Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ Դուք առաջարկել եք, որ ընդդիմադիր ուժերը հայտարարություն անեն, որ պատրաստ են հետընտրական դաշինք կազմել: Եթե ընդդիմադիր ուժերը չեն արձագանքում, դրանից ի՞նչ եք եզրակացնում, որ նրանք բա՞ց են թողնում իշխանության հետ բանակցելու, առեւտուր անելու դուռը: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ընդդիմության շահերից է բխում ակտիվացնել ընտրողին: Դրանից կարող են շահել ընդդիմության բոլոր թեւերն էլ: Որպեսզի դա տեղի ունենա, պետք է հայտարարվի, թե որն է այդ ջրբաժանը, որով կարելի է տարբերել՝ սա իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Եթե ժողովուրդն այդ գիծը հստակ չտեսնի, ոչ-ի հանրաքվեն տեղի չի ունենա: Դրա համար ասում ենք՝ շատ հստակ հայտարարություն պետք է արվի, որ չեն միանալու իշխանության հետ, այլ համագործակցելու ենք եւ մեր ձայները գումարելու ենք ընդդիմադիր դաշտում, որ եթե ստացվի քաղաքապետ փոխել, դա կատարենք ավագանու ներսում: Պետք է հստակ ասվի, որ մենք համագործակցելու ենք տեղամասերում, որպեսզի պահենք ժողովրդի ձայնը: Ժողովրդի պասիվությունը նաեւ նրանից է, որ իրենք չեն հավատում, որ իրենց ձայնը տեղ կհասնի: Դա ընտրողի գործը չէ, քաղաքական գործիչների գործն է պահել այդ մարդկանց ձայնը: Այսօր դրա հնարավորությունը կա: Եթե այսօր 4 քաղաքական ուժ համարվում են ոչ իշխանական, ուրեմն նրանք կարող են լրջորեն վերահսկել տեղամասում ձայները: Այսպես խաբխբելով չի լինի»:
Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն նման հայտարարություն արել են, իսկ «Ժառանգությունը» անորոշ պատասխան է տվել՝ ասելով, որ ամսի 5-ին կհանդիպեն, կասեն:
Հարցին՝ եթե արդար, ազատ ընտրություններ լինեն՝ Տարոն Մարգարյանը չի՞ հաղթի՝ Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ոչ: Մեր դիտարկմանը, որ մարդիկ Տարոն Մարգարյանին սիրում են՝ նա պատասխանեց. «Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց առհասարակ սիրում եմ, Տարոնին՝ մասնավորապես: Խնդիրը դա չի, սիրո հարցը չի: Խնդիրն այն է, թե մենք այս երկրում ինչ ենք ուզում անել: Ասում են՝ Նիկոլայը լավն է, պարկեշտ, բայց առանց Նատալիայի ոչ մի բան չի կարող անել: Կարգուկանոն դրած ներքին խաղի կանոններ են: Նախագահականից ինչ ասեն՝ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ