Նոր մոնոներկայացում՝ «Բարեւ»
Երեկ ավարտվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային փառատոնը: «Առավոտի» ուշադրությունը գրավեց Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի «Բարեւ» մոնոդրամայի ներկայացումը՝ հեղինակի մատուցմամբ: Սա հոգեբանական խաղ է, որում ներկա է նաեւ պարը: Այսինքն՝ հերոսուհու տրամադրություններն ու հուզական պոռթկումները արտահայտվում են նաեւ պարի միջոցով, ու եթե կա պար, ապա ենթադրվում է՝ պարուսույց: Բեմադրիչն է հայկական բալետի աստղ, Ազգային օպերային թատրոնի արտիստ Ռուբեն Մուրադյանը, ում համար այս բեմադրությունը յուրատեսակ փորձություն էր, առաջին ռեժիսորական աշխատանք: Մեզ հետ զրույցում գրող, դրամատուրգ Նորայր Ադալյանն ասաց. «Անահիտի դերասանական կատարումը ինձ համար նորություն չէ, նորություն է դերասանուհու ստեղծած գրականությունը»: Թատերագետ Մարգարիտա Յախոնտովան էլ կարեւորեց դրամայում առկա կատակերգականի ու դրամատիկականի «ձուլվածքը», հավելելով, որ իրեն զարմացրեց դերասանուհու պլաստիկան, հարուստ արտահայտչականությունը, ինչը խոսում է դերասանական լայն դիապազոնի մասին: Իսկապես, «Բարեւը» կատակերգական եւ դրամատիկական իրավիճակների ներթափանցումներով պատկերում է կնոջ հոգեվիճակի բազմազանությունը, նրա միայնակությունն ու լքվածությունը: Անահիտ Մութաֆյանի հերոսուհին դերասանուհի է, ով հայտնվելով միայնության մեջ, հիասթափված է ամեն ինչից, իսկ նրան թատրոնում ու շրջապատում կարծես մոռացել են: Հեռացել է նույնիսկ սիրած տղամարդը… Այս ամենի դեմ պայքարի միակ միջոցը հերոսուհու համար մնում է ինքնասպանությունը, ինչն էլ իրականացնում է հրապարակայնորեն՝ իրեն կախելով հյուրանոցի համարներից մեկում եւ դրանից առաջ, իր վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, տաքսի է պատվիրում:
Մեզ հետ զրույցում Անահիտ Մութաֆյանն ասաց. «Ռուբենը եւ ես հաճույքով համագործակցեցինք, որովհետեւ յուրաքանչյուրիս համար մեր մասնագիտությունից զատ՝ նորություն կար. Ռուբենն իր համար բացահայտում էր դրամատիկական խաղի կանոնները, իսկ ես պարի միջոցով՝ հոգեվիճակներ ներկայացնելու հնարավորությունները»: Հարցին, թե հնարավո՞ր էր կարճ ժամանակահատվածում յուրացնել պարային շարժումներն ու էլեմենտները, դերասանուհին պատասխանեց. «Ինստիտուտում ունեցել եմ հայ բալետային պարարվեստի երախտավոր Թերեզա Գրիգորյանի նման պարուսույց-դասախոս, ով, ի դեպ, քանիցս առաջարկել է ուսում ստանալ նաեւ պարարվեստի քոլեջում»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում` Անահիտ Մութաֆյանը եւ Ռուբեն Մուրադյանը:
«Առավոտ» օրաթերթ