Բայց նաեւ մտահոգություններ կան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական-բեմադրական բարձրակարգ տեխնիկան մշակույթի մարդկանց ու արվեստասեր հասարակայնությանը օրերս ցուցադրվեց գալա համերգով: «Առավոտը», զրուցելով որոշ անվանի արվեստագետների հետ, պարզեց, որ նրանք հիացմունքին զուգահեռ՝ ունեն նաեւ դիտարկումներ, առաջարկներ եւ նույնիսկ մտահոգություններ:
Գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը՝ նշելով, որ վաղուց չէր եղել օպերային թատրոնում, ասաց. «Սա է օպերային բեմը, կարծես չմարող հրավառություն լինի: Ես միայն հիմա զգացի, թե ինչ բան է բեմական բարձրակարգ տեխնիկա ասվածը: Սա դեռ համերգ է, համոզված եմ՝ ներկայացման ժամանակ վառ գույների շնորհիվ չեն երեւա ներկայացումներին այնքան բնորոշ աննշան թերությունները: Այս առիթով շնորհակալական խոսք եմ ուզում հղել՝ սկսած երկրի նախագահից մինչեւ թատրոնի տնօրեն: Իսկ ի՜նչ հրաշալի ձայներ ունենք…»:
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի խոսքերով՝ «Այս տեխնիկան ինձ համար նորություն չէ, արեւմտյան թատրոններում շատ եմ «շփվել» դրա հետ: Հայերեն լավ է հնչում, իսկապես տեխնիկայի վերջին ճիչով վերազինվել է բեմը, ինչի ականատեսը եղանք, այսուհանդերձ, այդ «վերջին ճիչը» ավելի ակնհայտ կերեւա բեմադրություններում, որոնց ես ու, հուսով եմ՝ օպերասեր հասարակայնությունը սպասում ենք անհամբերությամբ»:
Կարդացեք նաև
Երաժշտագետ, պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը հիշեցնելով, որ բեմի հիմնանորոգման աշխատանքները փայլուն է կատարել ավստրիական «Վաագներ-Բիրոն», ասաց. «Վերջապես օպերային ներկայացումներում կխոսենք նաեւ լուսային ռեժիսուրայի մասին, ինչը որքան շքեղ է, նույնքան էլ «շքեղ» ու պարտավորեցնող աշխատանք է պահանջում թե ռեժիսորից, թե նվագախմբից ու մենակատարներից: Մի խոսքով՝ ողջ ստեղծագործական կազմից»:
Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի փոխանցմամբ՝ «Այ սա արդեն հրաշք է: Միայն մտավախություն ունեմ, որ բեմը իր անգին տեխնիկայով շոուների չվերածվի եւ այդ տեխնիկայի հետ պետք է նրբորեն վարվել: Իսկապես զարմացած եմ լույսերի խաղով: Օպերային թատրոնի համար արդեն ժամանակն է լծվել խաղացանկային ներկայացումներին «նոր» գույներ հաղորդելու բարդ, բայց հաճելի աշխատանքին: Ի դեպ, կոմեդիայի թատրոնը երկրորդն է լինելու, որ պետք է ունենա նման տեխնիկա, որին սպասում ենք անհամբերությամբ»:
Դերասան Միքայել Պողոսյանը նշեց, թե օպերային թատրոնում կազմակերպվող միջոցառումների ժամանակ բեմ բարձրանալու առիթն արդեն բաց չի թողնի: Նաեւ հայտնեց, որ չտեսնված բան է. բեմական ողջ անցուդարձը ռեժիսորն այսուհետեւ կղեկավարի նորագույն վահանակի օգնությամբ՝ երկու էկրաններին միաժամանակ տեսնելով բեմում ու դահլիճում կատարվող իրադարձությունները: Ֆիզիկապես ու բարոյապես մաշված սարքավորումների փոխարեն արդեն կան ժամանակակիցները: Նրա ասելով, նման պայմաններում արտիստին էլ է հաճելի ստեղծագործելը:
Թատերագետ Արա Խզմալյանը շեշտեց, թե օպերային թատրոնը եղել եւ մնում է համաշխարհային քաղաքակրթությանը, մշակույթներին հաղորդակից լինելու չափանիշ: Նա ցանկություն հայտնեց, որ մեր երկրում մշակվի այնպիսի ռազմավարություն, որի արդյունքում աշխարհի տարբեր թատրոններում ու բեմերում հանդես եկող մեր երգիչներն ու երաժիշտներն առհասարակ իրենց կամոք վերադառնան հայրենիք. «Կուզենայի, որ տեխնիկապես գերհագեցած բեմին հաջորդեր նաեւ արտիստների ֆինանսական պայմանների բարելավումը եւ միայն այս դեպքում, համոզված եմ, կներկայացնենք միջազգային բարձր չափանիշներին համապատասխան օպերային արվեստ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Թեպետ, պարոն Ս. Դանիելյանը հարկ չի համարել իմ կարծիքը իմանալու, բայց ես ուզում եմ եղած կարծիքներին ավելացնել իմը, որպես օպերային թատրոնի երաժշտական հարցերի խորհրդականի: Իրոք, այսօր մենք ունենք տեխնիկապես հագեցած շատ լավ օպերային թատրոն, նաև՝ շատ լավ կատարողական ուժեր: Մնում է, որ մեր թատրոնն ել կարողանա եվրոպական օպերային թատրոնների նման շահութաբեր աշխատի: Դրա համար, առաջին հերթին, պետք է ունենանք շահութաբեր ներկայացումներ՝ համագործակցելով արդի հայ կոմպոզիտորների հետ, որպեսզի ստեղծվեն և բեմադրվեն այսօրվա մեր հասարակությանը հոգեհարազատ, շուկային մրցունակ նոր ներկայացումներ: Բոլոր ժամանակներում այսպես է զարգացել օպերային արվեստը: Հարգանքով՝ Ա. Բաբայան