Մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք» մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քաղաքապետարանը «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Միջազգային մարաթոնների և հեռավար վազքի միություն) հետ համատեղ: Ընդգծելով, որ մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակը ոչ միայն հասարակության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն է, այլև վերջիններիս այդ խնդիրների լուծմանը անմիջական մասնակից դարձնելը. «Համոզված եմ, որ նախորդ տարվա փորձը վարակիչ օրինակ կհանդիսանա, և այս տարի ավելի մեծ թվով ընկերություններ ու անհատներ կմասնակցեն մրցույթին՝ դրանով իրենց նպաստը բերելով մայրաքաղքում ևս մի կանաչ գոտու վերականգնմանը»,- նշել է աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալը՝ ավելացնելով, որ այս տարի մոտ 400 վազորդի մասնակցություն է ակնկալվում:
Միջազգային մարաթոնների և հեռավոր վազքի միության (AIMS–ի) ներկայացուցիչ Ջոն Կունկելերը, նշել է, որ ոչ բոլոր քաղաքներում է հնարավոր լինում նման մրցույթ կազմակերպելը. «Երևանն այս առումով շահեկանորեն տարբերվում է: Այստեղ լիովին ապահովված են պահանջվող չափորոշիչները ինչպես վազքատարածության երկարության, այնպես էլ մյուս պայմանների առումով»,- նշել է վերջինս և հույս հայտնել, որ Երևանում արդեն հաջորդ նման մրցույթը միջազգային կլինի:
Golden Tulip Yerevan հյուրանոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոց – Golden Tulip Yerevan հյուրանոց վազքուղով ընթացող մրցույթին կարող են մասնակցել գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ ու անհատներ: Գրանցումը կատարվում է բացառապես առցանց՝ www.businessrun.am կայքի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 5-ը: Երեխաների մասնակցությունը անվճար է, իսկ մեծահասակները 10կմ վազքի մրցմանը մասնակցելու համար պետք է վճարեն 10.000, իսկ 10կմ հերթափոխով (թիմային) վազքի համար՝ 30.000 դրամ: Մրցույթին երեխաների մասնակցությունը հովանավորում է «Ամերիա» բանկը, իսկ հաղթող թիմը Ավստրիական ավիաուղիների կողմից կհրավիրվի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-ին կայանալիք «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն