Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների կարծիքով`ավագանու ընտրությունների օրը լինելու է թաղային, քուչի ռազմաքաղաքական գործընթաց

Մայիս 02,2013 13:33

Այսօր «Մեդիա կենտրոնում» Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին ընտրությունների վերահսկողության մասին:

Ներկա էին Սաթիկ Բադեյանը՝ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ից,  Աշոտ Մելիքյանը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից», Աղասի Եսայանը`  «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» հ/կ-ից,
Վահրամ Վարդանյանը` «Ընտրական համակարգեր կենտրոնից», ինչպես նաեւ`  Iditord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին իրենք ընդամենը 15 ահազանգ են ստացել, ինչը համեմատած նախորդ` նախագահական ընտրությունների հետ, ցածր արդյունք է. «Մեր կայքում եղած ահազանգերը մենք չենք էլ տեսնում, թե ով է ուղարկել, այնպես որ, մարդիկ կարող են չվախենալ, հանգիստ ահազանգել, եթե կան խախտումներ»: Բադեյանի փոխանցմամբ`իրենք 100  դիտորդների միջոցով են աշխատելու. «Աշխատելու ենք առավոտյան ժամը յոթից, 100  դիտորդներ են աշխատելու, ունենալու ենք նաեւ երկու շրջիկ խումբ, որոնք էլ արագ կարձագանքեն տեղի դիտորդների ահազանգերին»:

Մելիքյանն էլ ասաց` «Մենք դիտորդներ չենք ներգրավելու, բայց հետեւելու ենք, թե ինչպես են աշխատելու  ԶԼՄ-ները, գործելու է նաեւ մեր «թեժ  գիծը», բացի այդ` մեր արագ արձագանքման խումբն է աշխատելու, որ եթե հանկարծ ահազանգ լինի որեւէ լրագրողի հետ կապված, անմիջապես գնանք այնտեղ: Միաժամանակ նշեմ, որ հավաքելու ենք այլ խողովակներից արդյունքներ, վերլուծելու ենք դրանք, ապա տվյալները ներկայացնելու հասարակոթյանը»:

Շագաֆյանի խոսքով`  իրենք 55 դիտորդ են ունենալու, աշխատելու են 11 եւ 12 ընտրատարածքներում:

Եսայանն էլ ավելացրեց` «Մեր դիտորդները sms հաղորդագրությունների միջոցով կարողանալու են ուղարկել քվեարկության տվյալները, իսկ համակարգը` դա մատչելի է դարձնելու հանրությանը»:

Վարդանյանն էլ ասաց, որ ընտրությունների օրը դիտարկում են իրականացնելու  60  դիտորդի միջոցով, աշխատելու են 11 եւ 12 ընտրատարածքներում:

Անդրադառնալով ընտրությունների օրվան, Մարտիրոսյանն ասաց` «Ինձ թվում է՝ այդ օրը լինելու է թաղային, քուչի ռազմաքաղաքական գործընթաց: Պետք է լինեն մարդիկ, ովքեր կվերահսկեն, երեւի սաղավարտներով»:

Բադեյանը կարծիք հայտնեց, որ բոլոր հնարավոր խախտումները կլինեն տեղամասային կենտրոններից դուրս, քանի որ կենտրոններում վերահսկողությունը շատ խիստ է լինելու եւ հասարակական հնչեղությունը՝ շատ օպերատիվ:

Մելիքյանը ակնկալում է, որ քաղաքական ուժերը եւ նախեւառաջ իշխող կուսակցությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ կանխելու համար այն միջադեպերը, որ տեղի ունեցան նախորդ ընտրությունների ժամանակ. «Ակնկալում եմ, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում կտա իր ենթականերին պահպանել անհրաժեշտ կարգուկանոնն ու բարենպաստ միջավայր ստեղծել, որպեսզի լրագրողները կարողանան կատարել իրենց առաքելությունը»:

Շագաֆյանը ավելացրեց, որ համայնքային ընտրություններն ավելի պարարտ դաշտ են ստեղծում թաղային հեղինակությունների մասնակցության համար:

Ըստ Վարդանյանի` իրենք  պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, որ դիտորդները մինչեւ վերջ չեն բացահայտում իրենց ֆինանսավորման աղբյուրները, ինչն արդեն կասկածի տեղիք է տալիս:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031