Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ի՞նչ անեմ, ինչքան որ իմ հնարավորությունները ներում են, ես պայքարում եմ»

Մայիս 02,2013 11:45
Artur Bagdasaryan

Հատված «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից:

Արժե՞ր հեղինակազրկվել հանուն ՀՀԿից ստացած մի քանի նախարարական պորտֆելների։ Ի վերջո, կոալիցիայում լինելու պատճառով ՕԵԿի վարկանիշն այսօր շատ ցածր է։

– Ուրեմն ՕԵԿ-ն ունի իր ձեռագիրը, եւ ամեն մի կուսակցություն ունի իր ձեռագիրը, մենք ունենք մեր մոտեցումը, մեր սկզբունքները, որոնք շատ հարցերում կարող են համընկնել Հանրապետական կուսակցության՝ որպես կոալիցիոն գործընկերոջ մոտեցումների հետ, շատ դեպքերում էլ՝ տարբերվել։ Յուրաքանչյուրն առանձին կուսակցություն է։ ՕԵԿ-ը մինչ այդ էլ պորտֆելներ ունեցել է, մի՛ մոռացեք, որ ՕԵԿ-ը 2003–2006թթ. ավելի շատ պորտֆելներ է ունեցել՝ նախարարներ, մարզպետեր, ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ։ Հետո դուրս եմ եկել իշխանությունից, ՕԵԿ-ի գործարար պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել, մարդիկ դուրս են եկել կուսակցությունից, սա փաստ է։ Հետո մենք մասնակցեցինք ընտրություններին, ու ես գրավեցի 3-րդ տեղը, ինչից հետո էլ կազմեցինք քաղաքական կոալիցիա։ Այսքանը։

Դուք ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն եք, իսկ այսօր Հայաստանում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան՝ օր օրի աճում են արտագաղթի ծավալները, տնտեսությունը փլուզվում է։ Դուք ի պաշտոնե պարտավոր եք միջոցներ ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, սակայն լռում եք եւ որեւէ ծրագիր չեք առաջարկում։ Ինչո՞ւ։

– Ի՞նչ անեմ, ինչքան որ իմ հնարավորությունները ներում են, ես պայքարում եմ, բարձրաձայնում եմ։ Իշխանության մեջ մեր դերակատարությունն այդքան մեծ չէ, որ մենք ինչ ուզենանք, կարողանանք անել։ Մենք ունենք, ասենք, անվտանգության խորհուրդ… Ես անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, Դուք գիտեի՞ք անվտանգության խորհրդի մասին երեք տարի առաջ։

Այսինքն՝ ուզում եք ասել, որ Ձեր շնորհիվ

– Այո՛, իհարկե, միանշանակ։ Այո՛, նաեւ իմ շնորհիվ է կայացել անվտանգության խորհուրդը, նաեւ Արմեն Երիցյանի շնորհիվ կայացել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, բոլոր այն մարդկանց շնորհիվ, որոնք այդ համակարգերում ներգրավված են։ Բայց շատ բան կախված է աշխատանքը կազմակերպողից։

Նշեցիք, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, ըստ Ձեզ՝ արտագաղթի մասին միայն բարձրաձայնելը բավակա՞ն է այն կանխելու համար։

– Ես բարձրաձայնում եմ, եւ ավելին, ինչքան որ մենք կարող ենք, մեր լիազորությունների շրջանակներում… մենք այսօր երկրի տնտեսական քաղաքականության մեջ մեծ դերակատարություն չունենք։ Դուք շատ լավ գիտեք՝ կա կառավարություն, կա վարչապետ, կա Հանրապետական կուսակցություն, 90 տոկոս վարչական իշխանությունը կենտրոնացված է նրանց ձեռքում։ Մենք մեզ վստահված ոլորտներում ինչքան որ կարողանում ենք, փորձում ենք անել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031