Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Rush-ն ընդգրկվեց Ռոք-ն-ռոլի փառքի սրահում

Մայիս 02,2013 13:17

Լոս Անջելեսի Nokia ամֆիթատրոնում կայացած 28-րդ հանդիսավոր արարողության ընթացքում կանադական պրոգ-եռյակ Rush-ը վերջապես ընդգրկվեց Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Չնայած նրան, որ ըստ Ռոք-ն-ռոլի փառքի սրահի կանոնների՝ Rush-ը դեռ 1998-ից ընդգրկվելու իրավունքն ուներ, խմբի անդամներ Գեդի Լին, Ալեքս Լայֆսոնը, Նիլ Փիրտն ու նրանց երկրպագուները դրան սպասեցին 15 տարի: Արարողության ընթացքում, դիմելով հանդիսատեսին, որի մեծ մասն եկել էր հատուկ խմբին քաջալերելու համար, հարվածահար եւ երգերի խոսքերի հեղինակ Նիլ Փիրտն ասաց. «Մենք երկար ժամանակ շարունակ ասում էինք, թե սա մի մեծ բան չէ: Դուրս է գալիս, որ դա այդպես չէ»: «Սա փոքր-ինչ շլացուցիչ է փոքր հրեա տղայի համար՝ Տորոնտոյից»,- ասաց բաս-կիթառահար, ստեղնահար եւ վոկալիստ Գեդի Լին՝ շնորհակալություն հայտնելով «երկրագնդի ամենակրքոտ, ամենանվիրված, ամենաանհավանական երկրպագուների բանակին»: Կիթառահար Ալեքս Լայֆսոնի շնորհակալական խոսքը հիմնականում բաղկացած էր տարբեր երանգներով արտասանված «բլա-բլա-բլա»-ներից, որն, այնուամենայնիվ, փոխանցեց այն միտքը, թե որքան է խումբը զարմացած վերջապես ընդգրկվելու փաստի կապակցությամբ եւ որքան է շնորհակալ բոլոր երկրպագուներին՝ Rush-ին սատարելու համար: Ռոք-ն-ռոլի փառքի սրահ Rush-ին առաջնորդելու պատիվը հանձնվել էր Foo Fighters-ի Դեյվ Գրոլին ու Թեյլոր Հոկինսին: «Այդ երբվանի՞ց է Rush-ը դարձել զիլ խումբ»՝ կատակով սկսեց իր խոսքը Գրոլը, ինչը հանդիսատեսը դիմավորեց մեծ ոգեւորությամբ: «Ո՞վ է թույլ տվել հարվածահարին երգերի խոսքեր գրել: Բացարձակապես իմաստ չկա,- շարունակեց Հոկինսը,- Rush-ը կոտրեց բոլոր կանոնները, բայց մի՞թե դա չէ ռոք-ն-ռոլի ոգին»: Բացի Rush-ից, Ռոք-ն-ռոլի փառքի սրահի այս տարվա նորաթուխ անդամները դարձան Heart-ը, Ալբերտ Քինգը, Ռենդի Նյումենը, Public Enemy-ն, Դոննա Սամերը, Լու Ադլերը եւ Քուինսի Ջոնսը:

«Ռոք-ն-ռոլի փառքի սրահ» հիմնադրամը ստեղծվել է 1983թ.: Հիմնադրամը սկսեց երաժիշտներ ընդգրկել 1986-ին: Ըստ կանոնների՝ երաժիշտը կամ խումբը իրավունք է ստանում սրահում ընդգրկվելու առաջին ձայնագրության լույս տեսնելուց 25 տարի հետո:

Այսօր Ռոք-ն-ռոլի փառքի սրահը թանգարան է, որը գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, Էրի լճի ափին: Թանգարանի նպատակն է ներկայացնել ամենահայտնի եւ ամենաազդեցիք երաժիշտների, պրոդյուսերների եւ այլ անձանց, ովքեր ազդեցություն են թողել երաժշտական ինդուստրիայի զարգացման վրա ռոք երաժշտության միջոցով: Վերջին տարիների ընթացքում Ռոք-ն-ռոլի փառքի սրահը հաճախ դառնում է քննադատության թիրախ: Քննադատների մտահոգության պատճառն այն է, որ մրցանակաբաշխության գործընթացը թափանցիկ չէ եւ կառավարվում է հիմնադիր Յան Վեների, հիմնադրամի նախկին տնօրեն Սյուզան Իվանսի եւ գրող Դեյվ Մարշի կողմից, ովքեր երաժիշտներ չեն եւ ընտրությունն արտացոլում է այդ մի քանի անհատների անձնական ճաշակը եւ ոչ թե ամբողջ ռոք աշխարհի կարծիքը: Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 28-րդ հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ամերիկյան HBO հեռուստաալիքով՝ մայիսի 18-ին:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031