Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր ավելի թո՞ւյլ է, քան 5 տարի առաջ

Մայիս 02,2013 12:48

«Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենևին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, և որ օր օրի նա ավելի է թուլանալու»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից` հետաքրքրվեց` Ս. Սարգսյանի` դիրքերի ամրապնդելու կամ թուլացնելու հարցում իրենք ի՞նչ միտումներ են տեսնում:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ի պատասխան հարցին փոխանցեց հետևյալը. «Նկատի ունենալով այն ընտրական մեխանիզմներն ու գործոնները, որոնք դերակատարություն են ունենում ընտրությունների ժամանակ եւ ապահովում իշխող քաղաքական ուժի, տվյալ դեպքում երկրի ղեկավարի ընտրությունը, ապա այս մեկնակետից դատելու պարագայում պիտի արձանագրենք, որ ՀՀ նախագահն ավելի ուժեղ դուրս չի եկել վերջին ընտրություններից հետո: Նա օրեցօր թուլացող նախագահ է լինելու: Հիմնավորումը պարզ է. նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, և նրա դիրքերը յուրաքանչյուր օր ավելի են թուլանում, մանավանդ որ որևէ արմատական փոփոխություն անելու մտադրություն առայժմ չի երևում: Ընդհակառակը, լուրջ հիմքեր ունեք պնդելու, որ ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների և ընդդիմության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ որևէ լուրջ հետևություն ըստ էության չի արվել»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ Ս. Սարգսյանին ամենաշատը թուլացրել է «չընտրված լինելն ու համակարգի շահերը պաշտպանելը». «Հաշվի առնելով այն կեղծիքները, որ տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ և այն, որ Սերժ Սարգսյանը դե ֆակտո նախագահ է, բնականաբար ինքն ըստ էության թույլ նախագահ է, քանի որ լեգիտիմություն չունի»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համամիտ չէ վերոհիշյալ պնդմանը: Նա մեկնաբանեց. «Նման հայտարարությունները հիմքում զուտ քաղաքական շահարկումներ են պարունակում: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է համոզել իր կողմնակիցներին, թե իշխանության դիրքերը թուլացել են: Այնինչ համեմատած նախորդ ընտրությունների հետ` այս տարվա ընտրությունները հանգիստ ու վերահսկելի էին, բացի այդ գրանցվեց միջազգային հանրության դրական արձագանքը: Այս ամենը ամրապնդել են Ս. Սարգսյանի դիրքերը նախագահի պաշտոնում, նա այս ընտրություններից հետո հնարավորություն կունենա ավելի ազատ և ինքնուրույն որոշել հեռանկարները: Ուստի նախագահի դիրքերը 2008-ի ճգնաժամային իրավիճակի հաղթահարումից հետո մինչ օրս ամրապնդման հետագծով են գնում: Ավելի քան համոզված եմ, որ այդ սոցիալական ընդդիմությունը հենց Ս. Սարգսյանի նախագահության պտուղն է, որը քաղաքական համակարգի ազատականացման հետևանք է և բխում է իշխանության շահերից, ինչի արդյունքում ստեղծվում են հակակշիռներ»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ «Լևոն Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարությամբ մոլորության մեջ է և դա խոսում է այն մասին, որ մեր ընդդիմախոսները շարունակում են ոչ համարժեք գնահատել քաղաքական գործընթացները: Իրականում հակառակում պիտի համոզված լինել, որ երկրորդ ժամկետը շատ ավելի լայն հնարավորություն է տալու ավելի էական և կարևորագույն խնդիրների լուծման համար: Իսկ խնդիրները տնտեսական դաշտում գտնվող խնդիրներն են, և դրանք մեր պետության ընդհանուր հիմնախնդիրների անբաժանելի մասն են կազմում, որոնք իշխանության ուշադրության կենտրոնում են, և յուրաքանչյուր ծրագիր ուղղված է լինելու քաղաքացու սոցիալական խնդիրների լուծմանը: Իսկ հասարակական շրջանակներն անհարկի քաղաքացնելը միայն կապում եմ ավագանու ընտրություների հետ, ինչը շուտով կանցնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031