Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկնածուները ճիշտ չեն ընկալում քաղաքի ղեկավարի դերը»

Մայիս 02,2013 13:58

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ թեկնածուները հիմնականում տեսանելի խնդիրներից են կառչում, բայց քաղաքը էկոնոմիկայի տեսանկյունից շատ ավելի գլոբալ նշանակություն ունի:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանում արտադրության եւ արդյունաբերության ոլորտում աշխատավորության թիվը «հազիվ 80 հազարի է հասնում», եւ այն էլ գնալով նվազելու է:

Նկատենք, որ ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ իրենց մոտ կան վարորդների թափուր աշխատատեղեր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ վստահեցրել էր, որ զբաղվածության ծառայությունում էլ թափուր աշխատատեղերի բազմաթիվ հայտեր կան, բայց մարդիկ չեն ուզում աշխատել: «Առավոտը» պարոն Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հայտարարությունը, որ կան աշխատատեղեր, բայց աշխատավորությունը, ըստ պարոն Մակարյանի, նվազել է ու նվազելու է:

Աշխատատեղեր լինելու, բայց աշխատանքից հրաժարվելու պատճառը պարոն Մակարյանը կապեց նախ՝ ցածր վարձատրության հետ, ապա նշեց, որ մարդիկ ավելի մեծ ծավալի դրսից տրանսֆերտներ են ստանում, քան աշխատավարձն է:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ «Հայաստանում միջին աշխատավաձը 300 դոլարի սահմաններում է, բայց դրան հավասար կամ դրանից ավելի մենք ստանում ենք տրանսֆերտների ձեւերով՝ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների կողմից: Պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերտները տարեկան 1.5-2 միլիարդ դոլար են կազմում, բայց միջազգային փորձը կա, որ պաշտոնական թվերից կրկնակի է մեր երկիր մտնող տրանսֆերտները: Այսինքն՝ Հայաստան իրականում 3-4 միլիարդ դոլար է մտնում: Եթե այդ թվերը դնենք իրար կողքի՝ զավեշտական պատկեր է ստացվում. ստացվում է, որ մեր էկոնոմիկայի կամ 50/50, կամ 2 անգամ շատ գումար մենք ստանում ենք դրսից, քան մենք ստեղծում ենք մեր երկրի ներսում: Հիմա եթե դրսից եկող գումարը լիներ ցածր, ասենք՝ մեկ ընտանիքին 50 կամ 100 դոլար, դա գուցե որոշակիորեն կհարկադրեր քաղաքացիներին թեկուզ ցածր աշխատավարձերով աշխատել: Բայց եթե նրանք դրանից ավելի են ստանում, այդ աշխատանքն արդեն իրենց չի հետաքրքրում»: Պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ մարդիկ պարզապես առեւտրային մեթոդով գնահատում են՝ արդյոք արժե՞  չարչարվել, բայց ստանալ պակաս գումար, քան առանց չարչարվելու ստանում են. «Մարդուն չես կարող ստիպել: Ես ինքս այդ փորձն ունեմ, մեզ դիմել էին օգնել միակողմանի ծնողազուրկ ընտանիքներին աշխատանքի հարցով: Նրանք բարեգործական հիմնադրամից ստանում էին 25 հազար դրամ օգնություն, բայց երբ աշխատանք առաջարկեցինք՝ չհամաձայնվեցին. մեր առջեւ հստակ խնդիր դրեցին՝ վարձատրությունը 45-50 հազարից ավելի չլինի՝ մենք չենք աշխատի: Իրենք հաշվարկել էին ցածր աշխատավարձով տրանսպորտի, ընդմիջման եւ այլ ծախսեր անելուց հետո տակը մնալու է 25 հազար դրամ, այդ 25 հազարը տանը նստած ստանում են»:

«Առավոտը» պարոն Մակարյանից նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի Երեւանի ավագանու թեկնածուների նախընտրական ծրագրերը՝   մայրաքաղաքի տնտեսության զարգացման առումով:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ որոշ վերլուծություններով թեկնածուներն իրենց ծրագրերում ավելի շատ միգրացիայի խնդիրն են թիրախ դարձրել եւ այն քաղաքականացրել. սա պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ տեղին է, որովհետեւ միգրացիան հեշտ կանխարգելելի է. «Մարդիկ լքում են Հայաստանը տարբեր պատճառներով, ասենք՝ ընտրություններից հետո չեն իրականանում իրենց ակնկալիքներն ու սպասելիքները, գնում են ոչ ճիշտ ռեֆորմների կամ ռեպրեսիաների պատճառով: Միգրացիային վերաբերող մի քննարկման ժամանակ մասնագետներն ասացին, որ գյուղացիներն ասում են, թե խոպան գնալու «մշակույթը» դեռեւս խորհրդային տարիներից է, իսկ այսօրվա երիտասարդներին էլ դրսի կյանքն է գրավում, որովհետեւ գյուղերում չկան համապատասխան գրավիչ ու հետաքրքիր բաներ: Գնում են, իհարկե, նաեւ տնտեսական պատճառներով»:

Իսկ թեկնածուների քարոզարշավին եւ ելույթներին հետեւելով՝ պարոն Մակարյանը նկատել է, որ նրանք ճիշտ չեն ընկալում քաղաքի ղեկավարի, կառավարչի դերը: Այդ դերը Գագիկ Մակարյանը հավասարեցրեց վարչապետի դերին. «Ինչպես որ երկրում կառավարիչը վարչապետն է, այնպես էլ քաղաքում՝ քաղաքապետն է: Թեկնածուները հիմնականում տեսանելի խնդիրներից են կառչում, բայց քաղաքը էկոնոմիկայի տեսանկյունից շատ ավելի գլոբալ նշանակություն ունի, եւ ավելի խորությամբ պետք է նայեն դրան, իսկ ծրագրերում դա արտահայտված չէ, որոշների մոտ կա: Իմ կարծիքով՝ մայրաքաղաքի էությունն ու դերակատարումը առավել է Հայաստանի դեպքում, քանի որ Երեւանի էկոնոմիկայի 50%-ը, բնակչության 50%-ը եւ այլ ցուցանիշների 50%-ն է իր մեջ ներառում, եւ ուրեմն քաղաքի դերն ավելի մեծ է: Բայց եթե անգամ այդ տոկոսները լինեին, ասենք, 10, քաղաքը մնում է տնտեսապես կարեւոր օղակ, եւ այդ օղակը միայն կանաչապատումը չէ, միայն ասֆալտապատումը չէ, միայն կոյուղին կամ աղբահանությունը չէ: Քաղաքն ունի տնտեսական  նշանակություն, որին պետք է սպասարկեն այդ աղբահանությունն ու այլ ենթակառուցվածքները»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031