Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Արձագանքել ենք լրատվամիջոցներում, անգամ ֆեյսբուքյան գրառումներում նշված խախտումներին»

Մայիս 02,2013 12:37

Հատված ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հարցազրույցից:

 -«Բարեւ, Երեւանի» հիմնական դժգոհություններից մեկը վերաբերում է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» կողմից իրականացվող անօրինական քարոզչության՝ «սխալ» տեղերում փակցված քարոզչական պաստառներին։ Դիմումում նշված փաստերը հաստատվե՞լ են։
-Որպես այդ խախտումներն հիմնավորող ապացույցներ, դիմումում ներկայացված են լուսանկարներ, վկայակոչվում են տարբեր լրատվական կայքերից քաղված տեղեկություններ, տեսանյութեր եւ դրանց վերլուծությունը, որ շատ հաճախ որեւէ կապ չունի տեսանյութում եղած փաստական տվյալների հետ։ Այսինքն՝ լրագրողի դատողությունները եւ եզրահանգումները ներկայացվում են որպես ապացույց, որ տեղի է ունեցել խախտում։
Իոաննիսյանի վերջին երկու դիմումները, եթե ընդհանրացնելու լինենք, վերաբերում են 22 փաստի, որոնցից 5-ի պարագայում որեւէ ապացույց ընդհանրապես չի բերվում։ 10-ի դեպքում խոսքը բացառապես չթույլատրված վայրերում պաստառներ փակցնելու մասին է։
Եթե հիշում եք, նախկինում այդ հարցը կանոնակարգված չէր օրենքով՝ ով որտեղ կարող էր, փակցնում էր իր քարոզչական պաստառը՝ խանութների ցուցափեղկերի, պատերի, սյուների վրա։ Այսօր դա այլեւս անցյալում է։
Իհարկե, միշտ կարող են լինել մարդիկ, որոնց լիարժեք չեն տիրապետում օրենքներին կամ անձնական նախաձեռնություն են ցուցաբերում, եւ այդ պաստառները հայտնվում են չնախատեսված վայրերում։ Սա նկատի ունենալով՝ այս քարոզարշավի ընթացքում ԿԸՀ-ը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ 3 շրջայց է կատարել, անկախ նրանից՝ դիմումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Չթույլատրված վայրերում փակցված պաստառներ հայտնաբերելու դեպքում խախտումներն անմիջապես վերացվել են, թույլատրելի վայրերում ոչ պատշաճ ձեւով փակցված պաստառները բերվել են պատշաճ տեսքի, որպեսզի ապահովվի բոլորի՝ այդ վայրերից հավասարաչափ օգտվելու հնարավորությունը։ Օպերատիվ արձագանքել ենք լրատվամիջոցներում, անգամ ֆեյսբուքյան գրառումներում նշված խախտումներին, եթե այդպիսիք եղել են։ Բայց խոսել համատարած, հրահանգավորված, ծրագրված խախտումների մասին եւ ներկայացնել դա որպես լրջագույն խախտում, մեղմ ասած, անհասկանալի է։
Ի դեպ, մեր ուսումնասիրություններով նման խախտումներ հայտնաբերվել են նաեւ նույն «Բարեւ, Երեւան» դաշինքի պաստառների պարագայում։ Բոլոր դեպքերում, դրանք եզակի դեպքեր են, որոնք ժամերի ընթացքում վերացվել են։
Ավելորդ չէ նկատել, որ պարոն Իոաննիսյանը, չնայած առաջին դիմումում տասնյակից ավելի խախտումներ էր մատնանշել, բայց, բողոքարկելով ԿԸՀ որոշումը վարչական դատարանում, վիճարկել էր ընդամենը մեկ փաստական հանգամանք՝ ապրիլի 7-ին Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ կանանց եւ աղջիկներին քաղաքապետ (ոչ թե թեկնածու) Տարոն Մարգարյանի անունից բացիկներ եւ ծաղիկներ բաժանելու դեպքի հետ կապված։ Բողոքը քննարկվել էր եւ դատարանի կողմից անհիմն ճանաչվել։
Ինչ վերաբերում է վերջին երկու դիմումներում նշված մյուս փաստական հանգամանքներին, ԿԸՀ որոշումը (որտեղ հանգամանորեն ներկայացված է, թե ինչու դրանք չեն կարող համարվել խախտումներ), ըստ էության, դիմումատուի մեջ հարցեր առաջացրեց միայն երկուսի հետ կապված։ Սրանից կարելի է եզրակացնել, որ դիմումատուն կամ համակարծիք էր ԿԸՀ հետ, կամ համարում է, որ խախտում տեղի չի ունեցել։ Հակառակ դեպքում որոշումը պետք է բողոքարկեր ամբողջ ծավալով։
-Եվ այդքանից հետո դեռ պահանջում է Հանրապետականի գրանցումն ուժը կորցրա՞ծ ճանաչել։
-ԿԸՀ երեկվա նիստում պարոն Իոաննիսյանին բացատրվեցին օրենքի պահանջները, մասնավորապես պարզաբանվեց, թե ով իրավունք ունի նման պահանջով դատարան դիմելու։ Համոզվելով, որ ինքը, որպես թեկնածու, չունի նման իրավունք, դիմումատուն հենց նիստի ժամանակ հրաժարվեց այդ պահանջից։
Դիմումում նշված փաստերից մեկը, որը ներկայացվում էր որպես ընտրակաշառքի խոստում, կայքերից մեկում տեղադրված նյութ էր, որտեղ քաղաքացին զանգահարում է ՀՀԿ-ի, հետո՝ ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» գրասենյակներ, եւ, ինչպես կայքն է մեկնաբանում, շտաբի անդամները նրան ընտրակաշառք են առաջարկում։
Մինչդեռ տեսանյութում չկա որոշակի խոստում կամ կաշառքի տրամադրման փաստ, առավել եւս պարզ չէ՝ ում կողմից է կատարվել ձայնագրությունը, ովքեր են նրա զրուցակիցները եւ այլն։ Դիմումատուն ինքը քննարկման ընթացքում չներկայացրեց որեւէ կողմնորոշիչ փաստ, որ կարող էր հիմք ծառայել ավելի ծավալուն վարույթ իրականացնելու համար։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031