Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերի քարոզարշավի առանցքը երեսպաշտությունն է

Մայիս 02,2013 12:18

Դեռեւս նախագահական ընտրությունների ժամանակ տեսանելի էր, որ ընդդիմադիր ուժերի քարոզարշավի առանցքը երեսպաշտությունն է: Հիմա էլ նույնն է, ու դրանից ծնվում են իրականության հետ որեւէ կապ չունեցող խոստումներ` մետրոյի նորանոր կայարաններից մինչեւ Երեւանի ծայրամասերի զարգացում: Ընդ որում, ծայրամասերը ոչ միայն զարգանում են, այլեւ զարգացման վեկտորն ուղղվում է դեպի Կենտրոն:
ԲՀԿ թիմի համար մեկ Վարդան Օսկանյանը, օրինակ, վերոհիշյալի մեջ է տեսնում քաղաքաշինության ապագան, բայց, չգիտես ինչու, կարծում է, որ քաղաքաշինական սպասման մեջ գտնվող Կենտրոնում աղբահանությունը պիտի կատարվի ամեն օր, իսկ արագընթաց զարգացման մեջ գտնվող ծայրամասերում` երկու օրը մեկ:
Ոչ տասնամյակների վաղեմության փտած խողովակաշարեր կան, ոչ փտած ջրատարներ, ոչ էլեկտրական զառամյալ ենթակայաններ, ոչ մարդուց զզվող վերելակներ: Կա միայն քաղաքային տնտեսությունից բացարձակ անտեղյակություն: Այսինքն՝ ասվում է այն, ինչ, ըստ թեկնածուի եւ նրանից առաջ ու հետո ելույթ ունեցողների, ուզում է լսել տվյալ բակի բնակչությունը, բայց ասվածի իրականացումը բնակչությունից վատ է պատկերացնում հենց խոստացողը:
Նույն երջանիկ անտեղյակության մեջ է նաեւ «բարլուսի» Երեւանը, որը չիմանալով, թե ինչը հատկապես պետք է զարգացնել, որոշել է զարգացնել ամեն ինչ միանգամից: Իշխող կուսակցության մենաշնորհը ջարդելուց հետո էլ դաշինքը այլ հարցերի շարքում ձեռնամուխ է լինելու նաեւ Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանի արտաշնչած վատ հոտերի վերացմանը:
ՀԱԿ-ի թեկնածուն էլ խրոխտ խոստացավ, որ Երեւանում իր քաղաքապետ լինելու դեպքում ոչ մի ծառ չի կտրվելու: Ընդամենը հիշեցնենք, որ Երեւանում ծառերի բնաջնջումն սկսվեց հենց այս թեկնածուի` քաղաքապետ աշխատելու տարիներին` 92-96 թվականներին: Այն տարիների յուրաքանչյուր վառարանի մոխիրների մեջ այդ «պահպանվող» ծառերի հիշողությունը կա: Իսկ տարածքների ու գույքի փոշիացման հիշողությունը կա այդ մղձավանջից դուրս պրծածների հիշողության մեջ:
Մի խոսքով, խոստումներ, խոստումներ, իսկ իրականում` երեսպաշտություն, պարզունակ խաբեություն:
Եթե մեր կամքով լիներ, քաղաքապետությունը կվստահեինք ընդդիմադիր որեւէ ուժի` օգտագործելով ընտրակեղծիքների` աշխարհում գոյություն ունեցող բոլոր մեխանիզմների ամբողջ զինանոցը: Բայց պայմանով` չստացվել չկա. ցմահ բանտարկություն: Տեսնես «քաղաքական» նույն կամքը կպահպանվե՞ր:
Ասենք` Տարոն Մարգարյանին խանդավառությամբ չենք ընդունում, ինչպես քարոզչական տեսահոլովակների տատիկները, բայց պիտի ասենք նաեւ, որ եղածների մեջ նա միակ թեկնածուն է, որի պաշտոնավարության ընթացքում գործ նկատվեց: Այսինքն՝ Երեւանում տեսանելի փոփոխություններ եղան: Ֆինանսական առումով ինչն ու ինչպեսը չգիտենք, թող պարզեն, բայց երեւանցիները տեսնում են, որ գործ արվում է:
Չէ՞ որ մյուսների նպատակներն էլ պարզ են` երեւանցիների անունից, երեւանցիների անունով, բայց հանուն սեփական կուսակցության: Գործող քաղաքապետը մեղադրվում է իշխող կուսակցության կամակատարը լինելու մեջ. ինչ հրահանգում են, այն էլ կատարում է: Բայցեւ չենք վստահում իրենց թեկնածուներին առաջադրած այն կուսակցությունների քաղաքական ազնվությանը, որոնք պնդում են, թե իրենց կուսակցական քաղաքապետը լինելու է կուսակցությունից անկախ եւ գործելու է բացառապես ի շահ երեւանցիների: Այստեղ «երեւանցիներ» բառը ընդամենը քող է:
Բայց ինչպես ամեն մի քող` թափանցիկ. հասկացող լինի: Մեկը պատկերացնո՞ւմ է, որ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, որն առայժմ անհայտ է, եւ պիտի նշանակվի Գ.Ծառուկյանի կողմից, անկախ քաղաքապետ է լինելու ու չի կատարելու կուսակցության առաջնորդի «դիրեկտիվները»:
Մեկը պատկերացնո՞ւմ է, որ ՀՅԴ-ի անդամ քաղաքապետը զերծ է լինելու Բյուրոյի ու ԳՄ-ի ազդեցությունից, եթե հանկարծ, Աստված մի արասցե, ասենք, աղբահանության հարցում երեւանցիների ու կուսակցության տեսակետները չհամընկնեն: Կամ ՀԱԿ-ի քաղաքապետը չի կատարելու ՀԱԿԿ-ի առաջնորդի հանձնարարականները:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031