Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստոնի ահաբեկչության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս

Մայիս 02,2013 11:56

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պնդում են, որ դեռ անցած տարի էին զգուշացրել ամերիկյան հատուկ ծառայություններին ծրագրվող հարձակման մասին:

Արդյոք հնարավո՞ր էր կանխել բոստոնյան ահաբեկչությունը: Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նախօրեին իրականացված ձերբակալությունների ֆոնին` բրիտանական Daily Mail պարբերականը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ անցած տարի էին զգուշացրել ամերիկյան հատուկ ծառայություններին, որ Թամերլան Ցարնաեւը` երեք պակիստանցիների հետ միասին, պատրաստվում է ահաբեկչական հարձակում կազմակերպել, ինչպես փաստաթղթում է նշված` «ՄիացյալՆահանգների խոշորագույն քաղաքներից մեկում»:

Այդ մասին բրիտանական պարբերականին հայտնել է ամերիկացիներին ուղղված նամակի հեղինակներից մեկը` Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը:

Այսպիսով, Սաուդյան Արաբիան դարձավ երկրորդ պետությունը, որը պնդում է, թե նախապես զգուշացրել է ամերիկյան կողմին ծրագրվող ահաբեկչության մասին: Առաջինն այս մասին բոստոնյան պայթյուններից երկու օր անց հայտարարեցին Ռուսաստանի իշխանությունները` տեղեկացնելով, որ Թամերլան Ցարնաեւի կասկածելի կապերի մասին իրենք ամերիկացիներին տեղեկացրել էին դեռ 2011 թվականին: Ինչ վերաբերում է սաուդյան նախազգուշացմանը, ապա այն, ըստ Daily Mail-ի, Վաշինգտոն է ուղարկվել թագավորության ներքին գործերի նախարարության կողմից` հիմնվելով Եմենում ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա:

Բրիտանացի լրագրողները նշում են, որ սաուդյան ուղերձի հասցեատերը ամերիկյան Ներքին անվտանգության ծառայության ղեկավարությունն էր, չի բացառվում անգամ, որ նամակն ուղարկվել է անձամբ այդ գերատեսչության ղեկավար Ջանեթ Նապոլիտանոյին: «Նամակում, սակայն, չի հիշատակվել ոչ Բոստոնը, ոչ էլ հարձակման հնարավոր ժամկետը», – նշել է թերթի  աղբյուրը` հավելելով, որ հենց հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունների պատճառով է, որ 2011 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Թամերլան Ցարնաեւին մուտքի վիզա տրամադրել` Մեքքա ուխտագնացություն կատարելու համար:

Բրիտանական պարբերականը նաեւ հետաքրքրվել է Էր-Ռիադից ստացված զգուշացումների ամերիկյան արձագանքներով` Վաշինգտոնից բավական իրարամերժ տեղեկություններ ստանալով: Այսպես, Ներքին անվտանգության ծառայության պաշտոնյաներից մեկը թերթին փոխանցել է, որ Սաուդյան Արաբիայից որեւէ նախազգուշացում ամերիկացի իրավապահները չեն ստացել: Նույնն են պնդում Սպիտակ տան ներկայացուցիչները: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթիլին Հայդենը Daily Mail-ին փոխանցել է, որ անվտանգության խնդիրներով զբաղվող ամերիկյան որեւէ գերատեսչությունում տեղեկություն չունեն սաուդյան կողմի նախազգուշացումների մասին: Երեքշաբթի երեկոյան, սակայն, Ներքին անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը թերթին խոստովանել է, որ իրականում Սաուդյան Արաբիայից ստացված նախազգուշացումը գոյություն ունի:

Բոստոնյան հարձակումները, ի դեպ, աստիճանաբար ամերիկյան ներքաղաքական օրակարգի թեմա են դառնում: Օբամայի վարչակազմից ստացվող իրարամերժ բացատրությունների ֆոնին նրա քաղաքական հակառակորդները որոշել են Կոնգրեսում լսումներ կազմակերպել` պարզելու համար, թե որքանով էին արդարացված ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունները:

Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք ՄըքՔոլը երեկ երեկոյան հայտարարեց, որ Կապիտոլիումում լսումներ կկազմակերպվեն, որոնց հրավիրվելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Բոստոնի ոստիկանապետն ու Ներքին անվտանգության ծառայության փոխտնօրենը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031