Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ հասարակական կազմակերպության նախագահն ասում է՝ դիակը տեսել է, վախեցել ու դրա համար էլ՝ թաքցրել

Մայիս 02,2013 12:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյան) շարունակվում է հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պաշտպանության նախարարությանը կից գործող «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաև վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է Երեւանում շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել:

Վկաները, որոնց մեջ կային նաեւ լրագրողներ, այդ մասին պնդեցին դատական նիստերի ժամանակ տված իրենց ցուցմունքնեերով:

Վաղարշակ Աբաջյանը, ըստ գործի նյութերի 2011թ. ամռանը Ազգանուշ Սրապյանից ստացել էր 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10 000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:

Վաղարշակ Աբաջյանը օրեր առաջ տվեց ցուցմունք: Նա հայտնեց դատարանում, որ հանգուցյալ Ալվարդ Աբրահամյանի ամուսնու՝ հանգուցյալ Յուրիկ Սրաբյանի հետ վիճել են, հայհոյանքներ են տվել իրար: Յուրիկը ըստ Վ.Աբաջյանի, հարձակվել է իր վրա, բռնել վզից, Վաղոն էլ զայրացել, ձեռքերը գցել է առաջ ու աչքերի դեմը սևացել է, էլ բան չի հիշում…

Մի քանի օր հետո տեսել են Յուրիկը չկա: Որդու՝ Հակոբի հետ գնացել են դեպքի վայր. «Դիակը գտել են, վախեցել է, դիակը թաքցրել»:

Ի դեպ, այս գործով ՊՆ հասարակական կազմակերպության նախագահը մեղադրվում էր նաեւ խմբագրի սպանության համար էլ:

Վաղարշակ Աբաջյանը կտրականապես ժխտում է Ալվարդին սպանելու հանգամանքը, ասում էր , որ իր խնդրանքով Ալվարդին իջեցրել են Ջրվեժի ամառանոցների մոտ՝ «Զոնտիկների մոտ» ու գնացել, թե հետո ինչ եղավ, չգիտեն:

Վ.Աբաջյանը ասում է, որ ոչ մի գումար էլ Ալվարդն իրեն չի տվել, Արմինեի և մնացածի գումարներից էլ տեղյակ չի:

Հակոբ Աբաջյանը դեռ ցուցմունք չի տվել եւ հաջորդ դատական նիստին սպասվում է նրա ցուցմունքը եւս:

Հիշեցնենք, որ Աբաջյանի որդուն էլ Հակոբին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր հետ Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ, որից հետո օգոստոսի 31-ին ժամը 15-ի սահմաններում, խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի «11 ՍՕ 138» համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Ըստ գործի նյութերի, նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրաբյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031