ՀԱԿ դաշինքի անդամ 5 կուսակցությունները երեկ քննարկել են առաջիկա ավագանու ընտրություններին «Բարեւ, Երեւան» դաշինքին սատարելու-չսատարելու հարցը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի խոսքերով, իրենք այդպես էլ այդ հարցի վերաբերյալ որոշում չեն ընդունել, որովհետեւ կուսակցություններից մեկը դեմ է եղել սատարելուն:
Նա չցանկացավ նշել, թե որ կուսակցությունն է դեմ եղել, ասաց. «Դա նշանակություն չունի: Չեմ ուզում խոսել դրա մասին, մեր գործընկերն է, հարգում եմ նրա կարծիքը: Այլ կարծիք ունեցողների նկատմամբ ոչ մի վերապահում չենք ունենում»:
Մեր հարցին, թե տվյալ կուսակցությունը «Բարեւ, Երեւան» դաշինքին չսատարելու համար ինչ պատճառաբանություն է բերել, պարոն Գիմիշյանն ասաց` փաստացի պատճառաբանություններ չեն բերվել. «Դա նրանց դիրքորոշումն էր»:
Կարդացեք նաև
Սատարել-չսատարելու հարցին ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունները գրավոր են պատասխանել, որովհետեւ . «Կուսակցությունների նախագահները քաղաքից դուրս էին, հարցման կարգով ենք արել: «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, որ հարցը բարձրացնողն էր, գրավոր մեզ պատասխանեց, քաղաքում չէր»:
Մեր հարցին կա՞ կուսակցություն դաշինքում, որը հակված է ՀԱԿ կուսակցությանը սատարելուն, ասաց. «Նման քաղաքական ուժ չկա, որ որոշել է պաշտպանի ՀՀՇ-ՀԱԿ կուսակցությանը»:
ՀԱԿ դաշինքին վերաբերող հարցերը կամ հետագա անելիքները երեկ չեն քննարկել: Պարոն Գիմիշյանի խոսքերով, «Որովհետեւ հիմա բանակցում ենք այլ քաղաքական ուժերի հետ վերամիավորվելու ու ընդլայնելու մեր կազմը, երբ վերջնական կձեւավորվի այդ կազմը, այդ ժամանակ միասին կանդրադառնանք այդ հարցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ