Սեռով պայմանավորված աբորտների պատճառով 93 հազար պոտենցիալ մայր կկորցնենք մինչեւ 2060 թվականը
Հայաստանում 1996 թվականից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկը կազմում է գրեթե 39 հազար: Սա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բնակչության հիմնադրամի ուսումնասիրության արդյունքներն են, որոնք այսօր ներկայացվեցին: Ըստ 2012 հունիսից մինչեւ 2013 թ- հունվարը կատարված ուսումնասիրության արդյունքների, ներկայումս նորածինների սեռերի համամասնությունը խախտված է եւ այն կազմում է 115 տղային` 100 աղջիկ: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է, Հայաստանն այս առումով մի փոքր զիջում է Չինաստանին եւ Ադրբեջանին: Նորածինների սեռերի նման անհամամասնությունը, այսինքն տղա երեխաներին գերապատվություն տալով, իսկ աղջիկ երեխաներին աբորտ անելով, Հայաստանը կարող է մինչեւ 2060 թվականը կորցնել գրեթե 93 հազար պոտենցիալ մայր, իսկ սա նշանակում է, որ մեր երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80 հազար մարդով:
Ուսումնասիրության վերբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` «Եթե չկարողանանք կասեցնել այս երեւույթը, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի`20-39 տարեկան տղամարդկանց մեծ մասը շուտով ընտանիք կազմելու դժվարություններ կունենա. կամ պարզապես կին չի գտնի, կամ` կարտագաղթի, կամ էլ` դրսից կին կբերի»:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Փարիզի բնակչության եւ զարգացման կենտրոնի զարգացման հետազոտական ինստիտուտի դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե գրանցված երեույթն արդյոք առանձնահատուկ է տարածաշրջանին եւ կա՞ որեւէ տարբերություն մեր եւ հարեւան երկրների միջեւ ասաց. «Հայաստանը բավականին մեծ ընդհանրություններ ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ավելի քիչ ընդհանրություն ունի Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է մինչծննդյան գենդերային խտրականությանը, ես չեմ կարողանա ավելի մանրամասն համեմատականներ տալ, որովհետեւ Հայաստանը հիմա այն երկիրն է, որի մասին շատ ավելի մեծ տվյալներ կան, քան նրա հարեւանների: Մենք գիտենք, որ Ադրբեջանում նորածինների սեռերի հարաբերակցությունը մի փոքր ավել է, Վրաստանում` մի փոքր նույնն է: Լեռնային Ղարաբաղում սեռերի հարաբերակցության տարբերությունը մի փոքր բարձր է, սա շատ հետաքրքիր է, որովհետեւ փոքր տարածք է»:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Զահիդուկ Հյուքն էլ պատասխանելով մեր հարցին ասաց. «Թուրքիայի վերաբերյալ մինչեւ օրս էլ այնքան շատ տվյալներ չունենք: Միայն որոշ տվյալներ կան մինչծննդյան սեռերի վերաբերյալ, ըստ որոնց, կա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Մենք փորձում ենք վերլուծել իրավիճակը Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում, բայց համենայնդեպս պետք է փորձենք ամբողջ տարածաշրջանի համար պարզել խորքային պատճառները եւ մշակել ռազմավարություն, որը կարող է փոխանակվել երկրների միջեւ եւ շտկել վիճակը»:
Aravot.am-ի այն հարցին էլ` թե խնդրի լուծման ինչ տարբերակներ են տեսնում, դոկտոր Գիլմոտոն ասաց, որ սա այնքան էլ հեշտ եւ 1 օրում լուծվելիք խնդիր չէ. «Նորածինների սեռերի անհամամասնությունը խարսխված է տղայի գերապատվության վրա, իսկ սա իր հերթին խարսխված է ընտանիքում արմատացած որոշակի արժեքների եւ մոտեցումների վրա: Այնպես չէ, որ կառավարությունը կարող է միանգամից լուծել խնդիրը: Հայաստանի քաղաքացիական հասարակության խնդիրը պետք է լինի արձագանքել այս խնդրին: Հասարակության մեջ գոյություն ունի գենդերային խտրականություն եւ սա խորքային պատճառներ ունի, որը խոսում է ընտանեկան համակարգի որոշակի ուղղվածության մասին, որը հիմնվում է տղայի գերակայության վրա»:
Հարցին էլ, թե սա զուտ ասիակա՞ն խնդիր է, դոկտոր Գիլմոնտոն ասաց, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ օրինակ Ինդոնեզիայում ամուսնացած զույգերի մեծ մասը շատ տարիներ ապրում են կնոջ ընտանիքում. «Մի բան, որ Հայաստանում ավելի շատ ծաղրանքի է արժանանում, մի բան որ Ասիայի շատ հատվածներում չենք տեսնում»:
Գարիկ Հայրապետյանի խոսքերով էլ` սա ավելի շատ տղամարդու եւ կնոջ անհավասարության խնդիր է. «Եթե մենք համոզված լինենք, որ մեր հասարակության մեջ կինն ունի հավասար պայմաններ, կարծում եմ այդ նախապատվությունը չի լինի»:
Նշենք, նաեւ, որ ըստ ուսումնասիրության, ընտանիքներում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաների մեջ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ