Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեք փաստարկներ գտնել

Մայիս 02,2013 13:12

«Ի՞նչ ես անում իմ տարածքում»՝ տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»՝ գուցե օդի՞ց է): «Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երեւանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց կամ իրենց կուսակցությանը: Խորքում ընկած է մտքի տկարությունը. այդ մարդկանց մտքով չի անցնում, որ իրենք պետք է հավասար հիմունքներով մրցակցեն այլ կուսակցությունների հետ, խոսքով եւ գործով ապացուցեն, որ իրենց փաստարկներն ավելի ուժեղ են, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հնարավոր հաղթանակի կամ պարտության մասին: Իսկ եթե դուք ցանկանում եք պարզապես քշել, վտարել, լռեցնել ձեր ընդդիմախոսներին, դա նշանակում է, որ դուք, մեծ հաշվով, պարտվել եք:

Այնպես որ, հարգելի հանրապետականներ, մի՛ խուսափեք ձեր մրցակիցների հետ խաղաղ, բարեկամական, քաղաքակիրթ բանավեճերից: Երբ լրատվամիջոցները դրանք կազմակերպում են, մի՛ փախեք՝ ոչ ոք ձեզ այնտեղ չի ուտի. վերջում իրար կժպտաք ու ձեռք կսեղմեք՝ այդպես պետք է լինի: Անպայման չի, որ դուք ամեն տեղ լինեք իրավիճակի տերնուտիրականը, անպայման չէ, որ ձեր մեջքին դագանակներով զինված ոստիկաններ լինեն: Ավելին ասեմ՝ անպայման չէ, որ դուք ամեն տեղ մեծամասնություն լինեք: Ես, օրինակ, քաջ գիտակցում եմ, որ բոլոր կուսակցություններում, ինչպես նաեւ կուսակցություններից դուրս Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք ինձ նման են մտածում թե՛ քաղաքական եւ թե՛, առավել եւս, այսպես կոչված, «ազգային» հարցերում: Եվ ոչինչ՝ կյանքից չեմ բողոքում:

Մենախոսական մշակույթի ժամանակն անցել է՝ հնարավոր չէ մարդկանց ուղեղները լվալ՝ բոլոր այլընտրանքային տեսակետները արգելափակելով: «Բիլակներով», «թափով», «ձեն բերող» տղերքը, վարչական շրջանների կոռուպցիոն բաժինների ղեկավարները կամաց-կամաց կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը: Հեռուստաեթերում այսօր չկա իշխանական մենախոսություն, թերթերում երբեք չի եղել, դե, իսկ ինտերնետում այնպիսի բազմազանություն է, որ թող ու փախիր: Բայց, մյուս կողմից, փաստ է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր մրցակիցներից ոչ մեկի հետ բանավեճի չմասնակցեց: Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ բազմաթիվ շտաբները իրենց թաղն ընկալում են որպես «սեփական տարածք», որտեղ նրանք չպիտի թողնեն «օտարականներին»:

Առաջին հերթին հենց Հանրապետականը պետք է շահագրգռված լինի հանդես գալու որպես քաղաքական ուժ՝ հույսը չդնելով «թաղի տղերքի բիլակների» եւ ոստիկանների դագանակների վրա: Եթե չշարժեն իրենց միտքը, եթե իրենց ընդդիմախոսների հետ չմտնեն քաղաքական շփման մեջ, դա լավ չի վերջանա: Այպես որ՝ մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեք, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին: Ամեն ինչ Աշոտյանի վրա մի գցեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    —————-ԲԵԿՈՒՄ կամ Ձոն երկրորդ՝———————
    նվիրված ՔՅԱՌԹԱԳԵՆԻ երդվյալ և ակամա պաշտպաններին

    Երբ գունատվում, մայր է մտնում պարտի-ական պրոպագանդան
    Գործի մեջ է մտնում նրա ավանգարդը՝ ընտրաբանդան:
    Լղոզում և նկարում է կենտրոնական ագիտպրոպը.
    -Անտեսանելի ամպից է առաջանում ճիշտ ամպրոպը:

    -Պետք է այրել, հողում թաղել ընտրածների ողջ ցուցակը,
    Որ չբացվի պատվազրկված թերթիկների մեծ տրցակը:
    Վատ չի լինի պատրաստ պահեք դիմակներն ու մկան ծակը,
    Մեկ էլ տեսար՝ վրիպեց մեր տենդահարույց Քաջ Մոծակը…

    Նրանց վտիտ ուղեղներում շահն էր նստած հող հայրենուց՝
    Առաջադեմ էին միայն մարդամսակեր վայրենուց,
    Բայց կարգախոս ու փուչիկներ՝ որքան ուզեք, ըստ պահանջի,
    Հառա՜ջ էին գոռում երթում հետընթացի ու նահանջի…

    Հավանաբար շատ ծռեցին առանց այն էլ ծուռ հայելին
    Հույսը դրած Քաջ Մոծակի կախարդական հմայիլին,
    Որ ճաք տվեց մեծ աղմուկով ու փշրվեց, դարձավ ավազ
    Պտույտ գործեց Չարխ անիվը ակնթարթից արագավազ…

  2. Armine G says:

    Պրն Մախսուդյան, Ձեր ՔՅԱՌԹԱԳԵՆԻ շարքը պարզապես հրաշալի է՝ արդիական և ճշմարիտ:

    Պրն Աբրահամյան, Ձեր կոչը հանրապետականներին նույնպես արդիական ու տեղին է, ԲԱՅՑ նրանք եթե Ձեր խորհրդին հետևեն, ուղղակի կարագացնեն իրենց խայտառակ տապալումը, որովհետև չեն դիմանա ոչ մի բանավեճի և ոչ էլ կարող են թաքցնել իրենց «վտիտ ուղեղների» բթությունը:

    Իսկ իմ կողմից ավելացնեմ կրկնելով շատ անգամ հնչած կոչ Հայ ժողովրդին՝ եկեք մեզնից հեռու վանենք ՎԱԽԸ՝ հաղթահարելով մեր միջի հանդուրժող ու համակերպվող քաղաքացուն:
    Եթե մարդիկ հետևանքներից չվախենան ու իրենց ազատ կամքով քվեարկեն, մենք կունենանք մեզ արժանի քաղաքապետ:

    • Արմեն says:

      եկեք մեզնից հեռու վանենք ՎԱԽԸ՝ հաղթահարելով մեր միջի հանդուրժող ու համակերպվող քաղաքացուն: Եթե մարդիկ հետևանքներից չվախենան ու իրենց ազատ կամքով քվեարկեն, մենք կունենանք մեզ արժանի քաղաքապետ:

      Կուզեք պատասխանեք կուզեք ոչ, ես պատասխան չեմ ակնկալում: Քանի ազգական, ընկեր, հարևան, բարեկամ ունեք, որ կոչ եք արել ինչպես վերում, որ չվախենան ու գնան բանակ:

  3. Armine G says:

    Անկեղծորեն կպատասխանեմ՝ ոչ մեկին կոչ չեմ արել որ գնա բանակ: Բայց եթե բոլորը վախենային ու խուսափեին բանակից, հիմա Արցախ ու Հայաստան կունենայի՞նք:

    Եթե վախենանք ու չընտրենք մեր հոգու խորքում նախընտրած թեկնածուին, ինչպե՞ս կարող ենք հուսալ երկրի առաջընթացի կամ բարելավման մասին: Համաձայն եմ, շատ դժվար է, բայց պետք է հաղթահարենք: Մեզնից՝ յուրաքանչյուր անհատից պետք է սկսվի առաջընթացը: Սրանում է մեր հաղթանակի բանալին: Կկարողանա՞նք մեր միջի վախը արմատախիլ անել, կհասնենք հաղթանակի, չե՞նք կարողանա հաղթահարել մեր իսկ վախը, կասկածը, հանդուրժողականությունը – ոչ մի առաջընթաց էլ չենք ունենա ու թույլ կտանք որ կշարունակեն մեզ կեղեքել:
    Հենց դա հաշվի առնելով ու դրա վրա հիմնվելով են ներկա իշխանությունները հասել բարձրունքների ու ամրապնդվել. ժողովրդին վախեցնելով ու ահաբեկելով շարունակում են պահել իրենց դիրքերը: Քանի դեռ իրենցից վախեցող կա, նրանք կմնան իրենց դիրքերում:

Պատասխանել