Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. Ես կկապվեմ Ավանի տնօրենների հետ

Մայիս 02,2013 13:00

Ըստ Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման՝ Ավանի դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են, որ այս տարի ավարտական երեկույթներն անպայման կազմակերպվեն եւ անցկացվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ու յուրաքանչյուր աթոռի համար պետք է վճարեն 11 000 դրամ: Աղբյուրը նաեւ նշում է, որ Վահե Ավետյանի սպանությունից հետո մեր համաքաղաքացիներից շատերը հրաժարվել են միջոցառումներ կազմակերպել նշված ռեստորանում:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ կա՞ նման բան:

Տիկին Սողոմոնյանը հայտնեց, որ դպրոցն ավարտելուց հետո ծնողներն ու երեխաներն են որոշում ՝ որտեղ խնջույքներ իրականացնել, եւ դա միայն նրանց իրավունքն է. «Մենք այդ դաշտ չե՛նք մտնում, որովհետեւ այդ երեխաներն ավարտելուց հետո այլեւս դպրոցի աշակերտ չեն: Ինչ վերաբերում է ներկային, քաղաքապետի կողմից խիստ հանձնարարություն կա՝ քեֆերն ընդհանրապես մոռանալ, որովհետեւ դեռ քննական շրջան է, դրամահավաքությունը եւս խիստ արգելված է բոլոր նպատակներով, ինչում մենք հետեւողական ենք»:

Կրթության վարչության պետը ասաց, որ սովորաբար դպրոցներում ամեն դասարան վերջին դաս է անում, որի ընթացքում դասղեկը բարեմաղթանքներ է անում երեխաներին, խոսում նրանց մասին՝ հիշողություններ, հետաքրքիր դեպքեր՝ ծնողական խորհրդի ներկայությամբ, դպրոցի տնօրենն էլ շրջում է դասարաններով: «Վերջին զանգի օրը սա՛ է լինելու»,-շեշտեց Գայանե Սողոմոնյանը՝ ասելով, որ Վերջին զանգի օրվա հետ կապված նոր հանձնարարական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից դեռ չունեն, չնայած սովորաբար ամեն տարի երեկոյան դրսում միջոցառում է կազմակերպվում. «Նախկինում ավանդույթ կար,դպրոցներում սեղաններ էին գցում, խիստ արգելել եմ բոլոր տեսակ ֆուրշետները, դեպքեր են եղել, որ այնքան կոշտ եմ զգուշացրել, որ մարդիկ վիրավորվել են, ու հիմա նման բաները արմատախիլ են արվել դպրոցներից: Նորից եմ ուզում նշել, որ քննություններից հետո ավարտականը տալիս ենք, ծնողը գիտի՝ ինչպես վարվել: Այդ երեխաներն այլեւս դպրոցի աշակերտ չեն համարվում, Աշտարակի ձոր կգնան, թե Հարսնաքար ու Ծաղկաձոր, ծնողն ու աշակերտն են որոշում, ոչ մի դասղեկ չի մասնակցում, որեւէ տնօրեն՝ նույնպես»:

Տիկին Սողոմոնյանը նաեւ հավելեց, որ Aravot.am-ի զանգից անմիջապես հետո կկապվի Ավանի դպրոցների տնօրենների հետ՝ ճշտելու, թե լուրը որքանով է հավաստի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ազատ says:

    Տիկին Սողոմոնյանը տեղյա՞կ է գոնե, որ դպրոցներում 50 – 60 հազար կամ 70 և ավելի հազա րդրամ փող են հավաքում։ Այդ ինչպե՞ս է «դրամահավաքությունը խիստ արգելված բոլոր նպատակներով», ինչպես ասում է տկն Սողոմոնյանը, եթե հենց այս օրերին ընթանում է դրամահավաքությունը։ Ուրենմ կամ վարչությունը չի տիրապետում իրավիճակին, կամ տիրապետում է` կոծկելով իրավիճակը… ո՞վ գիտի` ինչու…..

  2. Հրանուշ Խառատյան says:

    Եթե այս տեղեկության մեջ ճշմարտության հատիկ կա, եթե “Հանցաքար” որակված “Հարսնաքարում” որևէ մեկի կողմից չափահասության նվիրագործման ծեսի վերածված դպրոցի ավարտական խնջույքը անցկացնելու ծրագիր կա, ապա դա նշանագրության լեզվով կարելի է որակել չափահասների կարգավիճակում հաստատելու անցումային կարևոր շրջանում բարոյազրկման ծրագրավորում: “Հարսնաքարում” տեղի ունեցած անմարդկային, դաժան հանցագործությունը դեռևս իրավական լուծում չի ստացել: Հանրության կողմից “Հարսնաքարում” տեղի ունեցած ձևով և բովանդակությամբ անբարոյական, սադիստական հանցանքի քննության շուրջ ձևավորված անվստահության մթնոլորտը ոչ միայյն չի նոսրանում, այլև ամրագրվում է: Անչափահասությունից չափահասության անցման ծեսի իրականացման համար ընտրվող տարածքն ինքը ենթադրում է այդ տարածքի անբասիր, տվյալ հանրության, խմբի կողմից նվիրական համարվող սրբազան անցյալ, կամ` սրբազնացման միտում: “Հարսնաքարի” ընկալումը հանրության կողմից, ընդհակառակն, ընդհանրանում է հանցանքի և անառակության գաղափարների հետ: Այսպիսի տարածքում նվիրագործման ծեսի կարևոր տարրերից մեկի իրականացումը առնվազն նշանակում է, որ անցումային ծեսի մեջ մտցվում է հանցանքի և անառակության տարր, կամ, այլ կերպ ասած` չափահասությանը վերագրվող արժեքների մեջ հանցանքն ու անառակությունը ներդրվում են որպես հանրային արժեքներ: Ինձ այնպես է թվում, որ եթե նույնիսկ մեր հասարակության որոշ առկա չափահասներ այդ արժեքները խնկարկում են, ապա դպրոցն ավարտող երիտասարդները չեն հանդուրժի կամ չպետք է հանդուրժեն իրենց չափահաս ապագային միտված արժեքները այդ տարրերով “հարստացնելու” փորձերը: Նրանք պետք է իմանան, որ “ամոթի” և “անամոթի” սահմանները տարտամ չեն, դրանք հասկանալի և պարզ են: Մեր հասարակության մեջ ամոթալիի և անամոթության մեկնաբանությունների որոշ տարընթերցումները պայմանավորված են մեր հասրակությունում առկա բևեռացումներով, անցողիկ և ժամանակավոր են: պետք է հուսալ, որ այս նախաձեռնության հեղինակները կհասկանան իրենց նախաձեռնության անամոթությունը, իսկ չափահասություն մտնող երիտասարդները չեն թույլ տա իրենց ներքաշել չափահասների շահախնդրություններով պայմանավորված մեղմ ասած ոչ առաքինի հարթություն: Սա հանրային արժեքների ներդրման գործում քննության նման մի բան է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031