Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵՄԱ-ն լռում «Ժողովուրդ» օրաթերթի հայցի մերժման մասին

Մայիս 02,2013 12:07

Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուր» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դատական հայց էր ներկայացրել գործարար Խ. Խաչատրյանի դեմ՝ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորելու համար եւ գործարարից պահանջել հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն դատարանն օլիգարխի կողմից լրագրողի հասցեին հնչեցված արտահայտությունը՝ «պրաստիտուտկա», վիրավորանք չհամարեց եւ չբավարարեց օրաթերթի հայցը։

Այս խնդրի շուրջ զրուցեցինք Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

– Պարոն Նավասարդյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանի այս որոշմանը, եւ, առհասարակ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը՝ որպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ։

– Ես կիսում եմ իմ կողմից վստահություն վայելող իրավաբանների կարծիքն առ այն, որ գործող օրենսդրության շրջանակներում դատարանն այլ որոշում կայացնել չէր կարող։ Ակնհայտ է օրենքի բացը, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել։ Կոնկրետ Սոնա Գրիգորյանի նախադեպով իմաստ ունի դիմել Սահմանադրական դատարան, վերջինիս որոշումը կնպաստի նաեւ օրենսդրության բացը լրացնելուն։

– Մենք դա կանենք, կդիմենք ՍԴ, բայց Դուք՝ որպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ, այս ընթացքում ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեկաք, ոչ մի հայտարարություն չարեցիք եւ առհասարակ լրագրողի իրավունքները չպաշտպանեցիք։ Ինչպե՞ս կբացատրեք Ձեր դիրքորոշումը։

– Դատարանի որոշումը չարժե միանշանակ որպես լրագրողների պարտություն ընկալել, քանի որ այդ հայցով մատնացույց արվեց իրավական խնդիրը, վերջինս դարձավ հանրային քննարկման առարկա։ Մեր կողմից այս դեպքում կարեւորվում է նշված քննարկման տարածումը, խթանումը եւ տրամաբանական ավարտին հասցնելը։

Հայտարարություն անելը տվյալ պարագայում իմաստ չուներ, դատարանի որոշումը քննադատելու հիմքեր չկան, իսկ Խաչիկ Խաչատրյանի հասցեին ի՞նչ հայտարարես, որ մարդուն, կնոջը վիրավորելը լավ բա՞ն չէ։ Ինձ թվում է՝ փաստի տարածումը ինքնին Խաչատրյանի բարոյական կերպարի գնահատական է, իսկ մենք միջադեպի մասին տեղեկությունը լայնորեն տարածել ենք, այդ թվում՝ արտասահմանյան մեր ընթերցողների շրջանում։

Դուք նշում եք, որ օլիգարխի մասին ինչոր հայտարարություն անելու կարիք չկա։ Իսկ գուցե նաեւ Ձեր քննադատությունն օգներ նրան՝ հասկանալու, որ պետք է ներողություն խնդրել։

– Մեր օլիգարխներն իրոք հաստ կաշի ունեն, սակայն մաշեցնելու միտումներ կան, կարծում եմ… Տեսե՛ք՝ ինչպիսի իրարանցում ստեղծվեց Հակոբ Կարապետյանի եւ Անի Հովհաննիսյանի հետ միջադեպերի արդյունքում։ Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031