տարվա մայիսի 1-ից մեր երկրում մեկնարկել է ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացման գործընթացը, որի նպատակն այն է, որպեսզի մարզի հղիների եւ 0-7 տարեկան երեխաների համար պետության կողմից հատկացվող գումարները մարզում էլ մնան:

«Առողջապահության համակարգում 2008թ.-ից  մեկնարկել են ծննդօգնության պետական հավաստագրի եւ 2011-ից՝ 0-7 տարեկան երեխաներին ուղղված երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրերը: Նպատակը 2 դեպքում էլ նույնն է՝ ստեղծել մեխանիզմներ, որպեսզի ծառայությունները ե՛ւ հղիների, ծննդկանների, ե՛ւ վաղ տարիքի երեխաների համար իրապես լինեն մատչելի ու անվճար: Այս ծրագրերի արդյունքները ավելի քան խոսուն են. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման արդյունքում ստվերը մոտ 10 անգամ կրճատվեց: Երեխաների հավաստագրի ծրագրի գնահատումը նույնպես ցույց տվեց, որ ոչ պաշտոնական վճարումները 3-4 անգամ կրճատվել են:

Սակայն ցանկացած ծրագրի գործածման ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք շտկելու կարիք են ունենում: Այդ ծառայությունների անվճար լինելը բերեց հատկապես հղիների հոսքի մեծացմանը դեպի մայրաքաղաք, ինչը հանգեցրեց ֆինանսական որոշակի անհամաչափության: Ծնունդների հոսքը մարզերից բերում էր նաեւ ֆինանսների հոսք դեպի մայրաքաղաք: Բնակչությունը դիմում էր այն հաստատություններ, որտեղ ավելի բարձրակարգ ծառայություններ եւ տեխնոլոգիաներ կան: Եվ սա էր պատճառը, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խմբին հանձնարարեց դիտարկել այս խնդիրը եւ տեսնել, թե ինչպես կարելի է ավելի համաչափ դարձնել այս ծառայությունների մատուցումը»:

Կ. Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այսուհետ աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ որեւէ տարբերություն չի դրվելու. թե՛ Երեւանի, թե՛ մարզերի ծննդատների համար անվճար ծննդօգնության հավաստագիրը նույն գինն է ունենալու, ինչը, Կ. Սարիբեկյանի համոզմամբ, կլուծի համահավասար ֆինանսավորման հարցը. «Մենք չունենք այնպիսի մարզ, որը գոնե 1 լավ վերանորոգված ու տեխնիկապես հագեցած, լավ անձնակազմով ծննդատուն չունենա: Բոլոր մարզերում էլ առնվազն 1-2 այդպիսի ծննդատներ կան, հետեւաբար այս տեսանկյունից կնոջ ընտրության իրավունքը սահմանափակված չէ»:

Հանրապետության գլխավոր գինեկոլոգ, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հավաստմամբ.  «Այսօր մարզերում, մասնավորապես՝ ծննդօգնության բուժհիմնարկները հագեցած են ավելի լավ, քան Երեւանի ամենաառաջատար կլինիկաները»: «Առավոտի» հետ զրույցում պարոն Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ անվճար հավաստագրերի տեղայնացումը՝ մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից, միանգամայն ճիշտ քայլ էր՝ անկախ այն բանից, թե ասենք՝ Կոտայքի մարզի Ջրվեժում բնակվող հղի կնոջը ավելի հարմար է մայրաքաղաքում ծննդաբերել, քան Աբովյանում, կամ Արգավանդի բնակչին ավելի դժվար է գնալ Էջմիածին՝ ծննդաբերելու, քան Երեւան հասնել եւ այլն, սակայն, որպես պրակտիկ բժիշկ, պարոն Աբրահամյանը գտնում է, որ ռիսկի խմբում գտնվող հղին անպայման պետք է ուղեգրվի մայրաքաղաք, ինչը նաեւ առողջապահության նախարարի պահանջն է. «Դերենիկ Դումանյանը խորհրդակցության ժամանակ կտրականապես նշեց, որ այս ծրագրի ընթացքում որեւիցե մայր կամ պտուղ չպետք է տուժի: Ճիշտ է, ծրագրի նպատակը մարզային հիվանդանոցների ֆինանսական վիճակը բարելավելն է, բայց այնպես չպետք է լինի, որ պտուղը, նորածինը կամ մայրը խնդիրներ ունենան: Այդ պատճառով էլ ռիսկի խմբի հղիները պարտադիր պետք է ուղեգրվեն Երեւան: Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում, չի կարող կատարվել մարզերում, անհրաժեշտության դեպքում բժիշկները կարող են թիմ կազմել, որը ամեն ինչ կարող է անել, եւ հենց դրա շնորհիվ է, որ վերջին տարիներին ծննդօգնության ցուցանիշները գտնվում են արտակարգ լավ վիճակում: Եթե նախկինում տարեկան բացարձակ թվերով մահանում էին 25-30 կին, ապա վերջին 3-4 տարում 2-3 կնոջ մահվան դեպք է արձանագրվել, այն էլ նրանց մահվան պատճառը ոչ թե անմիջական ծննդաբերությունն է եղել, այլ հղիության ժամանակ ունեցած այլ հիվանդությունները: Այդ բոլորը ճիշտ ուղեգրման համակարգի վրա է: Պերինատալ մահացությունների թիվը զգալիորեն կրճատվել է մարզերում»: «Առավոտի» հարցին, թե՝ տարիներ շարունակ մարզերում բժիշկ-մասնագետների դեֆիցիտ կար, արդյոք լուծվե՞լ է այդ խնդիրը, Ռ. Աբրահամյանը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը մշակել է նոր մոտեցումներ, նայած, թե տվյալ մարզն ինչ մասնագետի կարիք ունի՝ պայմանագրային կարգով մասնագետներ են պատրաստում, որպեսզի ավարտելուց հետո աշխատեն տվյալ մարզում: Երկրորդ՝ ստեղծել են կադրերի բանակ, Երեւանից մասնագետներին երկարատեւ՝ 1-2 ամսով գործուղելու են այն մարզեր, որտեղ այդ մասնագետների կարիքը կա: Այսինքն՝ եղած պայմաններում նախարարությունն ամեն ինչ ձեռնարկում է, որ այդ բաց տեղերը լրացնի: Ամեն ինչ արվում է, որպեսզի ծնունդների քանակը շատ լինի. այսօր ազգաբնակչությունը չունի ոչ մի խնդիր ծննդօգնության առումով»: Հանրապետության գլխավոր գինեկոլոգի համոզմամբ. «Պետք է ունենանք առողջ նորածիններ, որպեսզի նրանցից ծնվի ե՛ւ առողջ աշխատուժ, ե՛ւ զինվոր, ե՛ւ գիտնական, ե՛ւ բժիշկ»:

Անդրադառնալով 0-7 տարեկան երեխաների առողջության անվճար հավաստագրերին՝ Կ. Սարիբեկյանը հստակեցրեց, թե որ դեպքերում երեխան պետք է բուժվի մարզում, որ դեպքերում՝ Երեւանում. «Եթե երեխան հիվանդ է եւ չունի Երեւան ուղեգրելու ցուցում, ապա տվյալ դեպքում նրա ծնողը կարող է ընտրել իր մարզի տարածքի հիվանդանոցների մանկական ստորաբաժանումներից մեկը»: Սակայն եթե երեխան ունի նեղ մասնագիտացված ծառայությունների կարիք, ապա բժիշկը կարող է ուղեգրել մայրաքաղաքի այն  բուժհաստատություններ, որտեղ կա պետական պատվեր:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031