Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. ՀԱԿ-ի նկատմամբ ռեժիմի մեջ կա պաթոլոգիական վախ

Մայիս 02,2013 12:01

Հատված Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, մամուլի խոսնակ, մասնագիտությամբ արեւելագետ Արման Մուսինյանի հարցազրույցից:

Արման, ինչպե՞ս եք գնահատում Կոնգրեսի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում։

– Շանսերը գնահատում եմ շատ լավ, այն իմաստով, որ անցած 20-25 օրերին, իսկ ընդհանրապես նաեւ անցած տարիներին մեր հետեւողական աշխատանքը հասարակության հետ բերել է այն արդյունքի, որ այսօր այս ռեժիմի, այս երկիրը, քաղաքը կառավարող մարդկանց նկատմամբ կա արդարացի, հիմնավորված ատելություն։ Եվ մենք դիմել ենք ժողովրդին՝ խնդրանքով այդ վստահությունը, որը նա կորցրել է այս ռեժիմի նկատմամբ, տալ մեզ։ Մեր քարոզչությունը, դռնեդուռ շփումները ցույց են տալիս, որ հասարակությունում կա մի ստվար զանգված, որը վստահում է Հայ ազգային կոնգրեսին, նրա ղեկավար թիմին, նրա ունակություններին՝ վերցնել ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի կառավարումը, եւ ընդհանրապես, այս ռեժիմի դեմ պայքարի հարցում։

– Քարոզարշավի ընթացքում հանդիպեցիք խոչընդոտների, եղան նաեւ բռնության դեպքեր։ Ըստ Ձեզ, այդ դեպքերը կարելի՞ է դիտել որպես

հաստատում այն պնդման, որ իշխանությունները պատրաստ են գնալ ամեն ինչի՝ իրենց իշխանությունը պահելու համար։

– Բռնության բացատրությունը մեկն է՝ վախը։ Չկա ուրիշ բացատրություն։ Եթե որեւէ քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունը, իշխանական ներքին օղակների քրեական տարրերը դիմում են սադրանքների, բռնությունների, դա ունի մեկ պատճառ՝ նրանք վախենում են, վախենում են, քանի որ հասկանում են, որ այդ ուժը համակրանք ունի հասարակության շրջանում։ Պատկերացրեք մի ուժ, որը որեւէ համակրանք չունենար հասարակության շրջանում։ Ինչո՞ւ պետք է նրա նկատմամբ որեւէ բռնություն, սադրանք, ծեծ ու ջարդ հրահրվեր։ Իմաստ չէր լինի։ Քարոզարշավի ակտիվացմանը զուգահեռ ակտիվացան նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները։ Տեղի ունեցան նաեւ դեպքեր լրագրողների նկատմամբ։ Սա մի բան է վկայում՝ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ ռեժիմի մեջ կա պաթոլոգիական վախ։

Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրակեղծիքների դեմ պայքարը։

– Ես ընտրակեղծիքները կբաժանեի 4 մասի։ Առաջինը՝ ցուցակային աճպարարություններն են, որոնք արվում են նախօրոք, պետական իշխանության օղակների ակնհայտ աջակցությամբ, եւ մենք դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք։ Մասնավորապես՝ Երեւան են բերվում, գրանցվում մարդիկ, որոնք նախագահական ընտրություններին մասնակցել են, բայց ընտրել են ոչ Երեւանում, այսինքն, հաշվառված են եղել այլ վայրում։ Երկրորդը՝ բազմակի քվեարկություններ, կեղծ անձնագրեր, թանաքի հետ կապված մեքենայություններ, ընտրակաշառքներ, մարդկանց

ստիպելով, վախեցնելով ընտրատեղամասեր բերելը։

Երրորդը՝ բուն ընտրության օրը ընտրատեղամասերում կեղծիքները եւ չորրորդը՝ արդեն հաշվարկի ժամանակ տեղի ունեցող կեղծիքները։

Հիմա՝ բարդ է միայնակ պայքարել կեղծիքների դեմ, եթե պետական մեքենայի աջակցությամբ ՀՀԿ-ն կեղծիքների այս ամբողջ շարանը գործի է դնում։ Իսկ որ արդեն գործի է դրել եւ մյուս մասն էլ գործի է դնելու՝ ես կասկած չունեմ: Քանի որ ի տարբերություն նախորդ ընտրությունների այս անգամ իշխանությունների, ռեժիմի դեմ պայքարում են մի քանի ոչ իշխանական ուժեր, ապա նրանց ջանքերի համադրումը կարող է արդյունք տալ։ Իհարկե դա չի կարող 100 տոկոսանոց արդյունք տալ, բայց հնարավոր է ՀՀԿ-ի կեղծիքների ողնաշարը ինչ-որ կերպ կոտրել։ Հուսով եմ, որ քաղաքական ուժերը կմիաբանվեն այդ խնդրի շուրջ եւ գոնե կմինիմալիզացնեն կեղծումների քանակը, որովհետեւ Հանրապետականը հասկանում է, որ կեղծիքը միակ ճանապարհն է քաղաքապետարանը իր ձեռքամ պահելու համար։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031